Մատչելիության հղումներ

Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումն անընդունելի է, շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արխիվ

Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի է` հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար», - հայտարարել են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջնորդները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին։

Ընդգծելով ԵԱՀԿ-ից իրենց տրված մանդատի պայմանները և կայուն, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի՝ տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները, համանախագահները կրկին կոչ են անում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները իրենց հովանու ներքո:

Հաղորդվում է, որ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը երեկ և այսօր խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպին Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահներն ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին 6 հայ զինծառայողների ձերբակալված լինելու մասին տեղեկությունը և կոչ արել ազատել բոլոր ռազմագերիներին ու մյուս ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները», - ասված է այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ:

XS
SM
MD
LG