Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ՝ C-400 ռուսական համակարգերի ձեռքբերման համար


Թուրքիա - Անկարային մերձակա ռազմական օդակայանում բեռնաթափում են S-400-ի բաղկացուցիչները փոխադրած օդանավը, հուլիս, 2019թ․

Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ՝ ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս մասին հայտարարեց երկուշաբթի ուշ երեկոյան՝ ընդգծելով, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։

Պատժամիջոցների կիրառման առթիվ Twitter-ում արած գրառման մեջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեն անցած գիշեր նշում էր․ - «Չնայած մեր նախազգուշացումներին` Թուրքիան Ռուսաստանից գնեց և փորձարկեց C-400 համակարգերը։ Մենք չենք կարող հանդուրժել որևէ մեծածավալ ձեռքբերում, որ կատարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից»։

Դրա հետ մեկտեղ, պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Անկարայի հետ։

Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների անխուսափելիության մասին հայտնի դարձավ անցած շաբաթ։ Reuters գործակալությանն այդ մասին տեղեկացրել էին ամերիկյան կառավարությանը մոտ կանգնած միանգամից չորս աղբյուրներ։

Ռուսական արտադրության C-400 համակարգերի ձեռքբերման դեմ պաշտոնական Վաշինգտոնը պայքարում էր տարիներ շարունակ։ Ամերիկյան իշխանություններն ու ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտավախություն ունեին, որ դաշինքի՝ մեծությամբ երկրորդ բանակի կողմից ռուսական արտադրության նորագույն հակահրթիռային համակարգերի կիրառումը կարող է արևմտյան ռազմական գաղտնիքների մի մասը հասանելի դարձնել Մոսկվայի համար։

«C-400 համակարգերի ձեռքբերումը վտանգում է թե՛ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները և թե՛ ամերիկացի զինվորականներին», - անցած գիշեր նշում էր Մայք Փոմփեոն։

Պաշտոնական Անկարան բավականին արագ արձագանքեց պատժամիջոցների կիրառման մասին տեղեկություններին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հատուկ այս առթիվ տարածած հայտարարության մեջ նշում էր, թե պատժամիջոցների սահմանումը «լուրջ սխալ է Վաշինգտոնի կողմից»։ Թուրքական դիվանագիտական գերատեսչության պնդմամբ՝ Անկարան անհրաժեշտության դեպքում կարող է հանդես գալ պատասխան պատժամիջոցների կիրառման նախաձեռնությամբ։

Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցների մասին երկուշաբթի երեկոյան խոսեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Անկարայում Միացյալ Նահանգներից միանգամայն այլ սպասելիքներ ունեին։

«ՆԱՏՕ-ում մեր դաշնակից ԱՄՆ-ից մեր ակնկալիքը ոչ թե պատժամիջոցներն են, այլ աջակցությունը՝ նախևառաջ տարածաշրջանն ապակայունացնող ահաբեկչական կառույցների դեմ պայքարում», - հայտարարել է Էրդողանը։

XS
SM
MD
LG