Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացան Թուրքիայի նախագահի հետ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հանդիպումները


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, 14-ը հունիսի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպում են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, 14-ը հունիսի, 2021թ.

«Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև անլուծելի հարցեր չկան». - սա առաջինն էր, որ հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ Բրյուսելում կայացած բանակցություններից անմիջապես հետո։

Թուրք-ամերիկյան բանակցությունները մեկնարկեցին երեկ երեկոյան՝ շարունակվելով շուրջ մեկուկես ժամ, որից 50 րոպեն Բայդենի և Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումն էր։ Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններում վերջին տարիներին կուտակված հարցերի ողջ սպեկտրը՝ այդ թվում Թուրքիայի կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումը, մի քայլ, որի հետևանքով Անկարան հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների թիրախում։

«C-400-ների թեման մի այնպիսի հարց է, որ նման հանդիպման ընթացքում շրջանցվել չէր կարող։ Ես իմ հերթին խոսեցի նաև F-35 ռազմական ինքնաթիռների շուրջ ծագած խնդրի մասին։ Մենք խոսում էինք այն համատեղ ջանքերի մասին, որ կարող են ձեռնարկել մեր երկու երկրները, և այս առումով խոսակցությունը դեռ ավարտված չէ։ Ամեն դեպքում, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները այս խնդիրը քննարկելու են իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ, և հուսով եմ, որ նրանց կհաջողվի կոնկրետ արդյունքի հանգել», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Ջոզեֆ Բայդենի հետ առաջին դեմ առ դեմ բանակցությունները Էրդողանն արդյունավետ է բնութագրում։ Թուրքիայի նախագահը նույնիսկ նշում էր, որ զրույցի ընթացքում Բայդենին հրավիրել է Անկարա։ Ըստ թուրքական պետության ղեկավարի՝ Բայդենը խոստացել է քննության առնել այդ հրավերը։

Նախօրեին Էրդողանի անցկացրած ևս մեկ կարևորագույն հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ էր։ Երկու գործիչները 2020 թվականի երկրորդ կեսին կոշտ քննադատական գնահատականներ էին փոխանակում։ Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ, սակայն, Մակրոնն ու Էրդողանը գերադասել են չանդրադառնալ նախկինում հնչած հայտարարություններին և կենտրոնանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերի վրա, ինչպիսին են, օրինակ, Սիրիան և Լիբիան։

Էրդողանի խոսքով՝ ինքն ու Մակրոնը պայմանավորվել են շարունակել աշխատանքն այս երկու պետություններում տիրող իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Ֆրանսիայի նախագահի խոսքով էլ՝ ուրվագծվում են առաջին պայմանավորվածությունները։

«Մենք նախագահ Էրդողանի հետ քննարկեցինք Լիբիայում տիրող իրավիճակը։ Մենք մի շարք ընդհանուր նպատակներ ենք գտել, այդ թվում՝ հրադադարի ռեժիմի պահպանումը։ Բացի այդ, ամռան ամիսներին մենք կաշխատենք Լիբիայից օտարերկրյա մարտիկների և վարձկանների դուրսբերման ուղղությամբ։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր առաջընթաց է, և մենք պայմանավորվել ենք աշխատել այդ ուղղությամբ», - հայտարարում էր Մակրոնը։

XS
SM
MD
LG