Մատչելիության հղումներ

Մակրոնը մտադիր է հաջորդ շաբաթ Էրդողանի հետ քննարկել նաև ղարաբաղյան խնդիրը


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Թուրքիայի առաջնորդի հետ հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպմանը ի թիվս այլ հարցերի նաև ղարաբաղյան խնդրը քննարկել: «Չնայած առկա տարաձայնություններին` շատ կարևոր է շարունակել երկխոսությունը», - երեկվա ասուլիսում հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը:

«Մենք խորը տարաձայնություններ ունենք և գիտենք դրանց մասին: Ժամանակ առ ժամանակ ունեցել ենք հակասություններ և ընդունել ենք այդ փաստը: Սակայն, անկախ այդ անհամաձայնություններից, մենք միշտ պետք է երկխոսենք: Ես կցանկանայի նախագահ Էրդողանի հետ խոսել ՆԱՏՕ-ի և անդամ պետությունների միջև վարքագծի կանոնների մասին։ Կցանկանայի խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին», - ասել է Մակրոնը:

Ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում պաշտոնական Փարիզը, և ինքը` Էմանյուել Մակոնը, քանիցս քննադատել էին Թուրքիային` խոսքով և գործով Ադրբեջանին աջակցելու համար: Ֆրանսիայի առաջնորդը նաև առաջինն էր, որ ուղիղ հայտարարեց Թուրքիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների մասին ու մեղադրեց Անկարային` ԵԱՀԿ միջնորդական խմբի ջանքերը խոչընդոտելու համար:

Ռեջեփ Էրդողանն ի պատասխան անցած աշնանը մի շարք վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Մակրոնի հասցեին, պնդել անգամ, թե նա հոգեբույժի կարիք ունի, ինչից հետո Փարիզը ի նշան բողոքի Անկարայից ետ էր կանչել իր դեսպանին ու երկու ամիս ժամանակ տվել Անկարային` իր վարքագիծը փոխելու համար:

Թե ինչ փոխվեց Թուրքիայի քաղաքականության մեջ այդ ընթացքում, պարզ չդարձավ, հայտնի է, սակայն, որ անցած մարտին երկու նախագահները որոշեցին հեռավար հանդիպել: Ըստ պաշտոնական Անկարայի, Ռեջեփ Էրդողանը ֆրանսիացի գործընկերոջն ասել էր, թե երկկողմ հարաբերությունները զարգացման լուրջ ներուժ ունեն, և Թուրքիան պատրաստ է դրան։ Փարիզն, իր հերթին, պնդել էր, թե հայտարարություններից բացի անհրաժեշտ են կոնկրետ քայլեր:

Ղարաբաղյան խնդիրը միայն մեկն է կողմերի միջև առկա տարաձայնությունների երկար ցանկում: ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից պետությունները խնդիրներ ունեն նաև Լիբիայում և Սիրիայում Թուրքիայի ներգրավվածության, Միջերկրականի հանդեպ Թուրքիայի նկրտումների և Հյուսիսատլանտյան դաշինքի հանդեպ ստանձնած պարտավորությունների հարցում:

ՆԱՏՕ-ի անդամները, մասնավորապես, մի քանի տարի է` կոշտ քննադատում են Անկարային Ռուսաստանից C-400 (S-400) զենիթահրթիռային համակարգեր գնելու համար և պնդում, թե դրանով Թուրքիան ողջ դաշինքն է խոցելի դարձնում:

XS
SM
MD
LG