Մատչելիության հղումներ

Երևանում կայացավ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ լրատվականի

Երևանում այսօր կայացավ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Արա Այվազյանը հանդիպման բացմաբն խոսում նշել է, որ այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները։ Նա հույս է հայտնել, որ կքննարկեն երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլորտում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար», - ասել է Այվազյանը։

«Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը։

«Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:

Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում:

Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար», - հայտարարել է Արա Այվազյանը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ երեկոյան է ժամանել Երևան, այսօր Լավրովը հանդիպում է Հայաստանի ղեկավարության հետ։

Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտգործնախարարը կլինի նաև Բաքվում։

XS
SM
MD
LG