Մատչելիության հղումներ

«Պետք է սովորենք հանդուրժել միմյանց»․ Շուշիի երբեմնի բնակիչ ադրբեջանցին՝ հայերի հետ ապագա հարաբերությունների մասին


Արցախ, Շուշիի համայնապատկեր, արխիվ

Պաշտոնական Բաքվի տվյալներով՝ մոտ 800 հազար ադրբեջանցի արդեն դիմում է ներկայացրել կառավարությանը` վերջին պատերազմից հետո ազատագրված տարածքներ վերադառնալու համար, գրում է The Wall Street Journal-ը, փաստելով` դա ամենևին էլ հեշտ չի լինելու:

Առաջին պատերազմից հետո տուժած այդ բնակավայրերում վերականգնողական ահռելի աշխատանքներ ու գումարներ են պետք։ Քանդված ու փլուզված շենքերի կողքին` ամենուր ականներ են ու չպայթած զինամթերք, երկաթգիծն ու օդանավակայանը վաղուց են շարքից դուրս եկել, և հաղորդակցության միակ հնարավորությունը մնացել են ավտոմեքենաները, ինչն էլ ավելի է դժվարացնում լայնածավալ ու արագ վերակառուցման հեռանկարը:

Խնդիրը, սակայն, միայն ենթակառուցվածքների բացակայությունը չէ, գրում է ամերիկացի լրագրողը, մանրամասնելով՝ կառավարությունը դեռ հստակ չի ասել՝ որքան գումար կպահանջվի, սակայն անկախ տնտեսագետների հաշվարկներով՝ ծախսերը կարող են գերազանցել Ադրբեջանի ներկայիս բյուջեն, որը տարեկան հասնում է մոտ 15 միլիարդ դոլարի: Առայժմ, կառավարությունը դրա միայն 10 տոկոսն է տրամադրել տարածքների վերականգնմանը, «դա բավարար չէ», - խոստովանել է խորհրդարանի տնտեսական զարգացման հարցերով հանձնաժողովի նախագահ Թահիր Միրկիսիլին:

Չնայած վերադառնալու մեծ ցանկությանը` բազմաթիվ են հարցերը նաև շարքային ադրբեջանցիների համար։ «Մենք 30 տարի սպասել ենք այս օրվան», - ասել է Աղդամում ծնված Ալաստուն Փաշաևն ու միաժամանակ ընդունել, որ կառավարության տված հաշմանդամության թոշակով և 135 դոլար նպաստով, որը տրամադրվում է բռնի տեղահանվածներին, իրենց ընտանիքը չի կարող վերագտնել այն կյանքը, որ թողել էր Աղդամում Ղարաբաղյան առաջին պատերազմից առաջ:

Երկրորդ պատերազմից ու տարածքների վերադարձից հետո դեռ միանշանակ չէ նաև, թե արդյոք հայերն ու ադրբեջանցիները այսուհետ կկարողանան կողք-կողքի ապրել։ Ֆիզուլիում ծնված ադրբեջանցիներից մեկը, ով տասնամյակներ առաջ պատերազմում եղբորն է կորցրել, հիմա էլ փլուզված գերեզմանատանը շիրմաքարն է փնտրում, WSJ-ին ասել է․ - «Ես շատ կուզեի իմ ծննդավայրը վերադառնալ, բայց միայն այն դեպքում, եթե հայերը հեռու մնան այդ շրջանից»:

Մյուսները, մինչդեռ, ընդունում են, որ անհրաժեշտ են փոխզիջումներ: Ամերիկացի լրագրողը, մասնավորապես, հանդիպել է Շուշիի երբեմնի բնակիչներից մեկին` 57-ամյա Քարիմ Քերիմլիին, ով ուշագրավ մի պատմություն է պատմել, որ տեղի է ունեցել առաջին պատերազմից հետո, երբ քաղաքն անցել էր հայերի վերահսկողության տակ: «Քերիմլին միշտ էր ցանկանում Շուշի վերադառնալ, սակայն դա նրան հաջողվել է միայն մեկ անգամ` 1998-ին,երբ օտարերկրյա դեսպանատներն էին շրջայց կազմակերպել լրագրողների համար: Քերիմլին բարձրացել է ցանկապատի վրա, որպեսզի գոնե հեռվից տեսնի իր հայրենի տունը: Այնտեղ ապրող երիտասարդ հայ ընտանիքը ադրբեջանցուն ոչ միայն ներս է հրավիրել, թեյ հյուրասիրել, այլև հավաստիացրել` «երբ վերադառնաք, մենք ձեր տունը կրկին ձեզ ետ կտանք»: Հայերի այս վերաբերմունքը Քերիմլիին հիշեցրել է` որքան շատ էին այն հայերն ու ադրբեջանցիները, որոնք պատերազմից առաջ Շուշիում լավ հարաբերություններ ունեին: Հիմա, համոզված է Քերիմլին, ժամանակն է, որ ինքը վերադառնա և ների. - «Մենք պետք է սովորենք հանդուրժել միմյանց, այլ տարբերակ չկա», - ասել է նա WSJ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG