Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, Ղարաբաղի հարցը


Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով, Ժան-Իվ Լը Դրիան և Հեյկո Մաաս, արխիվ
Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրով, Ժան-Իվ Լը Դրիան և Հեյկո Մաաս, արխիվ

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները երեկ սեփական նախաձեռնությամբ եռակողմ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ և ի թիվս այլ հարցերի քննարկել նաև ղարաբաղյան խնդիրը: Այդ մասին հիշատակվում է երեք երկրների պաշտոնական հաղորդագրություններում, բայց` տարբեր շեշտադրումներով:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մասնավորապես, տեղեկացնում է, որ քննարկված թեմաներից մեկը եղել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների` նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «Ընդգծվել է հրադադարի ռեժիմը խստագույնս պահպանելու կարևորությունը և ի հայտ եկող տարաձայնությունները քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան, հավելելով` նախարարները վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում:

Ընդ որում, Սերգեյ Լավրովը, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, հատուկ շեշտել է, որ այս գործընթացին «միջազգային որևէ կազմակերպություն կարող է միանալ միայն այն դեպքում, եթե դրան կհամաձայնեն թե՛ Երևանը, թե՛ Բաքուն»:

Թե կոնկրետ որ կազմակերպության մասին է խոսքը,Ռուսաստանի արտգործնախարարությունը չի հստակեցնում, սակայն հայտնի է, որ շաբաթներ առաջ, երբ ադրբեջանական զինուժը հատել էր Հայաստանի սահմանը, Ֆրանսիայի նախագահը Հայաստանի վարչապետի հետ զրույցում առաջարկել էր տարաձայնությունը հարթել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով: Բացի այդ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն առաջարկել է Ադրբեջանին հայելային եղանակով ետ քաշել զորքերը և սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում ռուսական կամ ԵԱՀԿ դիտորդներ տեղակայել: Բաքուն, սակայն, մինչ օրս հրապարակավ այս առաջարկներից որևէ մեկը չի ընդունել և համաձայնել է միայն Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանձնաժողով ստեղծելու գաղափարին:

Ֆրանսիան, որ մինչ օրս ամենակոշտն է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը, երեկվա հեռախոսազրույցից հետո պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է` պատրաստ է համակարգել ջանքերը Ռուսաստանի հետ: «Նախարար Լը Դրիանը հայտնել է Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը` հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության թուլացմանը հասնելու և անցած աշնանը տեղի ունեցած հակամարտությունից բխող հարցերը կարգավորելու ուղղությամբ: Այս համատեքստում, նախարարը վերահաստատել է Ռուսաստանի հետ սերտորեն համագործակցելու ցանկությունը` Մինսկի խմբում`որպես համանախագահ, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում», - հայտարարել է պաշտոնական Փարիզը:

Շաբաթներ առաջ Ֆրանսիայի նախագահը հրապարակավ հորդորել էր Ադրբեջանին ետ քաշել զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքից, արտգործնախարարության երեկվա հաղորդագրությունը, այդուհանդերձ, առավել դիվանագիտական ձևակերպումներ է կիրառում: «Նախարար Լը Դրիանն ընդծել է սահմանազատման և սահմանագծման շուրջ մարտահրավերների հաղթահարման համար կողմերի միջև բանակցություններ սկսելու կարևորությունը`անկախ վերջին զարգացումներից, որ տեղի են ունեցել այդ տարածքներում», - հայտարարել է Փարիզը, փաստացի ընդգծելով, որ անկախ ադրբեջանական զինուժի՝ ներկայումս զբաղեցրած դիրքերից, տարաձայնությունները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով: Նախարար Լը Դրիանը նաև վերստին ընդգծել է, որ կողմերը պետք է ծայրաստիճան սառնասրտություն պահպանեն և զերծ մնան ցանկացած սադրանքից:

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն այս թեմային մի քանի տողով է անդրադարձել։ «Նախարարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական` դեռևս չկարգավորված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ», - հայտարարել է պաշտոնական Բեռլինը` փաստացի դեմ գնալով Ադրբեջանի նախագահին, ով պնդում է, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան խնդիրն այլևս լուծված է, և նման հակամարտությունը գոյություն չունի:

Միաժամանակ, թե՛ Գերմանիայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի արտգործնախարարությունները փաստում են, որ զրույցի հիմնական թեման եղել է իրավիճակը Ուկրաինայում, որի շուրջ երեք կողմն էլ խորը մտահոգություն են արտահայտել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG