Մատչելիության հղումներ

Freedom House-ը Բաքվին կոչ է անում աջակցել ՄԻԵԴ-ին՝ քննելու հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները


Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներ, արխիվ

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և սերտորեն աջակցել՝ հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Ընդ որում, միջազգային իրավապաշտպան խումբը պնդում է, որ այս հետաքննությունը պետք է իրականացվի՝ անկախ բանտերում պահվող հայերի կարգավիճակից։

Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ավելի քան վեց ամիս անց հրապարակած հայտարարության մեջ Freedom House-ը փաստում է՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող 200 հայերի ճակատագիրը մնում է անորոշ, նորանոր հաղորդումներ են ստացվում նրանց նկատմամբ նվաստացումների և կտտանքների մասին, այն դեպքում, որ նրանց վերադարձը համաձայնեցվել էր ամիսներ առաջ երկու երկրների միջև կնքված հրադադարով։

«Անհրաժեշտ է ապահովել, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով ամրագրված պաշտպանության բոլոր միջոցները, բացառել խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը, ինչպես նաև տվյալներ տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ», - հայտարարել է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, հայաստանցի իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ ադրբեջանական գերության մեջ հայտնված հայերից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Ըստ հայ իրավապաշտպանների տվյալների, սպանվածներից 12-ը քաղաքացիական անձինք էին, 7-ը՝ զինծառայողներ։

Freedom House-ը ևս փաստում է, որ հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ բռնությունների ու նվաստացնող վերաբերմունքի են արժանանում, հիշեցնելով, որ այդ մասին ամիսներ առաջ ահազանգել էր նաև հեղինակավոր մեկ այլ իրավապաշտպան կազմակերպություն։ «Դաժան վերաբերմունքը, այդ թվում` հայ զինվորների խոշտանգումները, նողկալի են ու հանդիսանում են պատերազմական հանցագործություն», - հայտարարել էր Human Rights Watch-ը։ Ստուգելով սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութերն ու հաղորդումները, ինչպես նաև զրուցելով ադրբեջանական գերությունից ազատ արձակված մի քանի հայ զինծառայողների հետո՝ Նյու Յորքում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը դեռ երկու ամիս առաջ հորդորել էր Ադրբեջանի իշխանություններին հետաքննել հայ գերիների հանդեպ վատ վերաբերմունքի բոլոր պնդումներն ու մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Մինչ օրս, սակայն, այս ուղղությամբ որևէ տեղաշարժ չկա։

Freedom House-ը երեկվա հայտարարությամբ հիշեցրել է, որ Ադրբեջանն ինքն է այս հարցով պարտավորություններ ստանձնել միջազգային համայնքի առջև։ «Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել Եվոպական դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար», - հայտարարել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը:

Ամիսներ առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններից տեղեկություններ էր պահանջել մոտ 200 հայ գերիների մասին։ Բաքուն, սակայն, մինչ օրս նրանցից միայն 72-ի առկայությունն է հաստատել, պնդելով, թե մյուս՝ ավելի քան 100 հայերի մասին որևէ տեղեկություն չունի։ Ավելին` Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ գերիների վերադարձի մասով իրենց պարտավորությունն ամբողջովին իրագործել-ավարտել են, որ այժմ Ադրբեջանում պահվում են միայն այն զինծառայողները, որոնք ձերբակալվել են նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերում։ Նրանց Բաքուն դիվերսանտ է համարում և պատրաստվում է դատել։

Հայկական կողմը, մինչդեռ, պնդում է՝ սա ընթացիկ, բաց զինված հակամարտություն է, ինչն ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նշանակում է, որ ձերբակալված հայերը ռազմագերի են և պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց որևէ նախապայմանի, անկախ այն հանգամանքից՝ երբ և ինչ պայմաններում են Ադրբեջանի վեահսկողության տակ հայտնվել։

Կես տարի առաջ ավարտված պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 72 գերի, ազատ է արձակվել և Բեյրութ վերադարձել նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը։ Հայաստանն, իր հերթին, վերադարձրել է 16 ադրբեջանցիների, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG