Մատչելիության հղումներ

Փաշինյանն առաջարկում է սահմանին տեղակայել միջազգային դիտորդներ 


Անվտանգության խորհրդի նիստ, 27-ը մայիսի, 2021թ.

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկում է երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։ Փաշինյանն առաջարկում է այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։ Այս հայտարարությունը կառավարության ղեկավարն արեց Գեղարքունիքի մարզի սահմանային Կութ գյուղից այսօր վերադառանալուց հետո՝ Անվտանգության խորհրդի նիստում։

«Մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինված ստորաբաժանումները, այսինքն՝ Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից: Այսինքն, սահմանի վերաբերյալ կա պատկերացում՝ 5 կիլոմետր այս կողմ, թե 10 կիլոմետրի վերաբերյալ, պատկերացում չկա, որոշակի կիլոմետրերի տարբերություն կա՝ մեկ, երկու, երեք: Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից զինված ուժերի ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Դրա փոխարեն ենթադրվող սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող: Դիտորդների ներկայությունն այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որպեսզի կողմերը համոզված լինեն, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքեր չի մոտեցնում սահմանագծին: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, տվյալ դեպքում հենց այս հատվածում է սահմանային լարվածություն առաջացել: Որից հետո արդեն կրկին միջազգային հովանու ներքո տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք: Տվյալ դեպքում կրկին իմ պատկերացումն այն է, որ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող դիտորդներ պետք է ներգրավված լինեն, ու այս գործընթացը պետք է տեղի ունենա Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության ներքո», - ասաց նա:

Ըստ Փաշինյանի` իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում անխուսափելիորեն կարող ենք ստանալ լայնածավալ բախում. «Այսօրվա միջադեպից հետո կա հավանականություն, որ մեր Զինված ուժերի ներկայացուցիչներն էլ կփորձեն գերի վերցնել, հետո նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ: Եվ իմ գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքն անխուսափելիորեն կարող է վերածվել բախման, լայնածավալ բախման»:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս վեց հայ զինծառայողներ գերեվարվել են ադրբեջանական զինուժի կողմից։

Կեսօրից հետո լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ հայտնեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նորանշանակ տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը. «Խումբն ուներ և իր աջակցման խումբը, և իր կառավարման խումբը, և իր խնդրի կատարման խումբը: Նշված պայմաններում եթե խումբը, ես չեմ ուզում ներկայացնել քանակությունը, բոլոր նշվածները չեն գերեվարվել, այսինքն` 6 ծառայող եթե գերեվարվել է, դա չի նշանակում, որ խումբը բաղկացած էր 6 հոգուց, խումբն ավելի մեծ էր, սակայն գործողությունների անմիջական շրջանում գտնվում էին տվյալ 4 զինծառայող, որոնք անմիջական խնդիր էին կատարում, իսկ երկուսը կառավարման խմբի մեջ մտնող: Իրենք մոտեցել էին արդեն բանակցություններ վարելու, այսինքն` պատկերացնում էին, որ կլուծվեր նույն ճանապարհով, բայց հակառակորդը գործել է այլ կերպ` դավադրաբար և մեր տարածքում հետադարձ սահմանից 800 մետր խորության շրջափակել և գերեվարել մեր 6 զինծառայողներին»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօրվա հայտարարության համաձայն` անցած գիշեր՝ ժամը 3-ի սահմաններում հայկական զինուժի հետախուզական-դիվերսիոն երկու խմբեր երկու ուղղություններով ներթափանցման փորձ են կատարել, ինչի հետևանքով գերեվարվել են հայ զինծառայողներ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը իրականությանը չհամապատասխանող է որակել Բաքվից հնչած այս հայտարարությունը՝ հավելելով, որ հայկական կողմը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

«Արդեն իսկ մեր նշված առաջին ժամկետը հատել է, մենք սկզբի ժամանակահատվածում տվել էինք մեկ ժամ, մեկ ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իսկ իրենց համահունչ գլխավոր վարչությունը իրենց անցկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձման հարցը: Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել: Եթե հակառակորդը մեր պայմանները, որոնք մենք ներկայացրել ենք մեր զինծառայողների վերադարձման պայմանով, չկատարվի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող», - ասաց ԳՇ պետի տեղակալը:

Ասրյանը հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ-մարտավարական իրավիճակաը գնահատեց հարաբերական լարված, ադրբեջանական ուժերը «փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները հակագործողություններ վարելով փորձում են Հայաստանի տարածք ներթափանացած հակառակորդի ուժերը վտարել մեր տարածքից». «Ներկա դրությամբ ամբողջ ճակատով հակառակորդի մեր տարածքում գտնվող զինծառայողների քանակը չի գերազանցում հազարը, եթե մենք հարցին լուծում սկսենք տալ ռազմական ուժի կիրառմամբ, ապա միանշանակ այդ հազար զինծառայողները մեր տարածքից դուրս գալ չեն կարող, մենք կոչնչացնենք բոլորին անխտիր կերպով, իսկ ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, որ քաղաքական ղեկավարությունը տվել է հրաման չկրակելու, այդպիսի բան չկա, քաղաքական ղեկավարությունը այդպիսի հրամաններ չի տալիս, կրակելու հրաման տալիս է ռազմական ղեկավարությունը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG