Մատչելիության հղումներ

Զարիֆ. Իրական հեռանկար կա Նախիջևանով կապելու Հայաստանի ու Իրանի երկաթգծերը


Պաշտոնական Թեհրանը իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար, այսօր առավոտյան Երևանում արտգործնախարար Արա Այվազյանի հետ մոտ երկու ժամ բանակցելուց հետո «Ազատությանը» ասաց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Բաքու, Մոսկվա այցելելուց հետո երեկ երեկոյան Զարիֆը ժամանեց Երևան։ Ըստ ծրագրի, այստեղից մեկնելու է Թբիլիսի, հետո Անկարա։

«Իրական հեռանկար տեսնու՞մ եք, որ Հայաստանն ու Իրանը կապվեն երկաթուղով՝ Նախիջևանի տարածքով», - դիմեցինք Իրանի արտգործնախարարին։

«Իհարկե, դա բխում է Իրանի, Հայաստանի ու ողջ տարածաշրջանի կարիքներից։ Մենք աշխատում ենք Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի հետ։ Նախիջևանով երկաթուղային կապը հնարավորություններից մեկն է՝ երկաթուղային մի հին ուղի, որը կապում է հյուսիսն ու հարավը», - արձագանքեց նա։

Մինչև հունվարի 30-ը Մոսկվայում պետք է կայանա Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, ուր քննարկվելու են Հարավային Կովկասում տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված հարցեր։

Առիթն օգտագործելով Զարիֆից նաև հետաքրքրվեցինք, թե Իրանը ինչպիսի՞ հարաբերություններ է կառուցելու ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հետ։

«Դեռ չգիտեմ», - հակիրճ արձագանքեց Իրանի արտգործնախարարը։

Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար

Հյուրընկալելով իրանցի գործընկերոջը՝ ուշագրավ հայտարարություն է արել նախարար Այվազյանը, թե «Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար»։

«Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունը ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում։ Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն», - ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։

Իրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է

Իր հերթին Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի համար կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է․ - «Իրանի Իսլամական Հանրապետությունը կարևորում է բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանումը և հարգում ու հետևում է, որպեսզի բոլոր ժողովուրդների կրոններն ու իրավունքները միշտ պաշտպանված լինեն։ Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որը մենք հստակորեն ասել ենք»։

Իրանի արտգործնախարարը իր մեծ տարածաշրջանային այցը սկսեց Ադրբեջանի մայրաքաղաքից, ուր, հիշեցնենք, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ, թե շնորհավորում է ադրբեջանցի ժողովրդին տարածքների ազատագրման կապակցությամբ։

Օրվա երկրորդ կեսին Մոհամմադ Ջավադ Զարիֆին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստան - Իրան հարաբերությունները հիմնված են ավանդական բարեկամության վրա։

«Մենք այսօր շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման հարցը, այդ թվում նաև տարբեր հարթակներում մեր համագործակցության հարցերը: Իհարկե, տարածաշրջանում այսօր առկա իրավիճակը մեր քննարկումների կարևոր թեմաներից է լինելու: Տարածաշրջանի կայունությունը, խաղաղությունը և կայուն զարգացումը, կարծում եմ, մեր ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում է», - հանդիպման մեկնարկին ասել է Փաշինյանը։

Զարիֆը արձագանքել է. - «Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ»:

XS
SM
MD
LG