Մատչելիության հղումներ

Պրահան և Մոսկվան փոխադարձաբար դիվանագետներ են արտաքսում


Չեխիայի տարածքը լքելու կարգադրություն ստացած Ռուսաստանի դիվանագետներն ընտանիքի անդամների հետ միասին բարձրանում են Մոսկվայից ժամանած օդանավ, Պրահա, 19 ապրիլի, 2021թ.
Չեխիայի տարածքը լքելու կարգադրություն ստացած Ռուսաստանի դիվանագետներն ընտանիքի անդամների հետ միասին բարձրանում են Մոսկվայից ժամանած օդանավ, Պրահա, 19 ապրիլի, 2021թ.

Ամերիկյան ընտրություններին միջամտելու, Ուկրաինայի սահմաններին ռուսական զորքեր մոտեցնելու, Ալեքսեյ Նավալնիին բանտում առողջական ծանր վիճակի հասցնելու և բազում այլ հանգամանքների բերումով Ռուսաստանի և Արևմուտքի կապերն արդեն անվանում են «նոր սառը պատերազմ»:

Եվ ահա այդ լարված իրավիճակում սոսկ մի քանի օրվա ընթացքում խիստ սրվում են գերհզոր Ռուսաստանի և ռազմաքաղաքական կարողությունների առումով եվրոպական համեստ երկրի՝ Չեխիայի հարաբերությունները: Պրահան ռուս դիվանագետների է արտաքսում ոչ թե Վաշինգտոնի հետ համերաշխությունը դրսևորելու, այլ սեփական անվտանգությունը պաշտպանելու համար:

Չեխիայի դեպքում խոսքը Մորավիայի շրջանում գտնվող Վրբետիցե ավանում 2014 թվականի հոկտեմբերի 16-ին և դեկտեմբերի 3-ին զինամթերքի երկու պահեստների պայթեցումների մասին է, որոնց հետևանքով երկու մարդ է զոհվել: Չեխիան այդ պայթյունները որակել է որպես «ահաբեկչություն, որը կազմակերպել են Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործակալները»:

«Հիմք առնելով մեր անվտանգության ծառայությունների հետաքննությունների ընթացքում ձեռք բերված հստակ ապացույցները, ես կարող եմ ասել, որ 2014 թվականին Վրբետիցեի շրջանում զինապահեստների երկու պայթյունների հետ առնչություն ունի Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) թիվ 29155 խումբը, պայթյունները նյութական մեծ վնաս են հասցրել, երկու մարդու կյանք են խլել, որպես ինքնիշխան երկիր՝ մենք պատասխան ենք տալիս»,- անցած շաբաթավերջին ասել է վարչապետ Անդրեյ Բաբիշը և խոսքը փոխանցել արտգործնախարարի պաշտոնակատար, փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Յան Համաչեկին:

«Որպես արտգործնախարար` ես որոշել եմ արտաքսել Չեխիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների, ովքեր առնչություն ունեն Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ: Ռուսաստանցի 18 դիվանագետներ պարտավոր են 48 ժամում լքել մեր երկրի տարածքը»,- ասել է արտգործնախարարի պաշտոնակատարը:

Հիշո՞ւմ եք 2018-ին Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային «նովիչոկով» թունավորելու պատմությունը: Երկու գործակալներ՝ Ալեքսանդր Պետրով և Ռուսլան Բոշիրով (իրական անուններն, ըստ արևմտյան հետախուզության՝ Ալեքսանդր Միշկին և Անատոլի Չեպիգա) ռուսական հեռուստատեսությանն ասել են, որ շատ էին ուզում տեսնել «Սոլսբերիյսիի սոբորը»: Զարմանալի էր, իհարկե, որ նրանք ցանկանում էին տեսնել տաճար մի քաղաքում, որտեղ պատահական զուգադիպությամբ Սկրիպալն է ապրում:

Պետրովն ու Բոշիրովը 2018 թվականի մարտի 2-ին «Աերոֆլոտի» օդանավով մեկնել են Լոնդոն, հանգրվանել են հյուրանոցում, որտեղ հետագայում բրիտանացի փորձագետները «նովիչոկի» հետք են հայտնաբերել: Մարտի 3-ին նրանք գնացքով մեկնել են Սոլսբերի, նույն օրը վերադարձել են Լոնդոն և երևի այնքան «տպավորված են եղել տաճարով», որ մարտի 4-ին առավոտյան նորից գնացքով մեկնել են Սոլսբերի:

Այդ օրը Սկրիպալները ճաշել են ռեստորանում, որտեղ ավելի ուշ «նովիչոկի» հետք են հայտնաբերել, հետո գնացել են այգի, որտեղև կորցրել են գիտակցությունն ու փոխադրվել են հիվանդանոց:

Իսկ երկու չեկիստները հենց մարտի 4-ին վերադարձել են Լոնդոն, որտեղից երեկոյան «Աերոֆլոտի» չվերթով վերադարձել են Մոսկվա: Փաստորեն, դրանից 4 տարի առաջ էլ զույգն այցելել է Չեխիա, և այս ուղևորությունն էլ աղետաբեր է եղել:

Չեխերն անցած շաբաթ օրը բողոքի ցույց են անցկացրել Պրահայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ:

«2014 թվականի հարձակումը Սոլսբերիի գրոոհից ավելի վտանգավոր էր, Չեխիայի տարածքում չեխեր են սպանվել մեկ ուրիշ պետության գործակալների ձեռքով, դա գրեթե պատերազմ է»,- ասել է ակցիայի կազմակերպիչ Տոմաշ Պեսինսկին:

«Մեզ համար դա շոկ էր, որովհետև պարզվեց, որ պայթյունը ոչ թե զինապահեստների աշխատողների անփութության հետևանք էր, այլ միջազգային զարգացում, այդ ես հասկանում, երբ տեսնում ես, թե ինչ է կատարվում ռուս-ամերիկյան հարաբերությունենրում, ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, և ինչ եղավ մեր զինապահեստի հետ, սարսափելի է»,- ասել է Վրբետիցե ավանի քաղաքապետ Զդենեկ Հովեզակը:

Այնուամենայնիվ, ռուսները խիստ վրդովված են, համարում են, որ Պրահան ընդամենը երկրորդում է Վաշինգտոնին:

«Մենք մեր խիստ անհաձայնությունն ենք հայտնում Չեխիայի կառավարության եզրակացությունների հետ և նրանց որոշումը գնահատում ենք որպես սադրանք և անբարյացակամ քայլ»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Մոսկվան ի պատասխան 18 ռուս դիվանագետի արտաքսելու Պրահայի որոշման` հայտարարել է 20 չեխ դիվանագետի վտարելու մասին:

Այսօր Չեխիայի արտգործնախարարի պաշտոնակատարն ասել է, թե հաշվի կառնի այդ անհամաչափությունը և նոր քայլերի կդիմի: Փաստորեն, ռուս-չեխական դիվանագիտական ճգնաժամը դեռ գագաթնակետին չի հասել:

XS
SM
MD
LG