Մատչելիության հղումներ

«Չփորձեք մտնիք տարածք, մեր տարածքում հանկարծ քարոզարշավ չեղնի»․ գերեվարված շիրակցիների հարազատներ


Պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված տասնյակ շիրակցի պահեստազորայինների հարազատներն այսօր հրավիրած ասուլիսում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական բոլոր ուժերին՝ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, զգուշացրեցին քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզ չգալ, հակառակ դեպքում խոստացան կոշտ քայլերի դիմել։

Ամիսների շարունակ որդիների վերադարձին սպասող ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ էին անցկացնում, ճանապարհներ փակում, կառավարության շենքի առջև հավաքվում՝ իշխանություններից պահանջելով գործուն քայլեր կատարել։

«Ոչ մի ընդդիմություն, «Իմ քայլ», իշխանությունից, սաղ ընդդիմությունից մեկը չփորձվի մտնել Շիրակի մարզ։ Էրեխանց բերեք, արեք, մենք էլ կողքներն կանգնենք։ Որն կըրնաք, էրեխանց բերեք, մենք ձեր կողքը կանգնած ենք։ Բայց առանց էրեխա բերելու, ոչ մի ընտրություն․․․ Մեր բալեքին բերեք։ մենք ձեզնից հո շատ բան չե՞նք ուզե։ Բալեքիս կուզենք, ուրիշ բան չենք ուզե։ Ոչ մի բան», - ասաց գերվածներից մեկի հայրը։

«Ոչ մի քարոզարշավ, ոչ մի ընտրական կամպանիա», - հավելեց ասուլիսի մեկ այլ բանախոս։ - «Կարող է մեր նկատմամբ ինչ լծակներ ուզում են կիրառվեն, բայց մենք էլ ծնողներով պատրաստ ենք ամենավերջին քայլին, որպեսզի տեղի չունենան ընտրություններ։ Մինչև մեր երեխաները, մեր հարազատները տուն չգան մինչև ընտրությունները․․․ ով կանի, ինչ լծակներ կօգտագործի, դա իրենց խնդիրն է»։

Գերեվարվածների հարազատներն ասում են, որ իրենց հայտարարությանը քաղաքական ուժերը լուրջ վերաբերվեն․ - «Մենք պատրաստ ենք ամեն ինչի։ Մենք էդ տրամադրությունը չունենք ընտրություններին մասնակցելու։ Մենք ամեն ինչի ընդունակ ենք։ Չփորձեք մտնիք տարածք, մեր տարածքում հանկարծ քարոզարշավ չեղնի։ Այ, ծնողները սաղ նստած են»։ Հարազատներից ոմանք հույս ունեն, որ գերիների ազատման հարցում Ռուսաստանը դերակատարում կարող է ունենալ, մյուսները հարց են տալիս՝ Ռուսաստանը գործընկե՞ր է, թե՞ ոչ․ - «Վերջը Ռուսաստանը հարց լուծո՞ղ է, թե՞ հարց լուծող չէ։ Էս խաղաղ պայմաններում, որ մեր էրեխեքը գերեվարվել են, ռուսը կրնար մե գրիչի հարվածով կանգնեցներ պատերազմը, բայց մեր էրեխեքին չէր կրնա բերի»։

Հարազատները զարմանում են, թե չնայած գերիներին անհապաղ ազատ արձակելու տարբեր երկների կոչերին ու ընդունած բանաձևերին, Ադրբեջանը որևէ մեկի հետ հաշվի չի նստում․ - «Անցկացրել ենք տարբեր բողոքի ակցիաներ, տարբեր դեսպանատներում ենք եղել, մեր պահանջները գրավոր ձևով ներկայացրել ենք, դիմել ենք միջազգային կառույցներին։ Անհասկանալի է, մի՞թե էդ երկիրը ոչ մի օրենքի չի ենթարկվում, ոչ մի կառույցի հանձնարարական չի կատարում․․․ Լավ, մենք ի՞նչ անենք, ինչպե՞ս վարվենք։ Որպես խաղաքարտ պահել են, երբ ուզում են, ինչպես ուզում են դնում են մեր երկրի առաջ։ Մենք հարազատներս, ի՞նչ անենք․․․»

Պատերազմից հետո Արցախի Խծաբերդ ու Հին Թաղերի մարտական դիրքերից 64 շիրակցի պահեստազորայիններ էին գերեվարվել, նրանցից Հայաստան է վերադարձել միայն 9-ը։

Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շուրջ 200 գերի է պահվում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG