Մատչելիության հղումներ

Սահմանամերձ Շուռնուխ. կյանքը ադրբեջանցիների հետ կողք կողքի


Շուռնուխցի Անուշ Գյագունցի խանութն ուղիղ ադրբեջանցի զինվորների հենակետին է նայում, նրանց բաժանում է մի քանի մետր լայնքով ճանապարհը: «Ոչ մի դրական էմոցիա»,- ասում է խանութպանը` հավելելով. - «Թուրքերի կյլուխը թաղեմ, իբր շատ եմ ուզում ապրին, մի հատ էլ ուտելիքը տամ, ուտե՞ն»:

Աչքի առջև է նաև Կուբաթլուի շրջան` Շուռնուխքենդ ցուցանակը, այս մեկը չտեսնելու է տալիս և կենտրոնանում ճիշտ ցուցանակի մոտ հայկական եռագույնի ներքո ծառայություն իրականացնող հայ սահմանապահ տղաների վրա. «Մեր զինվորները որ կանգնած են, մենք չենք վախում, արխային ենք, մեր զինվորների ցավը տանեմ»:

Շուռնուխում այս մի կրպակն է, ու ևս մի խանութ կա, Լուսինե Ալեքսանյանը բիզնես ջիղն արթուն է պահում. «Ռուսներն են մենակ գալիս, թուրքերը չեն գալիս, դե խի՞ չեմ սպասարկի (որ գան-խմբ.) ես առևտուր եմ անում, ինձ համար ի՞նչ տարբերություն թուրքը, հայը, վրացին»:

Միայն թե այս ամենը նրա ամուսինը չպետք է լսեր. «Կյան, մտնեն ստեղ, գյուլլելու եմ, վեր կցեմ», - ասում է Հարություն Ղազարյանը:

Ադրբեջանցիների այս գյուղ մտնելուց հետո որևէ միջադեպ չի արձանագրվել, ասում են բնակիչները, հաստատում է գյուղապետը: Հայկական Շուռնուխի ներքևի թաղամասն ադրբեջանցիներին անցավ եռակողմ հայտարարությունից հետո, երբ Սյունիքում սկսվեցին սահմանային ցավոտ ճշգրտումները: Գյուղի ներքևի թաղամասը՝ 12 տուն անցավ Ադրբեջանին: Հիմա Շուռնուխի ճանապարհը միջազգային մայրուղու է նման՝ հայկական եռագույնն է, ռուսական դրոշը, կողքին` ադրբեջանականը։ Բոլոր կողմերն իրենց սահմանապահներով՝ իրենց հենակետերում, այստեղ ադրբեջանցի զինվորները փայտ են կտրատում հենց Շուռնուխի գյուղամեջում։ 35 ադրբեջանցի մշտապես է հերթապահում։

Կայուն մանթրաշ, Շուռնուխի գյուղապետը այսպես է պատասխանում ինչպե՞ս եք հարցին։ Ճիշտ է, ասում է` որևէ տհաճ միջադեպ չի եղել, բայց տագնապում է, որ կրկնվի այն, ինչ 90-ականներին էր կատարվում Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում. «Անզեն աչքով նայելիս սա անվտանգ կարա՞ կոչվի, եթե ամեն պահ կարա ստեղ մարդաորս լինի, եթե այս հատվածը երկու ամիս հետո ծառերով կանաչեց, երկկողմանի խիտ անտառ, ու մայրուղին մեջով գնում է, ամեն ձև դիվերսիոն հարձակումներ կլինեն, մարդ կգողանան, մեքենա կտանեն», - նշում է Հակոբ Արշակյանը:

Գյուղապետի տունն էլ է մնացել ներքևում` Ադրբեջանին, ոչ թե իր տունն է ուզում, այլ թաղը, ասում է՝ հոգեբանորեն է ազդում. շուռնուխցիների պատուհանից ադրբեջանցի զինվորներն են երևում ճամփի վրա. «Մեր գյուղացիները նենց չի, որ ասենք սարսափած են, բայց շատ տհաճ է, հասկանում ես` քո երեխան պատուհանից նայում է, թուրք է տեսնում, դա ազդում է և՛ երեխու վրա, և՛ ծնողին է ազդում: Թող գնան, այն բարձունքներում նստեն, դրանից էլ չենք վախում, բայց գյուղից դուրս գան, գյուղը մերն ա, ես իմ տունը չեմ ուզում, ոչ մի բան չեմ ուզում, այնտեղ չեմ ապրի բայց իրանք ստեղ չլինեն»:

Իսկ որ Շուռնուխը հայկական բնակավայր է, փորձել է ապացուցել քարտեզներով: Ահա ներքևի թաղն է` կարմիրով նշված։ Տներն, ասում է, 30-ականներին են կառուցվել, մինչև 80-ականների վերջը այստեղ ադրբեջանցիներ էլ են ապրել, բայց ասում է` գյուղը Գորիսի տարածաշրջանում էր պաշտոնապես. «Անձնագիրը ստացել ենք Գորիսի անձնագրային բաժնից, գրված է եղել, ընդունենք, Սովետական Հայաստանի Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի բնակիչ Ալի, ազգությամբ ադրբեջանցի: Կապի մեր փոստի շենքն ա եղել, Հայաստանի փոստի շենքը Ադրբեջանի՞ն են տալիս»:

Գյուղապետն էլի շատ հարցեր ունի, գյուղի դիրքերը, Որոտանի ձորակը պատերազմի բոլոր օրերին անխախտ պահեցին, հետո պարզվեց` պետք է հանձնեն, և ինչո՞ւ սահմանային ճշգրտումների ժամանակ իշխանության որևէ ներկայացուցիչ իրենց կողքին չէր, միայն վերջերս եկան ու գյուղի զարգացման վերաբերյալ խոստումներ տվեցին. «Կառավարությունն էնքան ա թույլ տվել, որ կասկածամիտ է դարձել ժողովուրդը, բայց փառք Աստծո, մի անձնավորություն է գործուղվել էստեղ` Ռոբերտ Ղուկասյան, որ ամեն տուն մտնելով-դուրս գալով, մի տան տղա ա ինքը ընդունվում, հավատում են էտ տղուն, անձամբ հավատում եմ», - ասում է Հակոբ Արշակյանը:

Տուն կորցրած 12 բնակիչների համար առանձատների շինարարությունը շուտով կսկսվի: Տաթև Ջավահիրյանի տունը ճանապարհի տակ է, ասում է` մինչև վերջին պահը չէի հավատում, որ տունն Ադրբեջանին է անցնելու, իրերը դուրս բերել չի հասցրել. «Չէինք պատկերացնում, որ կարող ա բանը հասներ սրան»:

Այժմ նոր տան կառուցմանն է սպասում մարզպետարանի տված տնակում, այստեղ խոհանոց, սանհանգույց, ոչ մի հարմարություն չկա, լողանալու համար գնում է հորանց տուն՝ Գորիս, բայց ուզում է ապրել միայն Շուռնուխում. «Հիմա առաջարկում են Գորիս, չէ, ստեղ եմ ուզում, որովհետև հարազատ է»:

Տուն կորցրած շուռնուխցիները գյուղից հեռանալ չեն ուզում, միայն մեկ հոգի է այդպիսի ցանկություն հայտնել, ասում է գյուղապետը: Հույս ունի, որ անվտանգության երաշխիքներն ու գյուղի զարգացման ծրագրերը չեն ուշանա, և իր 80 բնակիչները կմնան տեղում. «30 տարին քիչ չէ, հարմարված ենք ստեղ, լավ տեղ ա, վախվախելով ապրել կլինի՞»:

Ներքևի թաղ չմտնելու վերաբերյալ զգուշացումներ երեխաներն էլ են լսել. «Ներքևի թաղ գնում ենք, թուրքերը չեն բռնում մեզ»:

Խաղաղություն, գրված է Շուռնուխի գյուղսովետի նախկին շենքի ճակատին: Ադրբեջանական արկերից քարուքանդ եղած շենքը կառուցվել է 43 տարի առաջ, իսկ խաղաղության ուղերձն ուժի մեջ է մինչև այժմ:

Զաբել Կարապետյանը Շուռնուխ եկած վերջին բնակիչներից է․ այս պատերազմում կորցրեց տունը Արցախի Սարգսաշենում ու հաստատվեց այստեղ՝ որդու մոտ։ Գյուղամեջի ադրբեջանցիների մասին գիտի, այցելել չի փորձի. «Մինչև հիմա լուռ են…գուցե գնամ էնտեղ, գնդակահարեն, դա էլ չգիտեմ»:

Իսկ Ստյոպա Մովսիսյանին ադրբեջանցիներն իրենք են այցելել` թեյելու. «Խմորեղենով, թխվածքով, դե մենք էլ քաղցր հյուրասիրեցինք, խմին, գնացին»:

Պատմում է կինը` Լաուրա Թովմասյանը. «Բա կարելի՞ ա, մի քիչ զարմացած նույնիսկ, նայեցի ամուսնուս, դե ասի` համեցեք, ի՞նչ ասեի, եթե, բա` մենք եկել ենք խաղաղությամբ»:

Շահին անունով ադրբեջանցին տեսանյութ էլ է նկարահանել այս թեյախմության վերաբերյալ ու ըստ ամուսինների իրենց բառերը մի քիչ վերաձևած հրապարակել: Այս տունը ներքևի թաղում միակն է, որ մնացել է հայկական կողմում, ադրբեջանական GPS-ն է այդպես որոշել: Մովսիսյանի գոմի կեսը հիմա Ադրբեջանում է, կեսը` Հայաստանում։ Տունն էլ, բարեբախտաբար, մնացել է Հայաստանում, իսկ այստեղից ամուսինները հեռանալ չեն պատրաստվում, միայն թե, ասում են, պիտի ուժեղանանք. «Կարգին բանակ ունենանք, կարգին առաջնորդներ ունենանք, բնական է` լավ կլինի, բայց եթե տեսնեն` այսպես ասած, ոչխարի պես ենք կամ հավի, մորթեն, կուտեն»:

Շուռնուխցիները որպես անվտանգության երաշխիք նաև բնակությանը զինելու կարիքն են շեշտում, իհարկե ոչ բոլորին, հատուկ փորձաքննությամբ. «Պապիկ ունենք` Ռոման, ինձնից նեղանում ա, ասում ա` խի՞ չեք ինձ զենք տալիս, այ մարդ, ասում եմ` ձեռքդ դողում ա, չի ստացվում, տարիքդ», - պատմում է Արշակյանը:

Ռոմա Աթաբեկյանի պահանջը լռեցելու համար գյուղապետը նրան ռացիա է տվել. «Ավտոմատի տեղը էս են տվել, որ թուրքը հարձակվի, խաբար անեմ»:

Սարքը կիրառելու ոչ մի առիթ չի եղել, ոչ մի կասկածելի վարքագիծ, ասում է Ռոմա Աթաբեկյանը` խաղաղության հավատով, միայն թե կինը՝ Նաթելա Հարությունյանը ներքևում թողած տան ու ունեցվածքի մասին չի մոռանում և ամեն գիշեր լուսացնում է տագնապով. «Մի օր էլ մենք էստեղից թողնենք, դուրս գանք, ոնց որ ղարաբացիները, այ էտ վտանգը մենք սպասում ենք, որ կարող ա էստեղ էլ էտձևի կռիվ լինի»:

«Չի լինի, կռիվ չի լինի, մուտիլովկեք մի արեք», - ասում է մյուսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG