Մատչելիության հղումներ

Բաքվում Լավրովի բանակցությունների առանցքը լինելու է Լեռնային Ղարաբաղը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Բաքու՝ նախագահ Ալիևի և արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպելու։

«Ռուսական կողմը մտադիր է շարունակել բաց և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների ողջ սպեկտրով՝ քաղաքականության մեջ, տնտեսության, մշակույթի ու հումանիտար ուղղություններով», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Պաշտոնական հաղորդագրությունը միաժամանակ ընդգծում է, որ բանակցությունների առանցքային հարցը, այդուամենյանիվ, լինելու է Ղարաբաղը․ - «Հատուկ ուշադրության է արժանանալու Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների բազմակողմանի իրագործումը, ղարաբաղյան կարգավորումը՝ հումանիտար տեսանկյունից, ինչպես նաև հետպատերազմյան վերականգմանն ու խաղաղ կյանքի ապահովմանը վերաբերող հարցեր»։

Խնդրի քաղաքական կարգավորման, Ղարաբաղի ապագա կարգավիճակի կամ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները վերսկսելու մասին Լավրովի այցի օրակարգում որևէ բառ չկա։ Մինչդեռ անցած շաբաթ, երբ նա այցելել էր Երևան, հայկական կողմը հենց այդ խնդիրն էր ընդգծել՝ գերիների ազատ արձակմանը զուգահեռ։

«Ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա», - նշել էր վարչապետ Փաշինյանը:

Սերգեյ Լավրովը, մինչդեռ, հենց Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել էր, որ այս պահին ռուսական կողմի համար ամենաառաջնային ու նշանակալից խնդիրը տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակումն է և տնտեսական կապերի վերականգնումը․ - «Քաղաքական մակարդակով համաձայնությունները կան, պետք է դրանք կիրառել գործնականում։ Մենք ակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի»:

Ադրբեջաբական կողմի հետ բանակցություններից առաջ Ռուսաստանի արտգործնախարարը կրկին ընդգծել է, որ քննարկվելիք հարցերի թվում հիմնականը տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակումն է լինելու։

Այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են միջկառավարական հանձնաժողովում՝ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի մասնակցությամբ։ Եռակողմ այս աշխատանքային խումբն արդեն վեց նիստ է անցկացրել, վերջինը տեղի է ունեցել ուղիղ երկու շաբաթ առաջ՝ ապրիլի վերջին Մոսկվայում։ Դռնփակ այդ բանակցություններից, սակայն, առայժմ մանրամասներ չեն հաղորդվում։

«Հնարավոր կլինի արդեն ամրագրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև իրավական սահմանները։ Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն»․ - Երևանում հայտարարել էր Լավրովը։

Երևանյան այցի ընթացքում Լավրովը նաև խոստացել էր շարունակել ջանքերը հայ գերիներին ու ձերբակալվածներին վերադարձնելու ուղղությամբ։ Հարց, որը հայկական կողմը համարում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ամենամեծ խոչընդոտներից մեկը։ Ակնկալվում է, որ ադրբեջանական կողմը, իր հերթին, հարց կբարձրացնի Հայաստանին տրամադրված ռուսական զենք-զինամթերքի, մասնավորապես, «Իսկանդեր» համակարգերի ու ղարաբաղյան վերջին պատերազմում դրանց օգտագործման մասին։

Մի քանի շաբաթ ի վեր Ադրբեջանի իշխանությունը Բաքվի կենտրոնում՝ ռազմական ավարի պուրակում ի ցույց է դրել «Իսկանդեր Էմ» համակարգի բեկորներ, որոնք, նրանց խոսքով, Շուշում են հայտնաբերվել ղարաբաղյան վերջին պատերազմից հետո։ Իլհամ Ալիևը պաշտոնապես պարզաբանում էր պահանջել նախագահ Պուտինից, թե ինչպես են ռուսական բանակի համակարգերը, որոնք նախատեսված չեն արտահանման համար, հայտնվել հայկական ուժերի տրամադրութան տակ։ Մոսկվան օրեր անց արձագանքել էր, սակայն ստացված պատասխան Ալիևին չէր գոհացրել։

«Ես կարդացել եմ այդ նամակը: Գրված է, թե ռուսական կողմը չի արձանագրել բալիստիկ հրթիռների արձակում: Իրականում սակայն, սա չի տալիս մեր տված հարցի պատասխանը, մեր հիմնական հարցն այն էր, թե ինչպես են Հայաստանի մոտ հայտնվել «Իսկանդեր-Էմ» մահաբեր հրթիռները», - ասել է նա։

Բաքուն պարբերաբար նաև դժգոհում է, թե ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Ռուստամ Մուրադովը բարձր մակարդակով շփումներ է ունենում Ղարաբաղի նախագահի ու այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև թույլ է տալիս, որ Հայաստանը Լաչինի միջանցքով գաղտնի, զինծառայողներ տեղափոխի Ղարաբաղ։

Ռուսաստանի արտգործնախարարը փաստորեն Բաքու է ժամանում մինչև օրս չլուծված այս հարցերի ֆոնին։

Նախագահ Ալիևի հետ նրա հանդիպումը տեղի կունենա վաղը։ Մինչ այդ՝ այսօր Ռուսաստանի նախագահ Պուտինն է զանգահարել ադրբեջանցի գործընկերոջը։

«Նախագահները ջերմորեն շնորհավորել են միմյանց Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ, վերահաստատել են ռուս-ադրբեջանական համակողմանի փոխգործակցությունը խորացնելու երկկողմ մտադրությունը և պայմանավորվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահական նստավայրը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG