Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը խորհրդակցությունների համար կարճ ժամանակով կվերադառնա Վաշինգտոն


ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը, արխիվ

Վաշինգտոնի և Մոսկվայի գերլարված հարաբերությունների ենթատեքստում Ռուսաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Սալիվանը պետական դեպարտամենտում նախատեսված խորհրդակցությունների նպատակով միառժամանակ կվերադառնա հայրենիք:

Երկու գերտերությունների ճգնաժամն էլ ավելի է սրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել և քննարկել վիճահարույց թեմաներն ու դրան զուգահեռ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ և կայացրել է 10-ը դիվանագետի արտաքսելու որոշում:

Ամերիկացիները ռուսներին մեղադրում են նախորդ տարվա նախագահական ընտրություններին միջամտելու, ամերիկյան պետական և մասնավոր ընկերությունները կիբերգրոհների ենթարկելու, ինչպես նաև Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների և նրանց դաշնակիցների վրա հարձակումների համար թալիբներին դրամական պարգևներ շնորհելու մեջ:

Ռուսները, բնականաբար, հերքում են մեղադրանքները և որպես պատասխան քայլ 10 ամերիկացի դիվանագետներից պահանջել են լքել Դաշնության տարածքը:

Ճգնաժամի խորացմանը նպաստում են բանտում պահվող ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վատթարացումը, բռնազավթած Ղրիմում զինուժն ավելացնելու և Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական հսկայական բանակ մոտեցնելու հանգամանքները:

Վերջին օրերին էլ դրան գումարվել է ռուս-չեխական ճգնաժամը, որի պատճառ են դարձել 2014 թվականին ռուս չեկիստների ահաբեկչական մահաբեր գործողությունները, մասնավորապես, զինամթերքի պահեստների պայթեցումները, որոնք, ըստ Չեխիայի հետախուզության, կազմակերպել են Ռուսաստանի ռազմական հետախուզության՝ ԳՌՈւ-ի գործակալները:

Մոսկվան պնդում է, թե անարդար վերաբերմունքի է ենթարկվում Արևմուտքի կողմից: Խոսելով չեխ-ռուսական ճգնաժամի մասին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկոն այսօր կոչով է դիմել ամբողջ Արևմուտքի քաղաքական վերնախավին, ասելով, թե հարկ է սթափվել ու վերջ տալ այս համընդհանուր հակառուսական հոգեկան խանգարմունքին:

«Ես համոզված եմ, որ շատ կարևոր է հանդիպել Բայդենի վարչակազմում ընկերներիս հետ և քննարկել Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը»,- ասել է դեսպան Սալիվանն, ավելացնելով, թե նաև ցանկանում է հանդիպել ընտանիքի անդամներին, որոնց տևական ժամանակ է չի տեսել:

«Առաջիկա շաբաթներին ես կվերադառնամ Մոսկվա, դա տեղի կունենա նախագահներ Բայդենի և Պուտինի հանդիպումից առաջ», - նշել է դեսպանը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն օրերս իր ելույթում վկայակոչել է Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովին, ով ասել է, թե նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը լուրջ խորհրդակցությունների համար վերադառնա Վաշինգտոն: Ջոն Սալիվանը, հավանաբար, հաշվի է առել նաև ռուսական կողմի տեսակետը:

Նախօրեին ռուս-ամերիկյան հարաբերությունների թեման քննարկել են դեսպանի ազգանվանակիցը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:

Ռուս-ամերիկյան հարաբերությունները ստիպում են խոսել սառը պատերազմի մասին, և այդուհանդերձ երկու գերտերությունների ղեկավարները փորձում են պահպանել երկխոսությունը:

Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել որևէ երրորդ երկրի տարածքում: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա Եվրոպայում, սակայն կոնկրետ երբ և որ երկրում՝ այս պահին ստույգ տեղեկություններ չկան, կողմերը մի քանի տարբերակ են քննարկում:

XS
SM
MD
LG