Մատչելիության հղումներ

Ըստ քաղաքագետի՝ Լավրովի այցն իր մեջ պարունակում է «և՛ հնարավորություն, և՛ վտանգներ»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի վարչապետի ու արտգործնախարարի պաշտոնակատարների հետ։

«Այս այցելությունն իր մեջ պարունակում է և՛ հնարավորություն, և՛ վտանգներ», - ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ Ռուսաստանը մտահոգված է Արևմուտքի ուշադրությամբ։

Գրիգորյանը մանրամասնում է՝ Մոսկվայի համար մտահոգիչ է, որ հայ գերիների հարցը մտավ ԵԽԽՎ օրակարգ, Կրեմլի ուշադրությունից չի վրիպել նաև ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հայտարարությունը։ Քաղաքագետը ուղիղ կապ է տեսնում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի հետագա զարգացումների հետ։

«Պարզ է՝ ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան խաղից դուրս եկավ, վերջ, քանի որ Թուրքիան հասկանում է, որ Բայդենի այդ հայտարարությունը իր մեջ նաև պարունակում է հետևանքներ», - ընդգծեց Գրիգորյանը:

Իսկ Ռուսաստանը, ըստ քաղաքագետի, հիմա շտապում է իր ծրագիրն ավարտին հասցնել՝ ենթարկել Ստեփանակերտը Բաքվին. «Գլխավոր նպատակը՝ փորձել համոզել Երևանին, որ Ստեփանակերտը ենթարկվի Բաքվին: Ռուսաստանը այն պլանը, որը ուներ, ուզում է արագացնել. Արևմուտքը գալիս է, այնտեղ կան տարրեր քաղաքականության մեջ ի օգուտ Հայաստանի, ու իրանք մի քիչ շտապում են: Նույն գերիների հարցը. ես կապում եմ այդ երեք գերիների ազատումը միանշանակ Արևմուտքի այդ հայտարարությունների՝ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Եվրամիության, նաև իրանց հայտարարությունների հետ, ու իմ կարծիքով Ռուսաստանը մի քիչ խառնվեց: Այո, Հայաստանը կարող է ավելի ամուր դիրքերից այսօր խոսա Ռուսաստանի հետ: Բայց իմ ասածը գիտե՞ք որն է՝ դու ոչ թե պետք է հակադրվես Ռուսաստանի քաղաքականությանը, այլ ուղղակի աշխատես»:

Օրակարգային գլխավոր հարցը անվտանգային միջավայրի ձևավորումն է Հայաստանի և Արցախի շուրջ։ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, իշխանական «Իմ քայլից» Տաթևիկ Հայրապետյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ հայկական կողմն ունի իր առաջնահերթությունները՝ գերիների վերադարձը թիվ մեկ խնդիրներից է։

«Եղան նաև հրապարակումներ՝ Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը և վերջերս էլ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը խոսեց ռուս-ֆրանսիական համատեղ նախաձեռնությունների մասին Ղարաբաղյան հակամարտության լուծմանը միտված, և ես կարծում եմ՝ սա դրական է: Ընդհանուր առմամբ Մինսկի խմբի ձևաչափում ներգրավված համանախագահող պետությունների ակտիվացումը և համատեղ ջանքերը, բնականաբար, տալիս են ցանկալի արդյունքներ՝ կլինի դա գերիների խնդրի լուծմանն ուղղված կամ ընդհանրապես հակամարտության երկարաժամկետ և քաղաքական լուծման փնտրտուքին ուղղված», - ասաց Հայրապետյանը:

Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հարցում չվերցնել որևէ պարտավորություն, փորձել շահել ժամանակ, միևնույն ժամանակ առանց ռուսների հետ հարաբերությունները փչացնելու սեփական խնդիրներն առաջ բերել, Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հայկական կողմի գերնպատակը Լավրովի հետ հանդիպման ընթացքում հենց այս տրամաբանությամբ պետք է կառուցվի։

«Պետք է համոզել, որ հիմա ժամանակը չէ և այլն: Դե այնտեղ այլ հարցեր պետք է քննարկվեն, որտեղ որ շահը կա Հայաստանի՝ համագործակցություն ռազմատեխնիկական, այստեղ պետք է կառուցողական լինենք, բայց Ղարաբաղի հարցով չի կարելի թույլ տալ ոչ մի բան ֆիքսել», - նշեց քաղաքագետը:

Ի դեպ, այսօր կեսօրին ԱԳՆ շենքի մոտ էին եկել մի խումբ արցախցիներ, հիմնականում Ադրբեջանի կողմից գրավված Հադրութի բնակիչները՝ Լավրովին նամակ փոխանցելու ակնկալիքով։ Երեկոյան էլ Լավրովի այցի դեմ ցույց էին կազմակերպել ընդդիմադիր «Սասնա ծռեր»-ի ու մի շարք այլ ուժերի ստեղծած «Ազգային-ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչները։

Հավաքի տեղը պատահական չէր ընտրված Նժդեհի արձանի մոտ, նախատեսված երթն էլ, ըստ Գարեգին Չուգքազյանի, չի կայանա, քանի որ, նրա խոսքով, բերման է ենթարկվել իրենց աջակից Տիգրան Խզմալյանը:

«Այսօր Հայաստանում, փաստորեն, գտնվում է մի անձ, որի անունով ծրագիրը փորձեցին իրականացնել Արցախում և ավելին քան դա, հիմա նաև Սյունիքի մասով են փորձում իրականացնել, և անհրաժեշտություն կա, որ հայ ժողովուրդն իր վերաբերմունքն արտահայտի: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք և մտադիր էինք շարժվել երթով, բաց մեզ շրջապատել են, և ոստիկանությունը հայտարարեց, որ այստեղից դուրս հնարավոր չէ մենք որևիցե շարժ, երթ կատարենք: Ավելին ասեմ՝ «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանին ռուսական դեսպանատան առջև ձերբակալել են և տարել են», - հայտարարեց Չուգքազյանը:

Երևան այցից հետո՝ մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի նաև Բաքվում։ Սա, պատերազմից հետո Լավրովի երկրորդ այցն է Երևան, այնուհետև Բաքու։ Առաջինը նոյեմբերին էր, եռակողմ փաստաթղթի ստորագրումից մոտ 10 օր անց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG