Մատչելիության հղումներ

Սահմանային գյուղերի բնակիչների կենսական իրավունքները վտանգված են. Մարդու իրավունքների պաշտպան


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզում, արխիվ

Նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից հետո անմխիթար վիճակում են նաև Գեղարքունիքի սահմանապահ գյուղերի բնակիչները։ Վտանգված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության ու մի շարք այլ իրավունքներ, ահազանգում է Վարդենիսի տարածաշրջանի Սոթք, Կութ, Նորաբակ ու սահմանապահ մյուս գյուղերից օրերս վերադարձած Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այդ իրավունքների ապահովման կոմպոնենտների թվում կարևոր դեր ունեն արոտավայրերը, ջրօգտագործման հնարավորությունները գյուղացիների համար, անգամ նաև անտառների, լեռների օգտագործման հարցերը: Ինչո՞ւ, որովհետև սահմանային բնակիչների համար, հատկապես Գեղարքունիքի մարզի այդ հատվածների և նաև Սյունիքի մարզի, դրանք կենսական նշանակություն ունեն, որովհետև այդտեղ մարդիկ սովոր են եղել տարիներ ի վեր զբաղվել գյուղատնտեսությամբ, հատկապես՝ անասնապահությամբ», - ասաց օմբուդսմենը:

Քարվաճառն Ադրբեջանին հանձնելու, սահմանների որոշման գործընթացի հետևանքով սահմանային Սոթք, Կութ, Նորաբակ ու այլ գյուղերի բնակիչները զրկվել են կարևոր նշանակության ջրային պաշարներից, արոտավայրերից, խոտհարքից, արձանագրել է Արման Թաթոյանը։ Իսկ այստեղ մարդկանց ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է, մասնավորապես, անասնապահությունը։

«Հետևաբար հիմա նրանք զրկվում են իրենց ընտանիքի ապրուստը հոգալու եկամտի աղբյուրից: Նաև դեպքեր ունենք, որ տնտեսական գործունեության իրավունքներն են ոտնահարվում», - նշեց Թաթոյանը:

Պատմությունն է վկայում՝ բնակիչների իրավունքների ոտնահարման պատճառն այն է, որ պետության ուշադրության կենտրոնում չեն։ Սահմանային հարցերով տեղում զբաղվող հանձնաժողովներ չկան, մինչդեռ այդպիսի հանձնաժողովներ գործել են անգամ առաջին Հանրապետության անկումից հետո, 20-ականների պատմությունն է հիշեցնում մարդու իրավունքների պաշտպանը։

«Մենք հիմա չունենք այդ հանձնաժողովները, միջազգային պրակտիկան է պահանջում, որ նախապես պետք է գնալ, տեղերում ուսումնասիրություններ անել, գնահատումներ անել, հասկանալ՝ ով ինչ խնդիրներ է ունենալու, հատուցումների հարց է առաջ գալու և այլն: Գեղարքունիքի մարզի այդ գյուղերում մարդիկ գլխավորապես զբաղված են անասնապահությամբ, հետևաբար, հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է լինելու դրա հարցը», - ընդգծեց օմբուդսմենը:

Գարունն առջևում է, իսկ գյուղացիների մտահոգությունները փարատող չկա։ Արոտավայրերը, խոտհարքը արդեն սահմանին մոտ են։ Որքանո՞վ է անվտանգ Ադրբեջանին այդքան մոտ հողագործությամբ ու անասնապահությամբ զբաղվելը։ Արդեն օրինակներ կան, անասունները սահմանն անցնում են, ոչ իրենք կարող են գնալ հետևից, ոչ էլ վերադարձնող կա, գյուղացիներն են դժգոհել Թաթոյանին։

«Լսել եմ հայտարարություններ, որ ապագայում լինելու են հանձնաժողովներ, աշխատելու են, բայց շատ կներեք, եթե մենք արդեն ունենք մարդկանց պատճառվող վնասներ, ի՞նչ իմաստ են ունենալու այդ հանձնաժողվները: Նախկինում էլ է այդ նույն խնդիրը եղել, մենք ասել ենք՝ կվերլուծենք, կքննարկենք, մեկ էլ եկել ենք, հանգել ենք մի իրավիճակի, ասել ենք՝ վայ, ուշ է, չստացվեց, այսինչ տեղը, այսինչ հարցն արդեն որոշվել է», - ասաց պաշտպանը:

Պատերազմից հետո Հայաստանի սահմանները որոշվում են մեխանիկական մեթոդներով՝ Ադրբեջանի սպառնալիքների ներքո։ Սա լեգիտիմ գործընթաց չէ, ասում է Արման Թաթոյանը, շեշտելով՝ իր արձանագրած խնդիրները հասցեագրված են թե՛ միջազգային ատյաններին, թե՛ Հայաստանի կառավարությանը։ Որ մարդիկ զրկվել են կենսական իրավունքներից ու ունեցվածքից, դա կառավարության խնդիրն է. «Ուժի սպառնալիքի ներքո տեղի ունեցող այս պրոցեսը չունի որևէ լեգիտիմություն, այն հաշվի չի առնում մարդու իրավունքները և ընդհանրապես խարխլում է միջազգային իրավունքի ողջ համակարգը: Սա այն սկզբունքն է, որի համար ստեղծված է միջազգային իրավունքը: Սա, իհարկե, մեր պետական մարմինների խնդիրն էլ է: Մարդու տեսանկյունից, եթե ես նայում եմ, ինձ չի հետաքրքրում, թե էս ինչի արդյունքում է, որ ես իմ տնից զրկվեցի, պետություն, տվե՞լ ես ինձ 2004, թե որ թվին Կադաստրի վկայական, էս տարածքը ի՞մն է, իմն է, դե գնա իմ հարցերը լուծիր, բա ինչի՞ համար է պետությունը»:

Թաթոյանի այցելած սահմանապահ գյուղերը խոշորացված Գեղամասար համայնքի կազմում են։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ գյուղացիների պես անորոշության մեջ է, մտահոգությունները շատ են, բայց լավատես է. «Կարող է գարունը գալիս է, մեր կառավարությունը կարողանում է սահմանները նենց ամուր պահի, որ ոչ մի խնդիր չի լինում»:

Համայնքի վարչական սահմանները պահպանված են, ասում է համայնքապետը, պարզապես սահմանային են դարձել և անվտանգությունն ապահովելու խնդիր կա։ Ճամպրուկային տրամադրություններ էլ, հուսահատ զրույցներ էլ կան գյուղերում, բայց կառավարության քայլերից կախված կլինի մարդկանց որոշումները, ասում է Հակոբ Ավետյանը։

«Անասնապահությամբ զբաղվող մարդը, եթե արոտավայրերը չեղավ, նշանակում է չի կարող անասնապահություն անի, պետք է ծախի անասունները, իսկ անասնապահ մարդը, որ անասուն չունեցավ, արդեն պետք է մտածի՝ կա՛մ ուրիշ ինչով է զբաղվում, կա՛մ թողնում քոչում է ինչ-որ ուրիշ տեղ», - ասաց համայնքի ղեկավարը:

Ունեցածը կորցնելու վտանգը անհիմն չէ։ Համայնքապետն էլ մարդու իրավունքների պաշտպանի պես հիշեցնում է վերջին ցավոտ օրինակը՝ մեկ ամսի առաջ գյուղացիներից մեկի 34 ձիերը սահմանն անցել են, բայց ոչ վերադարձնող է եղել, ոչ էլ նրանց հետևից գնացող։

Գեղամասարի համայնքապետն էլ կարտոֆիլի դաշտեր ունի, վերջին բերքահավաքի ժամանակ Արցախին էր սահմանակից, հիմա՝ Ադրբեջանին, ինքն էլ է անորոշության մեջ, չգիտի՝ նախկինի պետս կմշակի, թե ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG