Մատչելիության հղումներ

Տեղի համայնքապետի խոսքով` գյուղում ադրբեջանցի զինծառայողների ձերբակալությամբ պայմանավորված խուճապ չկա


Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Սյունիքի մարզի Տեղ գյուղում հունվարի 30-ին Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողի են ձերբակալել, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ երեկոյան հրապարակած տեղեկագրում։ Ավելի ուշ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ադրբեջանցիները վերադարձվել են։

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից տեղի ունեցածի մասին մանրամասներ չեն հայտնում, Պաշտպանության նախարարությունն իր հերթին որևէ պարզաբանում այս կապակցությամբ չի տարածել:

«Իրավասու չեմ ասել, խնդրում եմ ձեզ, եղել է, դեպք եղել է, մեր համապատասխան մարմինները վերցրել են, տարել են, հետո հանձնել են, լարված չի այս պահին, խուճապ չկա ժողովրդի մեջ, ամեն ինչ նորմալ է», - վստահեցնում է սահմանամերձ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Վերջինս ասում է` ինքն էլ իրավասու չէ մանրամասներ հաղորդել, թե ինչպես են ադրբեջանցիները հասել Հայաստան, ինչպես են հայտնաբերվել և այլն. «Իսկ ինչ վերաբերում է մեր սահմանապահներին, մեր բանակին, մեր զորքին, այդքանով պիտի եզրակացություն անեք, որ բոլորն իրենց տեղում են եղել, աչալուրջ են եղել, զգոն են եղել, ամեն մեկը հավուր պատշաճի իր ծառայությունը կատարում է»:

Շադունցն ասում է` իր անձնական կարծիքով՝ համայնքի խաղաղ կյանքի ու սահմանային լարվածությունից խուսափելու տեսանկյունից ճիշտ էր ադրբեջանցի զինվորներին վերադարձնելը. «Իմ անձնական, իմ սուբյեկտիվ կարծիքն է, որպեսզի լարվածություն չստեղծվի, ես տենց եմ գտնում, ճիշտ էր վերադարձնելը: Մենք առանց որևէ պայմանների, նախապայմանների մենք իրենց հետ տվեցինք, թող իրենք էլ անեն տենց բան, թող ռուսները միջամտեն, իրենք էլ նման կարգի մի բան անեն, ի՞նչ կլինի որ»:

Ինչպես հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գերիների վերադարձի և փոխանակման թեմայով բանակցություններ ադրբեջանական կողմի հետ վարում է Արտգործնախարարությունը, որին հարց ուղղեցինք՝ արդյոք հնարավոր է Հայաստանի կողմից 2 ադրբեջանցիներին վերադարձնելն օգտագործել բանակցություններում ի շահ հայ գերիների վերադարձի, պատասխան դեռ չենք ստացել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է՝ հեռու է այն մտքից, որ հայկական կողմը պետք է փորձի շատ ադրբեջանցիների ձերբակալել Հայաստանի սահմաններում` հետագայում փոխանակելու համար, սակայն մյուս կողմից էլ դեռ տասնյակ հայ գերիներ կան ադրբեջանական կողմում, որոնց վերադարձը պետք է ապահովել. «Ազգային անվտանգության ծառայությունը սկսել է իր գործառույթներն իրականացնել, ի վերջո սահմանախախտներ է հայտնաբերում և ձերբակալում, բայց մյուս կողմից էլ շատ մտահոգիչ է, որ նման խնդիրները, այսինքն` սահմանախախտներին վերադաձնելու հետ կապված հարցերով զբաղվում է ռուսական կողմը, որը, ըստ էության, այդտեղ գործառույթ չպետք է ունենք: Այսինքն` ես նկատի ունեմ, որ այդ հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական երկկողմ խոսակցության շրջանակներում»:

Սաքունցը նաև քննադատում է Հայաստանի ԱԱԾ-ին և Պաշտպանության նախարարությանը, քանի որ ադրբեջանցի զինվորների ձերբակալության մասին հայտնել է միայն ռուսական կողմը. «Առավել քան հենց այս իրավիճակում է, որ պետք էր հանրային իրազեկումը, իրազեկվածությունը, տեղեկացնելը լինի, առանց որի անհնար է պատկերացնել հանրային վստահության ձևավորումը, որովհետև եթե մենք իմանում ենք այդ տեղեկությունը ռուսական կողմից, ուրեմն Ազգային անվտանգության ծառայությունը մեր ենթարկվում է ռուսական խաղաղապահ կամ սահմանապահ ծառայությա՞նը»:

XS
SM
MD
LG