Մատչելիության հղումներ

«Քաղաք չեմ ուզում, մեր գյուղն եմ ուզում»․ Մեծ Թաղերի բնակիչ


Հադրուդցիների բողոքի ցույցը Հանրապետության հրապարակում

Մեծ Թաղեր գյուղից Զինա Միրզախանյանն ու իր հադրութցի հայրենակիցներն այսօր կառավարության շենքի առջև էին հավաքվել։ Նամակ էին բերել Հայաստանի իշխանություններին։ Նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ու Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների դեսպանատներին են դիմում Արցախի անկախության ճանաչման ու հայկական Հադրութի վերադարձի պահանջով։

«Արցախը հենց Հադրութն ա, Շուշին ա, Շահումյանն ա․․․ Հորադիզը, Ֆիզուլին Արցախ չի, թող մնա, վերցնում են, թող վերցնեն։ Դժվար եմ ասում, էդ էլ ա մերը, զինվորներ ենք կորցրել, տղաներ ենք կորցրել ազատագրելու համար։ Բայց Արցախը Հադրութն ա, Արցախը Շուշին ա, Արցախը Շահումյանն ա, պիտի անպայման հետ վերցնենք», - ասաց ցուցարարներից Ամալյա Այխանյանը։

Հադրութցիներն ամեն տարի այսօրը հավաքվում էին քաղաքի հրապարակում։ 88-ի փետրվարի 12 ին Արցախյան շարժումը ծավալվեց Հադրութում հրավիրված առաջին հանրահավաքից, այստեղ առաջին անգամ բարձրաձայն հնչեցին Հայաստանի հետ Արցախի միացման կոչերը։

Այդ հավաքի կազմակերպիչներից Լևոն Հայրյանն ասում է, որ պրոցեսն սկսվել էր ավելի վաղ շարժման գլխավոր դեմքերից Իգոր Մուրադյանի գլխում․ - «85 թվականի ամառվանից արդեն սկսել ենք համագործակիցներ հավաքելով, ամեն ինչ անելով․․․ ստորագրությունները 87 թվականի աշունը վերջացրել ենք։ Հետո համայնքներում ժողովներ ենք արել։ 87 թվին արդեն հայտնում էինք անհնազանդություն Ադրբեջանին։ Պարզապես 88 թվականի փետրվարի 12-ին առաջին պոռթկումը եղավ»։

Այժմ էլ, ասում է Լևոն Հայրյանը, պետք է պայքարենք, որպեսզի մեր բոլոր հիշարժան օրերը Հադրութում նշենք․ - «Վերջին անգամը թող լինի, որ Հադրութում չենք նշում այս օրը»։

Այս պատերազմից հետո հադրութցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել՝ «Հանուն Հադրութի», «Հադրութի դեօկուպացիա»։ Նրանց օրակարգում Հադրութի վերադարձի հարցը բանակցային սեղանին դնելն է։ Հադրութցիների զգալի մասը անտուն, անհասցե՝ ժամանակավոր կացարաններում են Հայաստանում ու Արցախում։

«Մենք ուզում ենք, որ Ղարաբաղին կարգավիճակ տրվի, մենք իմանանք ինչ պետության մեջ ենք ապրելու։ Եթե Արցախը անկախ պետություն է՝ անկախ պետության մեջ ապրենք, եթե Հայաստանին է միացնում՝ ուրեմն որպես Հայաստան ապրենք։ Մենք ուզում ենք կարգավիճակ։ Հենց կարգավիճակը տրվեց Ղարաբաղին՝ միջազգայնորեն ճանաչված, մենք բոլորս մեկ մարդու պես վերադառնում ենք մեր հայրենիք», - ասաց Գոհար Ղահրիյանը։

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկու ոտքը կորցրած Յակով Ալթունյանը նույնպես Հանրապետության հրապարակում էր։ Ասում է՝ Արցախի կարգավիճակի հստակեցումը, նույնիսկ այս եղած փոքր սահմաններով, իրենց համար փրկություն կլինի․ - «Որտե՞ղ պիտի բնակվի հադրութեցին։ Փախստականի ճակատագրով չափելո՞ւ ենք աշխարհը, գնալու ենք աշխարհի դռները ծեծելո՞ւ ենք ուզողի, մուրացկանի կարգավիճակով, թե՞ ունենալու ենք հայրենիք»։

13 հազար բնակիչ ունեցող Հադրութի շրջանի բոլոր 30 գյուղերն այսօր Ադրբեջանի հսկողության տակ են։

«Թուրքը Հադրութ երբեք չէր մտել», - ցավում է Մեծ Թաղերի 20 տարվա գյուղապետ Վլադիկ Դանիելյանը, որ հոկտեմբերին կորցրել է շրջանը, գյուղն ու տունը. – «Երեսուն տարիների էդ հպարտությունը արդեն կորցրել ենք, հպարտության էդ արժեքը, որը հիմք ա դառել ստեղծելու ազատ, անկախ Ղարաբաղ աշխարհ։ Էսօր և՛ Ղարաբաղ ենք կորցրել, և՛ ազատ ու անկախ ապրելակերպ ենք կորցրել, և՛ իշխանություն ենք կորցրել Ղարաբաղում, և՛ հայրենիք ենք կորցրել, և՛ ամեն ինչ ենք կորցրել։ Եթե մենք հայրենիք չունենք․․․ եթե մարդուն ուզում են վիրավորեն, ասում են անհայրենիք շուն։ Ես ինքս ինձ համարում են անհայրենիք շուն․․․»

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG