Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել


ԱՄՆ և ՌԴ նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը:

Միացյալ Նահանգներն այսօր հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Ապրիլի 13-ին նախագահ Ջո Բայդենը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հանդիպել որևէ երրորդ երկրում և քննարկել երկկողմ հարաբերությունների առավել կնճռոտ խնդիրները: Ենթադրվում է, որ դա կարող է տեղի ունենալ Եվրոպայում:

Երեկ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հանդիպման է հրավիրել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանին: Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, Ուշակովը դեսպանին է ներկայացրել Կրեմլի դիրքորոշումը՝ «Եթե Ամերիկան ցանկանում է բարելավել կապերը Ռուսաստանի հետ, ուրեմն ոչ մի նոր սանկցիա»:

Եվ ահա արդեն այսօր հայտնի դարձավ, որ Ամերիկան ընդունել է 10-ը ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշում և սահմանել է պատժամիջոցներ մի քանի տասնյակ պաշտոնյաների, ինչպես նաև կազմակերպությունների նկատմամբ:

Արտաքսման հրահանգ ստացած մարդկանց թվում են դիվանագիտական անձնագրերով ռուսական հետախուզական կառույցների ծառայողները: CNN-ը հայտնել է, որ Նյու Յորքում և Վաշինգտոնում հավատարմագրած ռուսաստանցի դիվանագետներին կտրվի 30 օր Ամերիկայի տարածքը լքելու համար:

Պատժամիջոցների ենթարկվածների ցանկում 32 ֆիզիկական անձ է և վեց ընկերություններ, որոնք նպաստում են Ռուսաստանի ապօրինի կիբերակտիվությանը: Այդ անձինք և ընկերությունները փորձել են միջամտել 2020 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին և ապատեղեկատվություն են տարածել:

Ըստ ամերիկյան հետախուզական կառույցների, կիբերգրոհների նպատակն էր նոյեմբերյան ընտրություններում սատարել գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին և վարկաբեկել դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենին:

Ամերիկյան կողմը պատժում է ռուսներին նաև Աֆղանստանում ապակայունացնող գործողությունների դիմելու, մասնավորապես, ԱՄՆ-ի և դաշնակիցների զինծառայողների վրա հարձակվող թալիբներին պարգևավճարներ տրամադրելու համար:

Պատժամիջոցները սահմանվում են ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով SolarWinds ընկերության կայքէջը հաքերային գրոհով կոտրելու և դրա միջոցով ամերիկյան բազմաթիվ մասնավոր և առնվազն 9 պետական հիմնարկների, այդ թվում՝ ԱՄՆ ֆինանսների, առևտրի և արդարադատության նախարարությունների կայքէջեր ներխուժելու համար:

Վերլուծաբանները հանգել են այն եզրակացության, որ կիբերային գրոհն իրականացրել է APT29, նույն ինքը Cozy Bear հաքերային խումբը, որն աշխատում է Ռուսաստանի արտաքին հետախուզության պատվերով:

Երեկ Վաշինգտոնում ԱՄՆ Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում ռուսական վտանգին է անդրադարձել Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնզը:

«Ռուսաստանը կշարունակի կիրառել կիբերկարողությունները և սպառնալ Միացյալ Նահանգներին ու մեր դաշնակիցներին, խեղաթյուրել ընրարշավները հատկապես ամերիկյան ընտրությունների պարագայում, պառակտումներ սերմանել և ազդել ընտրություններում որոշումներ կայացնելու վրա»,- ասել է Հեյնզը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը դատապարտում է սանկցիաների քաղաքականությունը և այն ապօրինի է համարում:

«Փոխադարձության սկզբունքն ուժի մեջ է, և բոլոր դեպքերում Ռուսաստանը կձեռնարկի պատասխան միջոցներ սեփական շահերը երաշխավորելու համար»,- ասել է Պեսկովը:

Նույնը կրկնել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ասելով, թե «պատասխանն անխուսափելի է լինելու»:

Վաշինգտոնն այս անգամ պատժի նոր եղանակ է ընտրում՝ ամերիկյան ֆինանսական հաստատություններին կարգելվի անմիջական կարգով գնել Ռուսաստանի ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի և Ազգային հարստության հիմնադրամի պարտատոմսերը:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի բյուջեի և ֆինանսական շուկաների կոմիտեի փոխնախագահ Սերգեյ Ռյաբուխինը վստահեցնում է, թե ռուսական պետական պարտքը սանկցիաների ենթարկելն, իհարկե, վնաս կհասցնի Դաշնության տնտեսությանը, սակայն դա ճգնաժամ չի առաջացնի, քանի որ Ռուսաստանն ունի և՛ անհրաժեշտ ներքին պահուստ, և՛ ոչ դոլարային արտարժույթով արտաքին միջոցներ:

«Մենք միշտ ահազանգել ենք այն մասին, որ մեր միջոցների և պաշարների տեղաբաշխումն ամերիկյան արժեթղթերով հասել է վտանգավոր աստիճանի և շատ ռիսկային է: Կառավարությունը և, մասնավորապես, Ֆինանսների նախարարությունը մեր նախազգուշացումներին արձագանքել են և համապատասխան միջոցներ են ձեռնարկել պաշարներն այլ արժեթղթերով վերաբաշխելու համար»,- ասել է ռուսաստանցի սենատորը:

Այնուամենայնիվ, չնայած այդ հավաստիացումներին, երեկվանից՝ երբ հրապարակվել են մոտալուտ սանկցիաների մասին առաջին լուրերը, ռուսական ազգային տարադրամի՝ ռուբլու արժեզրկումն արագացել է:

XS
SM
MD
LG