Մատչելիության հղումներ

Ըստ Բադալյանի, պատերազմից հետո Իրանը փորձում է խաղաղության օրակարգ առաջ մղելով իր համար կառավարելի դարձնել ստեղծված մարտահրավերները


Մոհամմադ Ջավադ Զարիֆ, Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյան, Երևան, 27-ը հունվարի, 2021թ․

Արցախի դեմ պատերազմն Իրանի համար ստեղծեց նոր մարտահրավերներ՝ Իրանի հյուսիսային սահմանին հաստատվեց թուրք-ահաբեկչական վերահսկողություն և սա Թեհրանը լուրջ մարտահրավեր է դիտում՝ փորձելով կայունության և խաղաղության օրակարգ առաջ մղելով իր համար կառավարելի դարձնել այդ մարտահրավերները, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա համոզմամբ, հենց սա է դրված Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցի օրակարգում։

«Իրանը Թուրքիան դիտարկում է ոչ միայն ինքնուրույն խաղացող, այլև ՆԱՏՕ անդամ, և, հաշվի առնելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ տարաձայնությունները, մասնավորապես ԱՄՆ-ի հետ եղած տարաձայնությունները, Իրանը ստանում է լուրջ մտահոգությունների տեղիք, և այս իմաստով տարածաշրջանային այցի շրջանակում փորձ է արվելու չեզոքացնել ռեգիոնալ արտաքին ներգրավվածությունը, մասնավորապես ԱՄՆ-Ֆրանսիա համանախագահության կոնֆիգուրացիայով», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Մոհամմադ Զարիֆը, ըստ իրանական մամուլի, նպատակ ունի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա ու Ռուսաստան այցերով Իրանի նախկին դիրքը վերականգնել տարածաշրջանում, նկատում է «Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանը։

«Հույսեր կան, որ Բայդենի վարչակազմը կվերադառնա Իրանի հետ բանակցություններին», - ասաց Մինասյանը։

Բադալյանն էլ հավելեց․ - «Ներկայումս էլ Հայաստանը կարևոր է, և Իրանը բազմաթիվ անգամներ ակնկարկել է, որ իր համար մտահոգիչ է որևէ ստատուս քվոյի փոփոխության վտանգ Սյունիքի ուղղությամբ։ Այս տեսանկյունից Իրանը շարունակում է մեզ համար լինել կարևոր գործընկեր, և մենք էլ կարող ենք կարևոր դերակատարում ունենալ նաև Արևմուտքի հետ հարաբերության տեսանկյունից՝ որոշակի խորքային մակարդակներում հնարավոր միջնորդական հարթակ դառնալու տեսանկյունից»։

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի ջերմացնելու ուղղությամբ Իրանի ջանքերը ակնհայտ են դառնում Բաքվում Զարիֆի արած հայտարարություններից հետո։ Իրանի արտգործնախարարը Բաքվում շնորհավորել էր ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ, հույս հայտնել, որ դա թույլ կտա կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև և առաջարկել էր իր օգնությունը։

Հարցին, թե ի՞նչ էր թաքնված այդ հայտարարությունների տակ, Բադալյանը պատասխանեց․ - «Թեհրանը կախվածություն ունի Ադրբեջանի հետ հարաբերությունից, քանի որ Ադրբեջանը վերածվել է Իրանի դեմ մարտահրավերների պլացդարմի, և քանի որ Թեհրանը չունի Ադրբեջանին կոշտ ուժային հակազդեցության բավարար ռեսուրսներ և կարողություն, ստիպված է լինելու անընդհատ գնալ սիրաշահելու ճանապարհով։ Ի դեմս Բաքվի Թեհրանը ունի մի տարածք, որտեղ առնվազն 3 մրցակից ունի՝ Թուրքիա, Ռուսաստան, Իսրայել, առավել ևս, երբ հիմա խոսք է գնում Պակիստան -Ադրբեջան- Թուրքիա ռազմաքաղաքական գծի ձևավորման մասին»։

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանը Զարիֆի հայտարարությունն այսպես է մեկնաբանում. «Իրենց սահմանները և Ադրբեջանի հետ է մեծացել, և այդտեղ ծրագրեր կան, որ բնակեցնեն զինյալներով, ինչը Իրանի համար խնդրահարույց է, բայց Իրանը փորձում է Ադրբեջանի հետ նախկինից ավելի սերտ հարաբերություններ հաստատել, որ կարողանա այդ խնդիրներն ավելի լավ ձևով արծարծել Ադրբեջանում»։

Հայ-իրանական հարաբերությունները մշտապես բարձր մակարդակի վրա են եղել և արտգործնախարարի այցը Երևանին պետք է մղի հարցադրումներ անել Իրանին՝ կապված թե՛ պատերազմի, և թե՛ հետպատերազմական իրողությունների հետ՝ ասում է Հակոբ Բադալյան։

Ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այդ ոլորտում զարգացման հեռանկարները էապես կախված են լինելու նաև Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վարած քաղաքականությունից։

XS
SM
MD
LG