Մատչելիության հղումներ

«Մեկ էլ Էրիկիս ծնվելուց էի էսպես ուրախացել». գերությունից վերադարձածի հայր 


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Մեկ էլ Էրիկիս ծնվելու էի այ էսպես ուրախացել, Էրիկս վերադարձավ տուն», - ավելի քան 8 ամիս ձգված գերեվարությունից հետո Սարիբեկ Խաչատրյանը երեկ վերջապես գրկել է որդուն։ Որդին՝ Էրիկը, ադրբեջանական գերությունից վերադարձած 15 զինվորներից մեկն է: Նրանք այսօր բուժզննում են անցնում, ինչից հետո կարող են տուն տեղափոխվել։ 18-ամյա շարքային Էրիկն ու մյուս գերիները Հայաստան վերադարձան Միացյալ Նահանգների և Վրաստանի միջնորդական ջանքերի արդյունքում։

Որդուն հնարավոր է վիրահատեն, ասաց Սարիբեկ Խաչատրյանը՝ շեշտելով՝ Էրիկն իրեն արդեն լավ է զգում. «Լավ է, բայց տեսնենք էլի, պիտի հետազոտեն, տենանք` ոնց ա, ինչ ա, երևա օպերացիա անեն: Պուլյա կա էլի, ոտքի մեջ պուլյա կա», - ասում է հայրը:

Հադրութում մարտական գործողություններին մասնակցող 18-ամյա Էրիկը վերջին անգամ ընտանիքին զանգել էր հոկտեմբերի 12-ին։ Հետո համացանցում տարածված տեսանյութից էին Խաչատրյանները հասկացել, որ որդին ու ընկերները գերի են ընկել։ Այժմ, երբ ամեն ինչ անցյալում է, հայրն իր մաղթանքն է հղում բոլոր գերեվարվածների ընտանիքներին, որ իր պես զգան որդու վերադարձի երջանկությունը. «Ես ցանկանում եմ` մեր բոլոր գերիները վերադառնան իրենց ծնողներին»:

Գերիների վերադարձի մասին առաջինը հայտարարելով՝ Փաշինյանը երեկ ասել էր, թե օրեր առաջ խոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ։ Վերջինս փոխանցել էր, որ պետքարտուղարի հանձնարարությամբ ունի առաքելություն՝ այս օրերի ընթացքում ինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում։ Եվ եթե հայկական կողմը պատրաստ է, ապա ամերիկյան կողմը կներգրավվի այդ գործընթացում։ Փաշինյանը համաձայնել էր ամերիկյան կողմի առաջարկին՝ Ադրբեջանին փոխանցելով պատերազմից հետո նրանց անցած ականապատ տարածքների քարտեզներ։

Գերիների վերադարձից հետո պաշտոնական Երևանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, ԵՄ ղեկավարներին։ «Գործընթացը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին և Վրաստանի կառավարությանը», - Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակը։

Վրաստանի վարչապետի գրասենյակն էլ հաղորդել է, որ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել այս գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:

Հատուկ հայտարարություն է տարածել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը՝ ողջունելով 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը, ինչպես նաև Ադրբեջանին կարևոր տեղեկություններ փոխանցելու՝ Հայաստանի որոշումը:

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 88-ի, Բեյրութ է վերադարձել նաև լիբանանահայ մի կին։ Հայրենիք վերադարձածներից 4-ը բոլորովին վերջերս՝ մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանագծին գերեվարված 6 զինծառայողներից են:

«Գրանատի կալցոն քաշել ա, ասել ա` ինձ էլ հետներդ կտրաքացնեմ». նոր միջադեպ

Մինչ միջազգային գործընկերների ջանքերով հայրենիք են վերադարձվում հայ ռազմագերիները, եռակողմ հայտարարությունից հետո սահմանամերձ դարձած բնակավայրերում պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում։ Երեկ, օրինակ, հայկական կողմի հաղորդմամբ` Սյունիքի մարզի Տեղ գյուղի Ադրբեջանի հետ սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում միջադեպ է գրանցվել բնակիչների և ադրբեջանցի զինվորականների միջև։ Տեղի խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցն «Ազատությանը» փոխանցեց՝ միջադեպը հարթվել է հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների ջանքերով. «Եղել է խոտի հունձի ժամանակ, երկու մեխանիզատորներ են եղել: Տղաները 90-ական թվականներից հետո ծնված տղաներ են, իրենք աչքները բացել են, տեսել են, որ այդ տարածքները մերն են, մենք ենք մշակում, հիմա շփոթվել են, 500 մետր խորացել են դեպի ներս: Իրենք էլ եկել են, ասել են` բա տարածքը ձերը չի, ուզեցել են տղաներին տանել: Տղաների պատմելով` ուզեցել են տանել, տղաներից մեկի մոտ բան ա եղել էլի, կալցոն քաշել ա, էնքան սպասել են, խոսացել են էդ մոմենտին, մինչև մենք հասել ենք: Գրանատի կալցոն քաշել ա, ասել ա` ինձ էլ հետներդ կտրաքացնեմ էլի»:

Անցած շաբաթ էլ նման միջադեպեր էին գրանցվել սահմանամերձ դարձած Գեղարքունիքի մարզում։ Ադրբեջանական զինուժը Հայաստանի սահմանը հատել է մեկ ամիս առաջ, այս ընթացքում հայ և ադրբեջանցի զինվորականների ձեռնամարտեր են եղել, անասնագողության դեպքեր, մեկ հայ զինծառայող է զոհվել, վեցն էլ` գերեվարվել։ Նրանցից չորսը երեկ հայրենադարձվեցին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG