Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին. Փաշինյան 


Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդես են գալիս մամուլի համատեղ ասուլիսով, 17-ը հուլիսի, 2021թ., լուսանկարը` կառավարության լրատվական ծառայության

Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և Հայաստանի հետ սահմանին, այսօր Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հրավիրած համատեղ ասուլիսին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Շառլ Միշելը երեկ է երկօրյա այցով ժամանել Հայաստան՝ իր հարավկովկասյան այցը մեկնարկելով Երևանից և առավոտյան նախատեսվածից ավելի երկար բանակցություններ վարեց Հայաստանի կառավարության ղեկավարի հետ։ Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը առաջիկա հինգ տարիներին 2.6 միլիարդ եվրո աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին։

Փաշինյան-Միշել ասուլիսը, ըստ էության, երկու հիմնական թեմայի շուրջ էր՝ Եվրամիության աննախադեպ աջակցությունը Հայաստանին և հայ-ադրբեջանական հակամարտությունը։

Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց՝ ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով և միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

«Հայաստանը պատրաստ է բանակցությունների վերսկսմանը, սակայն Ադրբեջանը որևէ արձագանք չի տվել, և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաև սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային և դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նախորդ օրերին, ինչպես հայտնի է, սրվեց իրադրությունը Նախիջևանի՝ Երասխի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ին հաղորդեց, որ այդ օրը առավոտյան ադրբեջանական զինուժի հետ ծավալված փոխհրաձգության հետևանքով զոհվել է Հայաստանի զինուժի մեկ զինծառայող: Կորուստներ էր կրել նաև ադրբեջանական կողմը:

Նույն հատվածում ադրբեջանական ուժերի հետ փոխհրաձգությունը շարունակվեց երեկ:

Երասխի ուղղությամբ հայկական զինուժի տված զոհը երկրորդն էր 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանցիների կրակոցից մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքի մոտ զոհվել էր հայկական զինուժի զինծառայող։

Ի դեպ, Երասխի ուղղությամբ հայ զինծառայողի զոհվելու օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե «ոչ պաշտոնական տեղեկություններ են հասնում, որ Հայաստանը խաղաղ համաձայնագրի ստորագրմանը պատրաստ չէ»։

«Ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց չվերադարձնելու Ադրբեջանի գործելակերպը նրա կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման միակ դեպքը չէ:

Ինչպես գիտեք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում: Ադրբեջանն այս գործընթացին խոչընդոտում է ոչ միայն Հայաստանի սուվերեն տարածքն օկուպացնելու ակնհայտ սպառնալիքներով, այլև՝ ի հեճուկս իր պարտավորությունների, հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել Հայաստան-Վրաստան, Ադրբեջան-Ռուսաստան երկաթուղու գործարկման համար», - այսօրվա ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Շառլ Միշել. Պետք է հնարավոր լինի արծարծել կարգավիճակի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է գալիս համատեղ ասուլիսով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, Երևան, 17-ը հուլիսի, 2021թ.
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդես է գալիս համատեղ ասուլիսով Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, Երևան, 17-ը հուլիսի, 2021թ.

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը իր խոսքում մեծ տեղ տվեց նաև Շառլ Միշելը՝ նշելով, թե վաղը Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կփորձի հասկանալ, թե ինչ դրական դեր կարող է խաղալ Եվրամիությունը՝ սատարելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Միաժամանակ, Եվրոպական խորհրդի նախագահը ուշագրավ հայտարարություն արեց՝ պետք է հնարավոր լինի արծարծել կարգավիճակի հարցը։ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչն այսօր Երևանում, փաստորեն, հրապարակեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Բրյուսելի առաջարկը՝ բաղկացած չորս կետից. հետայսու չափավոր հռետորաբանություն կիրառել՝ լուծման հասնելով գերիների վերադարձի և ականապատման քարտեզների հարցում։ Երկրորդ՝ ձեռնամուխ լինել սահմանազատմանը՝ վիճարկվող տարածքներից հետ քաշելով երկու կողմերի զորամիավորումները։ Երրորդ՝ քննարկումներ սկսել տարածաշրջանային ուղիների վերաբացման շուրջ. «Եվ չորրորդ կետը՝ ավելի ընդհանուր, կարգավիճակի հարցը, խաղաղության բանակցությունը պետք է հնարավոր լինի նաև արծարծել»:

Շառլ Միշել. ԵՄ-ն ցանկանում է հավատարիմ գործընկեր լինել Հայաստանի անվտանգության համար

Շառլ Միշելը շնորհավորեց Հայաստանի ղեկավարին արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ, որը, ըստ Եվրամիության ներկայացուցչի, լեգիտիմություն է տալիս Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու համար. «Եվրամիությունը ցանկանում է շատ հավատարիմ, ներգրավված, ակտիվ գործընկեր լինել Հայաստանի բարօրության, կայունության և անվտանգության համար: Եվ ես մի շատ հզոր ուղերձ եմ Ձեզ հղում. մենք Ձեր կողքին ենք, և մենք հաստատում ենք ևս մեկ անգամ` աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը»:

Փաշինյանը մանրամասնեց, թե առաջիկա հինգ տարիներին ինչ ուղղություններով է ծախսվելու նշված 2.6 միլիարդ եվրոն կամ ավելի քան 3 միլիարդ դոլարը՝ կրթության ոլորտում ծրագրեր, աջակցություն փոքր ու միջին ձեռնարկություններին և դրանց արդիականացում, կանանց տնտեսական ակտիվության քաջալերում, 80 միլիոն եվրո է հատկացվելու Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդման համար՝ գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացումից, մինչև խմելու ջրի և զբոսաշրջության հետ կապված խնդիրների լուծում, բարեփոխումների առանձին փաթեթ է նախատեսված Երևանի համար՝ արհեստական բանականության միջոցով քաղաքի երթևեկության կառավարումից մինչև մետրոյի զարգացում։

«Հաջորղ ուղղությունը «Հյուսիս-հարավ»-ն է, որն էլի մեծ մասով կապվում է և՛ հարավային, և՛ հյուսիսային շրջանների հետ: Դուք գիտեք, որ մենք առաջիկայում կհայտարարենք Սիսիան-Ագարակ հատվածի մրցույթը, որտեղ թունելներ և կամուրջներ կան, ընդ որում, դա լինելու է աննախադեպ ծավալի շինարարություն: Եվ այստեղ Եվրամիությունը պատրաստակամ է շուրջ 600 մլն եվրոյի աջակցություն ցուցաբերել, և դա չափազանց կարևոր է:

Հաջորդ ուղղությունը գիտության, տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտին է վերաբերում», - մանրամասնեց նա:

Վաղը Բաքվում Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, Շառլ Միշելին հուլիսի 19-ին սպասում են Վրաստանում, ուր՝ Բաթումում Վրաստանի նախագահի, վարչապետի և Ուկրաինայի ու Մոլդովայի նախագահների հետ միասին մասնակցելու է միջազգային համաժողովի՝ եզրափակելով հարավկովկասյան այցը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG