Մատչելիության հղումներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 12-ից կրճատում է հյուպատոսական ծառայությունները


Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը, արխիվ

Ռուս-ամերիկյան հակամարտությունը խորանում է, հերթն արդեն հասել է զբոսաշրջիկներին։

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 12-ից կկրճատի հյուպատոսական ծառայությունների ցանկը։ Դադարում է տուրիստական վիզաների տրամադրումը ռուսաստանցիների համար։ Բացառություն կկազմեն միայն դիվանագիտական և ներգաղթի ուղևորությունները։

Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության թիվը կկրճատվի 75 տոկոսով։ Դեսպանատունը հյուպատոսական ծառայություններ կմատուցի միայն ԱՄՆ քաղաքացիներին՝ անհետաձգելի դեպքերում։ Դիվանագիտական ներկայացուցչությունում դա բացատրել են Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ արգելել Ռուսաստանում ԱՄՆ ներկայացուցչությանը վարձել օտարերկրացիների։ Իսկ ԱՄՆ այն քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանում, և ում վիզաների ժամկետն ավարտվում է, դեսպանատունը խորհուրդ է տալիս մինչև հունիսի 15-ը մեկնել Ռուսաստանից։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, սակայն, շատ բան չի փոխվել: Ռուսաստանցիներն առանց այդ էլ վերջում մեկ տարում, Պեսկովի խոսքով, դժվարությամբ էին ստանում ամերիկյան վիզաները, և այդ առումով որևէ նեգատիվ ազդեցության մասին խոսել պետք չէ. «Իրականում վերջին մեկ տարվա ընթացքում կամ նույնիսկ ավելին մի քանի ռուսներ են միայն կարողացել մուտքի արտոնագիր ստանալ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը: Այդ վիզաները գրեթե անհնար էր ստանալ, ուստի այս առումով ոչինչ չի փոխվել», - այսօր լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում էր, հասկանում էր, որ այժմ ռուսները կկարողանան ամերիկյան վիզաներ ստանալ միայն արտերկրում: Կրեմլի խոսնակը փոխարենն առաջարկել է խնդրին ավելի խորքից նայել և հավելել, թե այս ամենի հիմքում Միացյալ Նահանգների ոչ բարեկամական քայլերն էին Ռուսաստանի նկատմամբ:

Ապրիլի 15-ին Միացյալ Նահանգները հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանել կիբերհարձակումների, Ղրիմի և Սևաստոպոլի միացման և ամերիկյան ընտրություններին միջամտելու փորձի կապակցությամբ, ինչպես նաև հայտարարել է տասը ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Հաջորդ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր պատասխան քայլերի մասին։ Դրանց թվում են տասը դիվանագետների արտաքսումը, Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություններին ռուսաստանցիներին և երրորդ երկրների քաղաքացիներին վարձելու արգելքը, իսկ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին Ռուսաստանի արտգործնախարարությունը խորհուրդ էր տվել մեկնել «տուն՝ խորհրդակցության»։

Առաջիկայում նաև հրապարակվելու է Ռուսաստանի թշնամական պետությունների ցուցակը, որում կլինեն Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Չեխիան, Ուկրաինան և Վրաստանը։ 9-ը երկրներից բաղկացած այս ցուցակը ցուցադրվել էր ապրիլի 27-ին «Ռոսսիա 1» պետական հեռուստաալիքի եթերում։ Առաջիկա օրերին այս մասին կհայտարարվի պաշտոնապես։

Այդ երկրները ներկայացնող կառույցներին արգելվելու է աշխատանքային պայմանագիր կնքել Ռուսաստանի քաղաքացիների հետ։

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Սվետլանա Ժուրովան մեկնաբանել է ամերիկացիների որոշումը՝ ասելով, թե վիզաների տրամադրման դադարեցումից առաջին հերթին կտուժի ամերիկյան կողմը։

«Այդ գործողություններն ակնհայտորեն ուղղված են ոչ թե կառավարության, այլ մարդկանց դեմ։ Ամերիկացիները, որոնք այցելում են Ռուսաստան և փող են ծախսում որպես զբոսաշրջիկներ, զգալիորեն ավելի քիչ են, քան ռուսաստանցիներն, ովքեր այցելում են Միացյալ Նահանգներ։ Կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն կարձագանքի, համապատասխանաբար նրանց գործողություններին: Առաջինը նման գործողություններ մենք երբեք չենք անում», - նշել է Ժուրովան։

XS
SM
MD
LG