Մատչելիության հղումներ

Խծաբերդի մոտ գերեվարվածների մայրերը վարչապետի հետ հանդիպում են պահանջում


Պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտ գերվարված շիրակցի պահեստազորայինների մայրերը երեկ հենց Շիրակի մարզպետարանի շենքում էին բողոքի ակցիա կազմակերպել: Մայրեն ասում են՝ այլևս չեն կարող սպասել, թե իրենց զավակներին, երբ տուն կվերդարձնեն:

Գերեվարված 62 շիրակցիներից միայն ութն է հայրենադարձվել։ Մյուս 54-ի հարազատներն անընդմեջ ձգձգվող վերադարձի գործընթացի պատճառով հայտնվել են անելանելի ու անորոշ վիճակում։ Եվս մեկ հանդիպում ու հստակ պատասխաններ են պահանջում վարչապետ Փաշինյանից։

«Վարչապետի հետ հանդիպում ունեցել ենք, բայց նորից կուզենք, հստակ պատասխաններ չենք ունեցել։ Մեզ հստակ պատասխան է պետք մեր երեխաների ճակատագրի մասին՝ կոնկրետ բերելու, էլ հնարավոր չէ սպասել, ոչ մեկ մեզ հստակ պատասխան չի տալիս, մնացել ենք մոլորված, անելանելի վիճակի մեջ։ Էս ակցիայի իմաստն էն ա, որ մեզ կոնկրետ պատասխան տան մեր երեխեքի վերաբերյալ ինչ գործեր են ձեռնարկվում։ Թող մեր երկրի վարչապետը՝ գերագույն հրամանատարը գա, մեզ վերջնական պատասխան տա՝ ինչ պիտի լինի էս հարցը», - ասացին «Ազատության» զրուցակիցները։

Գերիների հարազատները նաև կրկին պահանջեցին, որ որևէ քաղաքական ուժ չփորձի շահարկել գերիների հարցը: Իրենք միայն իրենց զավակներին են պահանջում: «Մենք ո՛չ կուսակցական ենք, ո՛չ էս կողմից ենք, ո՛չ էն կողմից ենք, մեզ պետ է մեր էրեխեքի հարցի լուծումը»։

Եթե այսօր՝ օրվա ընթացքում հստակ պատասխան չստանան, հարազատները մտադիր են դիմել ավելի կտրուկ գործողությունների։ Թե ինչ քայլեր կձեռնարկեն, կորոշեն ծնողներով քննարկելուց հետո:

Երեկ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գերիների հարցին անդրադարձավ արտգործնախարար Արա Այզվազյանը՝ պնդելով, թե այս հարցում «տարբեր երկրների ղեկավարներ և միջազգային կառույցներ ավելացնում են միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա»։ Այդուհանդերձ, իր վերջին ասուլիսում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

XS
SM
MD
LG