Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն արձագանքել են սահմանային իրադրությունը հանգուցալուծելու իր տարբերակին


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունը հանգուցալուծելու իր տարբերակին և առաջարկել Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական ու հայկական զորքերը հետ քաշել սահմանագծից և միջազգային հովանու ներքո հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացնել:

«Մեզ համար ընդունելի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, Ռուսաստանը նույնպես համանախագահ երկիր է և փաստորեն այդ առաջարկությունների վերաբերյալ կա կոնսենսուս: Հարցը վերաբերում է նրան, որ մենք առաջարկում ենք կամ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները առաջարկում են, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի զորքերը հայելային սահմանային գծից դուրս բերվեն և բերվեն մշտական տեղակայման վայրեր, որից հետո միջազգային հովանու ներքո սկսվի Հայաստանի սահմանների սահմանագծման աշխատանք», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Սահմանազատման առաջարկը կողմերին Ռուսաստանն արեց անցած շաբաթ, սակայն Նիկոլ Փաշինյանը նախապայմաններ առաջ քաշեց, որ այդ գործընթացը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Հայաստանից դուրս բերվի ադրբեջանական զորքը։ Իսկ մայիսի 27-ին, երբ հակառակորդը Հայաստանի տարածքում գերեվարեց հայ վեց զինծառայողի, Փաշինյանն Ադրբեջանին ու միջազգային հանրությանն իր լուծումն առաջարկեց, որ հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում կողմերի զորքերը հայելային եղանակով հետ քաշվեն սահմանագծից, սահմանին տեղակայվեն միջազգային դիտորդներ և միայն այդ դեպքում սկսվի սահմանազատման գործընթացը։

«Եթե մենք այս ճանապարհով չգնանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից», - ընդգծեց Փաշինյանը:

Հաջորդ օրը Մինսկի խումբը արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, կողմերին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար։ Սակայն դիտորդներ տեղակայելու մասին նշված չէ հայտարարության մեջ։

«Սահմանների սահմանագծման պրոցեսի նկատմամբ ուզում են վախ ներշնչել մեր հանրությանը, ամենևին կարիք չկա դրանից վախենալ, որովհետև դա անկախ պետության համար անխուսափելի պրոցես է», - նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Այս առաջարկին, որ Փաշինյանը համարել էր երկու կողմի համար փոխշահավետ, Ադրբեջանից դեռ արձագանք չկա։ Բաքուն համաձայն է Ռուսաստանի առաջարկին` Հայաստանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին, նախօրեին հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը ԱՊՀ վարչապետերի նիստում:

«Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ սահմանագծման հարցը լուծել կառուցողական ճանապարհով», - հայտարարել է Ադրբեջանի կառավարության ղեկավարը։

Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը արձագանքեց Բաքվին՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորքի՝ Հայաստանի տարածքը լքելու դեպքում։

Վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը նախընտրական հանդիպումներում կարևորում է Ադրբեջանի հետ Հայաստանի ճանապարհների ապաշրջափակման անհրաժեշտությունը, հերքում՝ Ադրբեջանին Մեղրիի կամ Զանգեզուրի միջանցք հատկացնելու լուրերը՝ վստահեցնելով, թե նման քննարկում չկա:

Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք աշխատում ենք նոր՝ Զանգեզուրյան միջանցքի վրա, որի անվանումն արդեն ամրագրվել է միջազգային հարթության մեջ։ Այն կապահովի նոր կապ Թուրքիայի և Ադրբեջանի միջև», - ասել է Իլհամ Ալիևը։

Այդպես էլ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչ նախագծի մասին է խոսքը, Ադրբեջանի առաջնորդը պնդել է՝ պատերազմից հետո՝ առաջին փուլում, Հայաստանը դեմ է եղել այդ հարցին:

«Սակայն վերջին ժամանակներս ես տեղեկություններ եմ ստանում, որ հայկական կողմն արդեն ճիշտ է վերլուծում զանգեզուրյան միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը», - ասել է Ալիևը, հավելելով՝ այդ հարցը քննարկվում է եռակողմ ձևաչափով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի միջև, և որ արդեն կան լավ արդյունքներ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG