Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կսկսվի բնակելի նոր թաղամասի շինարարությունը


Պատերազմից հետո Սյունիքում սահմանային ճշտումների հետևանքնով այս գյուղի մի մասը՝ տներով հանդերձ, անցավ Ադրբեջանին։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է մարզի հետպատերազմական խնդիրներով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը։

Նա «Ազատությանը» տեղեկացրեց, որ խոսքը նվազագույնը 12 տների մասին է, որոնց շինարարությունը այս տարի կավարտեն․ - «Շուռնուխը պետք է ավելի լավ գյուղ լինի, քան առաջ էր՝ այն առումով, որ տնային ֆոնդը, բնակարանային ֆոնդը, տների վիճակը, թեկուզև ճանապարհի վերևում, իրենք շատ վատ վիճակում են։ Եվ այս հարցը պետք է, կարծում եմ, մեկընդմիշտ լուծվի»։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի տունն էլ է մնացել Ադրբեջանին։ Դառնացած է, փոխհատուցման ոչ մի ծրագիր նրան չի ոգևորի․ - «Մեզ ոչ մի բան պետք չի, մեր հո՛ղը։ Ես իմ տանը չեմ ապրի, ես կգնամ վարձով կապրեմ, բայց թող էդ հողը հետ տան մեզ, մեր ժողովրդինն ա, մերն ա, մեր ազգինն ա․․․ փաստացի մերն ա։ Ծաղրեցին, իրականում ծաղրեցին․․․»

Նախորդ շաբաթ Սյունիքի մարզում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Շուռնուխի գյուղապետը նրա հարցրել է՝ ինչո՞ւ այդքան ուշ․ - «Եթե էս մի ամսվա մեջԴուք չեք եկել, հիմա ինչի՞ եք եկել»։

Սյունիքի մարզում բազմաթիվ բնակավայրեր սահմանապահ են դարձել պատերազմից հետո։ Ամիսներ շարունակ համայնքապետերը ահազանգում էին, որ անվտանգության խնդիրներ կան, բանակցում էին ադրբեջանական կողմի հետ, ֆեյսբուքայն զգացմունքային միացումներով խնդրում իշխանություններին օգնել իրենց ապացուցելու, որ այս կամ այն տարածքը հայկական է ։ Մի քանի անգամ էլ սյունեցիները Գորիս - Կապան մայրուղին փակեցին։

«Կենտրոնական իշխանությունը Սյունիքի կողքին է», - երկու օր առաջ, երբ Սյունիքում հրավիրվել էր միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը, հայտարարեց փոխվարչապետ Ավինյանը. – «Կառավարությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել տնտեսական կոնկրետ միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, որոնք դրականորեն փոխելու են իրավիճակը՝ միևնույն ժամանակ լուծումներ ապահովելով առավել հրատապ խնդիրների համար»։

Կոնկրետ տուն կորցրած քաղաքացիներն այս փուլում կստանան միանվագ 300 հազար դրամ և ևս 6 ամիս 68 հազարական դրամ։ Այս պահի Շուռնուխում 12 ընտանիք է տուն կորցրել։

Իսկ Որոտան գյուղում Ադրբեջանին են անցել մեկ բնակելի տուն ու այգեգործական 100-ից ավելի տարածքներ։

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը հույս ունի, որ հողատերերն էլ փոխհատուցում կստանան․ - «Որ արդեն թղթերը սարքեն, սեփականաշնորհման դոկումենտենրը սարքեն, նոր սաղին պիտի փոխհատուցեն կամաց-կամաց»։

Սյունիքի հետպատերազմական խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը Որոտանում և Շուռնուխում համայնքապետերից ու բնակիչներից է առաջարկներ լսել, թե ինչ անել, որ անսպասելի սահմանապահ դարձած գյուղերում մարդիկ մնան՝ ապրեն։

Ղուկասյանն ասում է, որ քննարկում են ջերմոցային տնտեսություններ հիմնաելու, նաև խելացի անասնապահությունը զարգացնելու հարց։, Որոշ համայնքներում սակայն այս վերջինը դժվար է լինելու, հենց սերտ սահմանի պատճառով․ - «Ճիշտ է, էնտեղ մենք այսպես կոչված էլեկտրական հովիվներ տեղադրում ենք, բայց ամեն դեպքում պետք է հասկանալ, թե ինչքանով է արդյունավետ հիմնական շեշտադրումները դնել անասնապահության, հատկապես խոշոր եղջերավոր անասունների․․․»

Գլխավոր խնդիրը մնում է անվտանգության հարցը։

«Գլխավոր շտաբը որոշ լուծումներ առաջարկել է», - Կապանի նիստում ասել է փոխվարչապետը՝ առանց հավելյալ մանրամասների։

Կապանն էլ իր շուրջ 4 տասնյակ համայնքներով սահմանամերձ է դարձել։ Քաղաքապետ Գևորգ Փարսյանը հրաժարվել էր այս նիստին մասնակցելուց․ - «Ուրբաթ օրը էկան, մտան Որոտան, Շուռնուխ, չորս անց կես էկան Կապանում ինչ-որ մի հատ նիստ արեցին ու անմիջապես նիստից հետո թողեցին գնացին․․․ Դրա լրջությունը որն ա, ես չեմ հասկանում»։

«Հայկական հենակետերի ու ճանապարհների անվտանգության հարց կա», - դարձյալ առանց մանրամասների, ասում է քաղաքապետ Փարսյանը։ Ամեն օր էլ այս առումով նոր խնդիրներ են առաջանում․ Կապանի մի շարք գյուղերի անմիջական հարևանները՝ ադրբեջանցի զինվորականները կրակոցներ են արձակում, ոչ միայն փոքր զինատեսակներից, այլև խոշոր՝ ПК գնդացրից. – «Նոր կոնտինգենտ ա գալիս իրանց կողմից հերթապահության, ու դրանից հետո նկատվում ա էդ ակտիվացումը։ Նկատվում ա նաև տոնական օրերին, ենթադրվում ա, որ խմում-հարբում են ու սկսում են»։

Ըստ համայնքապետի, կրակոցները Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի հատվածում են։ Իսկ այստեղ սահմանապահ զորքեր տեղակայված չեն․․․

XS
SM
MD
LG