Մատչելիության հղումներ

Սահմանին հերթական միջադեպն է գրանցվել, տուժողներ չկան


Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
Հայաստանի ԶՈՒ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Շաբաթ օրը հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին, հնչել են կրակոցներ, տուժողներ չկան, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական Զինված ուժերի ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածքին, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է մայիսի 12-ից, երբ պաշտոնական Երևանը հաղորդեց ադրբեջանական զինուժի՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մի քանի ուղղությամբ Հայաստանի տարածք ներխուժելու մասին: Պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ հրաձգության հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները գերեվարել են 6 հայ զինծառայողների:

Սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը առաջարկ ներկայացրեց՝ սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում երկու կողմերի զինված ուժերի հետքաշում և Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող դիտորդների տեղակայում:

XS
SM
MD
LG