Մատչելիության հղումներ

Էրդողանը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան, Ալիևի հետ նոր պայմանագիր է ստորագրելու Շուշիում


Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե հաջորդ շաբաթ` հունիսի 15-ին, այցելու է Ադրբեջան, որտեղ երկկողմ համագործակցության նոր պայմանագիր է ստորագրելու նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ընդ որում, էրդողանը շեշտել է, որ նոր փաստաթուղթը լինելու է ամենախոշորը մինչ օրս ստորագրվածների մեջ: Դրա համար կողմերը նաև հատուկ վայր են ընտրել` Շուշին, որը 44-օրյա պատերազմից հետո հանձնվեց Ադրբեջանին: «Ես կհանդիպեմ իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ, կգնանք Ֆիզուլի, հետո` Շուշի, որտեղ էլ պայմանագիր կկնքենք երկու երկրների միջև: Դա կլինի թուրք-ադրբեջանական համապարփակ համաձայնագիր», - այսօր` ուրբաթօրյա աղոթքից հետո հայտնել է Էրդողանը լրագրողներին:

Թե կոնկրետ ինչ դրույթների շուրջ է այդ փաստաթուղթը կամ ինչ է նախատեսվում համապարփակ համաձայնագրով, Թուրքիայի նախագահը չի հստակեցրել: Սակայն, հայտնի է, որ Բաքու մեկնելուց առաջ նա ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններ է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան երկրների` Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահների հետ:

Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, որը փաստացի ստորագրվեց խմբի միայն մեկ միջնորդի` Ռուսաստանի նախաձեռնությամբ, պաշտոնական Վաշինգտոնն ու Փարիզը ըստ էության դուրս են մնացել բանակցային գործընթացից և հիմա ակտիվ քայլեր են ձեռնարկում` եռանախագահությունը վերականգնելու համար:

Փորձագետները, միաժամանակ, փաստում են, որ Արևմուտքի փոխարեն տարածաշրջանում, մեծացել է Թուրքիայի դերը. բավական է միայն նշել, որ Ռուսաստանի նախագահը վերջին պատերազմի ընթացքում կարգավորման շուրջ ջանքերը ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ էր համակարգում: Բացի այդ, մոտ կես տարի է` հենց ռուս և թուրք զինվորականներն են համատեղ ուժերով վերահսկում հրադադարի պահպանման ռեժիմը Ղարաբաղում: Եվ այս ֆոնին, թերևս, պատահական չէ, որ թե՛ Միացյալ Նահանգների, թե՛ Ֆրանսիայի առաջնորդները էրդողանի հետ իրենց հանդիպման օրակարգում նաև ղարաբաղյան խնդիրն են ընդգրկել:

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը այդ մասին հայտարարեց օրեր առաջ` ներկայացնելով հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպման մանրամասները:

«Բանակցությունների օրակարգը բավական ծավալուն է՝ դրանում ընդգրկված են տարածաշրջանում այս պահին առկա խնդիրները, այդ թվում, բնականաբար, իրավիճակը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայում, Իրանն ու Լեռնային Ղարաբաղը: Նախագահ Բայդենը Էրդողանին շատ լավ է ճանաչում, այդ երկու մարդիկ նախկինում բավական երկար ժամանակ են անցկացրել փոխադարձ շփումներում, և ես կարծում եմ, որ երկուսն էլ անհամբերությամբ սպասում են հարաբերությունների բավական լայն սպեկտրը գործնական մթնոլորտում քննարկելու այս հնարավորությանը», - ասել էր նա։

Երեկ էլ Ֆրանսիայի նախագահն է հայտարարել, թե պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում առանձին հանդիպում ունենալ Թուրքիայի ղեկավարի հետ, և ի թիվս այլ հարցերի, քննարկել նաև ղարաբաղյան խնդիրը: «Չնայած առկա տարաձայնություններին` շատ կարևոր է շարունակել երկխոսությունը», - ասել է Էմանյուել Մակրոնը:

«Մենք խորը տարաձայնություններ ունենք և գիտենք դրանց մասին: Ժամանակ առ ժամանակ ունեցել ենք հակասություններ և ընդունել ենք այդ փաստը: Սակայն, անկախ այդ անհամաձայնություններից, մենք միշտ պետք է երկխոսենք: Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին», - նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում պաշտոնական Փարիզը, և ինքը` Էմանյուել Մակրոնը քանիցս քննադատել էին Թուրքիային` խոսքով և գործով Ադրբեջանին աջակցելու համար: Ֆրանսիայի առաջնորդը նաև առաջինն էր, որ ուղիղ հայտարարեց Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների մասին, մեղադրեց Անկարային` ԵԱՀԿ միջնորդական խմբի ջանքերը խոչընդոտելու համար: Ղարաբաղյան խնդիրը, սակայն, միայն մեկն է Արևմուտքի և Անկարայի միջև ներկայումս առկա տարաձայնությունների երկար ցանկում:

ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները հակասություններ ունեն նաև Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի ներգրավվածության, Միջերկրական ծովում Թուրքիայի նկրտումների և Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ ստանձնած պարտավորությունների հարցում: ՆԱՏՕ-ի անդամները, մասնավորապես, մի քանի տարի է` կոշտ քննադատում են Անկարային Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար, և պնդում, թե դրանով Թուրքիան ողջ դաշինքն է խոցելի դարձնում:

Ինքը` Էրդողանը, Բայդենի և Մակրոնի հետ կայանալիք այս հանդիպումներից առաջ հայտարարել է, թե մտադիր է բանակցություններում բարձրացնել Ադրբեջանի տարածքների ականապատման հարցը, և պահանջել, որպեսզի Արևմուտքը ճնշում գործադրի հայկական կողմի վրա` տեղադրված ականների քարտեզները Բաքվին փոխանցելու համար:

XS
SM
MD
LG