Մատչելիության հղումներ

Հայաստանի ԳԱԱ-ն դիմում է Մինսկի խմբի համանախագահներին


Ռուս խաղաղապահը Դադիվանքում, նոյեմբեր, 2020թ․

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) գտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանությունը և անխաթարության ապահովումը տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու, հումանիտար ճգնաժամը հաղթահարելու առանցքային պայմաններից մեկն է և անհետաձգելի լուծում է պահանջում:

«Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդող այս ամիսներին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության գործելաոճը, սոցցանցերում և միջազգային հարթակներում տիրաժավորվող կեղծիքն ու ռազմատենչ հռետորաբանությունը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունն ամեն ինչ անելու է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերը վիժեցնելու և Արցախը հայաթափելու համար։

Տարիներ շարունակ հայերին և հայկականությունը մերժող ատելության խոսքի շնորհիվ այսօր արդեն հայատյացությունն ադրբեջանական հանրության ինքնության կարևոր բաղադրիչի է վերածվել», - շեշտում է Ակադեմիան այսօր տարածած հաղորդագրությունում։

«Ադրբեջանի ղեկավարությունը տարածաշրջանի պատմության կեղծման, հայոց մշակու-թային ժառանգության ոչնչացման կամ «ալբանականացման» քաղաքականութ¬յունն այս օրերին դարձրել է ազգային նպատակ: Իլհամ Ալիևի մասնակցությամբ Շուշին ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք հռչակելու հիմնազուրկ առաջարկի քննարկումները, Արցախի հայկական եկեղեցիները ոչնչացնելու մասին Ադրբեջանի ճարտարապետների ասոցիացիայի նախագահի հայտարարությունը, Դադիվանքում ուդի Ռաֆիկ Դանաքարիին սպասավոր նշանակելու և թատերականացված «ծիսական» արարողությունների ցուցադրությունը, Արցախում 300 «աղվանական» եկեղեցիների մասին լրատվամիջոցներով սադրիչ հայտարարությունն այդ քաղաքականության կենսագործման ակնհայտ վկայություններն են», - ասված է հաղորդագրությունում։ - «Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, օտարման քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացվում է որպես աղվանական ժողովրդի կրոնական իրավունքի վերականգնման քայլ՝ այդ նպատակի համար օգտագործելով Ադրբեջանում քաղաքական պատանդի կարգավիճակով գոյատևող ուդի ժողովրդի ներկայացուցիչներին: Ներկայումս ամեն գնով փորձ է արվում կյանքի կոչել նորահնար «Ուդիական» եկեղեցու նախագիծը: Այն դարձել է հայամերժ ազգային նպատակի, պատմության կեղծման կարևոր գործիք: Ադրբեջանական իշխանություններն առիթը բաց չեն թողնում հայտարա¬րելու, որ իբրև «Աղվանից» եկեղեցու իրավահաջորդ «Ուդիական» եկեղեցին իրավունք ունի տնօրինելու Արցախում, պատմական Ուտիքում, անգամ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող և ադրբեջանական աճպարար պատմաբանների կողմից աղվանական հռչակված եկեղեցիները»:

Գիտությունների ազգային ակադեմիան ընդգծում է, որ նման գործելակերպը գիտական առումով որևէ քննադատության չի դիմանում և քաղաքական առումով բարոյականության հետ նվազագույն աղերս չունի, ապա շարունակում․ - «Պատմական փաստերը վկայում են, որ Աղվանից եկեղեցին պատմության ողջ ընթացքում սերտորեն կապված է եղել Հայոց եկեղեցուն, առաքելական քարոզության շրջանից հետո վերահաստատվել է Գրիգոր Լուսավորչի թոռան՝ Գրիգորիսի կողմից 330-332 թթ. և հետագա պատմության ողջ ընթացում «ի հոգևորս» մաս է կազմել Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգի։ Աղվանից եկեղեցու առաջնորդները ձեռնադրվել են Հայոց եկեղեցու կաթողիկոսների կողմից, կամ, երբեմն՝ նրանց համաձայնությամբ: Զարգացած միջնադարում Աղվանից եկեղեցին ամբողջապես հայկականանում է, երբ 15-րդ դարի սկզբից Գանձասար է փոխադրվում կաթողիկոսական աթոռը, «Աղվանից կաթողիկոս» կապակցությունը մնում է որպես անցյալից ավանդված պատվո անուն»:

«Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կոծկելու համար Ադրբեջանի առաջին դեմքի մակարդակով հայտարարություններ են տարածվում, որ հայերն իբրև թե ոչնչացրել են Արցախի տարածքում գտնվող թվով 67 մզկիթներից 64-ը: Այս հայտարարությունն ակնհայտ սուտ է և քաղաքական ենթատեքստ ունի: Բավական է նշել, որ Ադրբեջանի կառավարության 1988թ հաստատված և պետական պահպանության տակ առնված պատմության և մշակույթի հուշարձանների ցանկի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում և հարևան շրջաններում արձանագրված է 27 մզկիթ: Այս ցանկում արձանագրված է, որ Լեռնային Ղարաբաղում իբրև թե 282 հուշարձան կա: Այսօր Լեռնային Ղարաբաղի սահմաններում հաշվառված և գրանցված շուրջ 3900 հուշարձան կա, այդ թվում՝ 241 վանք ու եկեղեցի: Դաշտային հետազոտական աշխատանքների շնորհիվ հիմնովին թարմացվել է նաև Քարվաճառի ու Քաշաթաղի հուշարձանների ցանկը: Վկայագրվել և գրանցվել է շուրջ 750 հուշարձան, այդ թվում 53 վանք ու եկեղեցի: Այս տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ փաստերի կեղծումը Ադրբեջանի պետական քաղաքականության կարևոր մասն են կազմել տասնյակ տարիներ:

Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողություններից հետո այս հուշարձանների զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել և վաղ թե ուշ Նախիջևանի տարածքի հայկական մշակութային ժառանգության ճակատագրին են արժանանալու՝ ավերվելու են, կամ, լավագույն դեպքում, անվանափոխվելու և «աղվանականացվելու են», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան «առանձնապես գնահատում է Դադիվանքի պահպանության ռուսական խաղաղապահների հանձնառությունը և գտնում, որ այդ հանձնառության շրջանակները պետք է ընդլայնվեն՝ պատմամշակութային հուշարձաններում վանդալիզմի և ավերումների դեպքերը հնարավորինս բացառելու համար», նաև բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի այս տարվա հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) զեկույց-բանաձևում Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթների ամրագրումը, հույս հայտնում, որ կմշակվեն գործուն մեխանիզմներ դրանց լուծման համար:

Ակադեմիան դիմում է Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ խնդրելով օժանդակել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (UNESCO)՝ ռազմական գործողությունների տարածքում մշակութային ժառանգության վիճակը գնահատելու մշտադիտարկում իրականացնելու համար: «Միաժամանակ կոչ ենք անում մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային կառույցներին՝ Թանգարանների միջազգային խորհրդին (ICOM), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդին (ICOMOS), Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալյանսին գործուն քայլերով օժանդակել և խրախուսել UNESCO-ին այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար», - ասված է ՀՀ ԳԱԱ հաղորդագրությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG