Մատչելիության հղումներ

Բաքվի պնդմամբ՝ «Ֆրանսիան չի կարող որևէ դեր կատարել հրադադարի ապահովման հարցում»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Փարիզ, 1-ը հունիսի, 2021թ.

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ իրադրության հաղթահարման իր ներկայացրած առաջարկը Ֆրանսիայի համար ընդունելի է:

Մինչդեռ Բաքուն, ըստ «Ազերթաջ» լրատվական գործակալության հաղորդագրության, անմիջապես նկատել է տալիս, որ Ֆրանսիայի հատուկ դերակատարություն չի ընդունի:

Մայիսի 27-ին Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրել է Իլհամ Ալիևին հասցեագրված առաջարկ առ այն, որ երկու երկրների զինված ստորաբաժանումները Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի վիճահարույց հատվածներում շփման գծից երկուստեք հետ քաշվեն, և այնտեղ տեղակայվեն Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիտորդներ, ինչը կնվազեցնի լարվածությունը և կընձեռի սահմանային կետերի ճշգրտման հնարավորություն:

Նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, բայց կան անելիքներ, և Ֆրանսիան պատրաստ է օգնել այդ հարցում:

Ադրբեջանն այդ օգնության կարիքը չունի: Անդրադառնալով Փարիզում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնչեցրած մեկնաբանություններին, Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, թե հրադադարը պահպանվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, դրա ռեժիմն ապահովում են Ադրբեջանի տարածում ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը:

«Մենք Ֆրանսիայի որևէ դեր չենք տեսնում», - ընդգծել է Աբդուլաևան: Խոսնակն անդրադարձել է գերիների հարցին՝ ասելով, թե ադրբեջանական կողմը մշտապես ընդունել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը, սակայն այն չի կարող գործել «եռակողմ հայտարարության ընդունումից հետո ներթափանցած դիվերսանտների նկատմամբ»:

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ադրբեջանում չկան հայ ռազմագերիներ, 2020 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում հայտնված և ահաբեկչական գործողություններ իրականացրած դիվերսանտներն, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 27-ին Քելբաջարի շրջան տանող ճանապարհի ականապատում իրականացնելիս ձերբակալվածները ռազմագերիներ չեն», - հայտարարել է Լեյլա Աբդուլաևան:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը մեկնաբանել է նաև անհետ կորածների թեման, նշելով Հայաստանի դիահերձարաններից մեկում ոչ պատշաճ պայմաններում աճյունները պահելու սկանդալի մասին, ապա հայտարարել, թե ադրբեջանական կողմը կատարել է մարդասիրական կանոններով ստանձնած բոլոր պարտավորությունները և ռուս խաղաղապահների ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ հայտնաբերված մոտ 1600 դիերը փոխանցել է հայկականմ կողմին:

Սակայն Հայաստանն, ըստ Աբդուլաևայի, առայսօր տեղեկություններ չի հայտնել Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված կամ անհետ կորած 4 հազար ադրբեջանցիների մասին:

«Մենք ողջունում ենք նախագահ Մակրոնի երեկվա ելույթում մահմեդական հուշարձանների վերականգնման կարևորումը, բայց «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտագործելու կապակցությամբ պետք է ընդգծենք, որ այդ անվամբ վարչատարածքային միավոր գոյություն չունի», - հայտարարել է Լեյլա Աբդուլաևան:

Խոսելով սահմանազատման և սահմանագծման մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Բաքուն այդ գործընթացն իրականացնելու կողմնակից է, և այն պետք է կարգավորվի բանակցային եղանակով:

Անդրադառնալով կողմերի ուղիղ երկխոսության հնարավորությանը՝ խոսնակ ասել է, թե այն արդեն ընթանում է, 2020 թվականի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից և 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը շփումներ են իրականացնում փոխվարչապետերի մակարդակով, և Ֆրանսիան այդ գործընթացում որևէ դեր չի կատարում:

Աբդուլաևան այսօրվա հայտարարությամբ պնդում է, թե ադրբեջանցի զինվորներն «իրենց հարազատ տարածքներում են ծառայում»:

«Ափսոսանքով պետք է փաստենք, որ թեպետ Ֆրանսիան 1997 թվականից ի վեր Մինսկի խմբի համանախագահող է, ֆրանսիական կողմը ոչ մի անգամ հայկական ուժերին չի դիմել Ադրբեջանի գրավյալ տարածքներից հեռանալու կոչով, չնայած դա են պահանջել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը», - ասել է խոսնակը:

Սահմանային վեճերը բանակցություններով կարգավորելու վերաբերյալ նա վստահեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է բանակցությունների կողմնակից և արդեն 28 տարի է մասնակցում է այդ գործընթացին:

«Տարածաշրջան Ֆրանսիայի վերադարձի մասին հայտարարությունը հասկանալի չէ: Ֆրանսիան համանախագահող երկիր է: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիան Հայաստանի հանդեպ ունի հատուկ համակրանք, բայց իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն պարտավոր է պաշտոնապես չեզոք լինել: Հուսով ենք, որ Ֆրանսիան այդ մանդատով կդրսևորի չեզոք և անաչառ դիրքորոշում», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

XS
SM
MD
LG