Մատչելիության հղումներ

Փաշինյանը հակադարձում է Ալիևին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստի սկզբում արձագանքեց Ադրբեջանի նախագահի՝ նախօրեին հնչեցրած որոշ հայտարարությունների, դրանցում տեսնելով նաև սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, իսկ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների նպատակը եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալն է։

«Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք ՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար, և սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը կամ Արցախը իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման և սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք նաև վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես, Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և որ առավել կարևոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը», - նշեց Հայաստանի ղեկավարը։

Փաշինյանի մեկնաբանությունը «միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարությունները անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը»։

«Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը», - վստահեցրեց Հայաստանի կառավարության ղեկավարը։

«Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին»

Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, իրականությունը, մինչդեռ, ըստ Փաշինյանի, «ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոտք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում»:

«Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերում, սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում՝ մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղակայում, և միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ:

Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

«Նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»

«Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. - «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա: Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո»։ «Կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն», - հիշեցրեց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ համանանախագահների այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը ողջունել է այս հայտարարությունն ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին»։

«Ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը», - հայտարարեց Հայաստանի ղեկավարը։

«Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»

«Եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ո՞վ, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ, և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է:

Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ:

Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին Հվաքական անվտանգության պայմանագրի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա», - ասաց Փաշինյանը։

Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնը, ըստ Հայաստանի ղեկավարի, այն փաստն է, որ «ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին»: «Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։

Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ, և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ», - հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը։

XS
SM
MD
LG