Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության ապահովման և այդ ուղղությամբ կառուցողական փոխգործակցության ոգով աշխատանքը:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է»:

Իրանի արտգործնախարարն էլ իր հերթին ասել է. «Պետք է փոխանցեմ պարոն Ռոհանիի ջերմ ողջույնները Ձեզ, և նա Ձեզ մաղթում էր քաջառողջություն և հաջողություններ:

Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք»:

Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը ճգնաժամի վերաբերյալ. «Դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը: Անշուշտ, Դուք տեղյակ եք նաև մեր հոգևոր առաջնորդի պնդման մասին, որը հայերի անվտանգության պահպանումն է, ինչպես նաև նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը: Նաև Դուք գիտեք, որ մենք Իրանում հյուրընկալում ենք մեր հայ հայրենակիցներին և միշտ պատրաստ ենք ծառայելու նրանց, շատ լավ և ջերմ հարաբերություններ ունենք նրանց հետ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված՝ կան և՛ մարտահրավերներ, և՛ հնարավորություններ, և միայն համատեղ կառուցողական ջանքերի, համապատասխան միջավայրի միջոցով հնարավոր կլինի կայունություն և երկարատև խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հումանիտար խնդիրների շուրջ: Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների: Զարիֆը նշել է, որ Իրանը հասկանում է Հայաստանի մտահոգությունները և պատրաստ է օժանդակել մարդասիրական ջանքերին:

Նիկոլ Փաշինյանը և Մոհամմադ Ջավադ Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը: Քննարկվել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հավանական ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ողջույնները փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG