Մատչելիության հղումներ

Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը հայկական կողմի առաջնահերթությունն է, հայտարարում է վարչապետը


Գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը հայկական կողմի առաջնահերթությունն է, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործմանը անդրադառնալով, այսօր նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսքը համատեղ հայտարարության 8-րդ կետի մասին է, որը մինչև հիմա լիարժեք չի իրագործվում։ Վարչապետի այսօրվա գրառմանը հաջորդել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրառումը, որտեղ Արման Թաթոյանը բացարձակ անընդունելի է համարել, որ փաստաթղթում չկա կոնկրետ ժամկետ` գերիների կամ այլ կերպ անազատության մեջ գտնվող անձանց փոխանակման կամ վերադարձի հետ կապված։

Միևնույն ժամանակ օմբուդսմենը գրում է նաև. «Բայց սա չի նշանակում, որ Ադրբեջանի իշխանությունների համար թույլատրելի է մարդու իրավունքների միջազգային պահանջների ու մարդասիրական պայմանավորվածությունների անընդհատ խախտումը. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը ու նույնիսկ փորձեր են արվում ներկայացնել իրական թվից նվազ թվաքանակ, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդոտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն»:

Օմբուդսմենին մտահոգում են նաև ադրբեջանական իշխանությունների հայտարարությունները, թե գերության մեջ գտնվող մեր հայրենակիցները ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ են ու ձերբակալված են: «Դա կոպտորեն ոտնահարում է հետպատերազմական մարդասիրական գործընթացը և մարդու իրավունքները պաշտպանող միջազգային պահանջները», - գրել է Թաթոյանը:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասում է՝ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանից հնչող նման հայտարարությունները անթույլատրելի են. «Ադրբեջանական կողմի պնդումները միջազգային որևէ ատյանում արտացոլված չեն և այս դեպքում հավանաբար պարզապես բանավոր ձևակերպումներ են, որոնք հուսամ, որ գործընթացի վրա ազդեցություն չեն ունենա»:

Պատգամավորը Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար այսօր դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե, նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ է արել հրատապ այց Ադրբեջանի փակ հաստատություններ, որտեղ պահվում են գերեվարված անձինք։

«Ոչ դատական մեխանիզմ է, բայց շատ արդյունավետ կարող է լինել: Բացատրեմ՝ ինչ առումով. ուղղված նամակը Միկոլա Գնատովսկուն հիմնավորում էր, որ փաստացիորեն մեր գերիների մասով մենք պաշտոնական տեղեկություն չունենք իրենց առողջական վիճակի, ֆիզիկական և հոգեկան առողջության մասով որևէ տեղեկություն պաշտոնական մենք չունենք: Այնինչ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով գերեվարված անձանց այս իրավունքները երաշխավորված են», - ասաց Բաղդասարյանը:

Փաշինյանն այսօրվա գրառմամբ կարևորել է նաև ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը: Աշխատանքները երեկ շարունակվել են Հադրութի Թութակներ տեղամասից դեպի Խծաբերդ հատվածում, հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն, «Ազատությանը» փոխանցեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Դիակներն անճանաչելի էին իրականում, բայց քանի որ նրանց մոտ առկա եղել են զինվորական գրքույկները, ըստ այդմ նրանց ինքնությունը պարզ է: Որոնողական աշխատանքները այսօր շարունակվել են Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններում և Ասկերանի վերին ենթաշրջանում», - նշեց Թադևոսյանը:

Գերիների մեծ խմբի վերաբերյալ Եվրոպական դատարանում իրավական պրոցես են սկսել փաստաբաններն ու Հայաստանի կառավարությունը։ Ադրբեջանը, սակայն, առայժմ ՄԻԵԴ-ից ստացած դիմումներն անպատասխան է թողնում։ Եվրոպական դատարանը մինչև այժմ Հայաստանից ավելի քան 200 գերիների վերաբերյալ դիմումներ է ստացել։ Ադրբեջանը միայն 10 գերիների մասով էր հաստատում ներկայացրել, որ, այո, այդ մարդիկ Ադրբեջանում են։

XS
SM
MD
LG