Մատչելիության հղումներ

Գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանը «պահանջում է վերահսկողություն Շուշի-Կարմիր շուկա ճանապարհի վրա», հայտնել է «Կոմերսանտի» աղբյուրը


Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները Երևանում, 6 մայիսի, 2021թ.

Գերիների վերադարձը, որոնց Ադրբեջանը հրաժարվում է հանձնել նախորդ տարվա պատերազմը պարտված Հայաստանին, արդեն ոչ թե երկկողմ, այլ միջազգային հարց է։ Բաքվի վրա, առանց մեծ հաջողության, փորձում են ազդել և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը։ Խնդիրը ոչ միայն բարդացնում է «Մոսկվայի շնորհիվ ձեռք բերված խաղաղ պայմանավորվածությունների կատարումը, այլև խոչընդոտում է» հետխորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից վերահսկվող ինտեգրացիոն միությունների՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Ադրբեջանի մերձեցման ռուսական պլաններին։ Այս մասին գրված է այսօր «Կոմերսանտում» հրապարակված «Երևանի ցավը Բաքվում չի անցնում. Հայաստանի գերիներին վերադարձնելու Ադրբեջանի դժկամությունը բարդացնում է նույնիսկ Մոսկվայի կյանքը» վերնագրով ծավալուն հոդվածում։

Հոդվածը հեղինակ Վլադիմիր Սոլովյովը գրել է Երևանում երեկ կայացած հայ-ռուսական բանակցությունների հետքերով։

Հոդվածը որոշ մանրամասներ է հայտնում երեկվա բանկցություններից և նախանշում այն օրակարգը, որը լինելու մի քանի օրից Բաքվում կայանալիք ռուս-ադրբեջանական բանակցություններին: Մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին կա բավականին ծավալուն անդրադարձ։

«Բաքվի կողմից պահվող անձինք արդեն առևտրի առարկա են դարձել»,- «Կոմերսանտի» հետ զրույցում ասում են դիվանագետները` ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից։ Թերթի աղբյուրների խոսքով՝ Ադրբեջանը փորձում է գերիների ազատ արձակումը պայմանավորել իր պահանջների կատարմամբ։ Որպես կանոն դրանք վերաբերում են տարածքային հարցերին։ Այսպես, «Կոմերսանտի» իրազեկ զրուցակիցը պատմել է, որ ադրբեջանական կողմը հարց է դրել իր վերահսկողության տակ հանձնել Շուշի-Կարմիր շուկա ճանապարհը, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների և հայ զինվորականների կողմից: Ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը մեծապես կհեշտացներ Ադրբեջանին Շուշիի հասանելիությունը։ «Կոմերսանտի» աղբյուրները նշում են, որ «Բաքուն բարձրացրել է նաև Ղարաբաղի Ղազախ շրջանի մի շարք գյուղեր անձանց վերադարձի դիմաց իրեն հանձնելու հարցը», սակայն հարցերից ոչ մեկով լուծում չկա։

Ռուսական պարբերականը գրում է նաև, որ մինչ օրս հայտնի չէ, թե քանի գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմի տվյալներով՝ մոտ երկու հարյուր հոգի, պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում և պատրաստվում է դատել։

Հոդվածի հեղինակը նշում է, որ հայ գերիների հարցը դարձել է միջազգային հարց, նրանց անհապաղ ազատելու կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ պետքարտուղարը, սակայն Երևանը գերիների վերադարձի հարցում ակնկալիքներ ունի առաջին հերթին Մոսկվայից։

Հայաստանում ակնկալում են, որ գերիների խնդիրը կօգնի լուծել Մոսկվան։ «Դա խաղաղ հայտարարության երաշխավորի հեղինակության հարց է: Հուսով ենք, որ մեր դաշնակիցն ու Ադրբեջանի ռազմավարական գործընկերը կհամոզի նրանց կատարել պարտավորությունները», - «Կոմերսանտին» ասել է բարձրաստիճան հայ դիվանագետը։

Թերթը գրում է, թե պաշտոնական Երևանը գերիների վերադարձի հարցում հոռետես է և չի հավատում, որ նրանք կվերադառնան մինչև նախատեսվող ընտրութուններ` հունիսի 20-ը։ Թերևս հետաքրքիր է, որ ռուսական պարբերականի հեղինակը գերիների հարցը կապում է ընտրությունների հետ, հավանաբար նման բան իրեն ասել են հայ պաշտոնյաները։

Ինչևէ, Սոլովյովը գրում է, թե Մոսկվան շահագրգռված է, որ ամենասուր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն։ Նախ` առանց դրանց կարգավորման դժվար է շարժվել համաձայնեցված խաղաղ պլանով, որը նախատեսում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակում: Ռուսական պարբերականը նկատում է, որ թեև Ռուսաստանի արտգործնախարարը և ընդհանրապես պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում են, որ եռակողմ աշխատանքային խումբն ակտիվ աշխատում է, և կա առաջընթաց, կոնկրետ արդյունքների մասին խոսք դեռ չկա։

«Կոմերսանտը» նաև նշում է, որ գերիների վերադարձի հարցում Մոսկվան ունի իր շահերը։

«Բաքվի և Երևանի հարաբերություններում չնվազող լարվածությունը հաստատ չի օգնում Ռուսաստանին իրականացնել պլաններ, որոնք նախատեսում են Ադրբեջանի մերձեցումն այնպիսի ինտեգրացիոն միավորումների հետ, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և ՀԱՊԿ-ը։ Երկու միություններին էլ մասնակցում է Հայաստանը, որը վերջերս արգելափակել է ապրիլի 29-ին Կազանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի՝ որպես հյուր հրավիրելու հրավերը»։

Դե իսկ հայ-ռուսական և սպասվող ռուս-ադրբեջանական բանակցությունների մասին ծավալուն հոդվածը ռուս հեղինակը սկսում է Մոսկվայի համար չափազանց կարևոր հարցից՝ Հայաստանում ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաներից։

Լավրովի այցի հաջողություն կարելի է համարել երկու երկրների կառավարությունների միջև կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

«Փաստաթուղթը նախատեսում է ոչ միայն երկու երկրների համագործակցությունը բժշկակենսաբանական ոլորտում, այլև թույլ կտա Ռուսաստանի առողջապահության և պաշտպանության նախարարությունների մասնագետներին այցելել Հայաստանում աշխատող` Պենտագոնի փողերով ստեղծված բիոլաբորատորիաներ», - գրում է «Կոմերսանտը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG