Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Մոսկվայի պահվածքով, հայտարարում է Բայդենը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում Սպիտակ տանը, Վաշինգտոն, 25-ը հունվարի, 2021թ․

Վաշինգտոնը խիստ անհանգստացած է Ռուսաստանի պահվածքով, այդ թվում` ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությամբ, հայտարարել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը, ընդգծելով` ինքը չի վարանի ռուսական կողմի առջև բարձրացնել խնդրահարույց հարցերը:

«Մենք կարող ենք աշխատել մեր երկկողմ շահերից բխող հարցերի, օրինակ` միջուկային զենքին վերաբերող նոր պայմանագրի վրա, միաժամանակ, հստակ ի ցույց դնել Ռուսաստանին, որ շատ մտահոգված ենք նրա պահվածքով` լինի դա Նավալնու հարցում, հաքերների, թե հաղորդումների, ըստ որոնց՝ ռուսները պարգևավճար են տվել Աֆղանստանում ամերիկացի զինվորների սպանության համար», - ասել է Բայդենը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր` նորընտիր նախագահը Ռուսաստանի իշխանություններին արձագանքելու հարցում դիտարկում է հնարավոր բոլոր տարբերակները: Ջո Բայդենն արդեն իսկ այս ուղղությամբ քայլեր է ձեռնարկել, ասել էր Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահը հանձնարարել է ազգային անվտանգության, ինչպես նաև հետախուզության հարցերով զբաղվող իր մասնագետներին քննել Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա հարցերը, այդ թվում` Ալեքսեյ Նավալնու թունավորումը: Մենք սպասում ենք, որ մասնագետները տան իրենց գնահատականը, բայց, ինչպես միշտ, նախագահը իրավասու է արձագանքել այն ժամանակ և այնպես, ինչպես ինքը կորոշի: Ես որևէ տարբերակ չեմ բացառում», - նշել է Փսակին։

Կրեմլի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին է հայտարարում նաև Եվրամիությունը: Դաշինքի անդամ 27 երկրների արտգործնախարարները երեկ հատուկ հանդիպում էին նախաձեռնել, որպեսզի քննարկեն` ինչպես են կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ Նավալնու և նրա հազարավոր աջակիցների ձերբակալությունից հետո: «Նրանք պետք է ազատ արձակվեն, այս հարցում բոլորս էինք միակարծիք», ֊ հանդիպումից հետո հայտարարեց Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը:

«Մենք հիշեցնում ենք Ռուսաստանին, որ իր իսկ Սահմանադրությունն է ամրագրում խաղաղ ցույցերի, օրենքի գերակայության սկզբունքները, և Եվրամիության ու Ռուսաստանի միջև հարաբերություններում այս հարցը չի կարող շրջանցվել: Միության արտաքին հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա, որպեսզի հստակ ընդգծի մեր դիրքորոշումն այս հարցում», - ասել է Մաասը։

Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է մոտ տասն օր առաջ: Ռուս իրավապահները պնդում են, թե ընդդիմադիր գործիչը, որի դեմ հայրենիքում մի շարք գործեր կան հարուցված, իր գտնվելու վայրի մասին դաշնային ծառայություններին պատշաճ կերպով տեղյակ չի պահել: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին միջազգային լրատվամիջոցները գրեթե շուրջօրյա ռեժիմով էին պատմում ու ցուցադրում Նավալնուն. 44-ամյա տղամարդը անցած օգոստոսին անակնկալ կորցրել էր գիտակցությունը Տոմսկ֊Մոսկվա չվերթի ժամանակ, և աջակիցների տևական պայքարից հետո` Կրեմլի թույլտվությամբ, տեղափոխվել Բեռլին` «Շարիտե» հիվանդանոց: Գերմանացի բժիշկներն ավելի ուշ եզրակացրել էին` նախագահ Պուտինի քննադատը մահափորձի զոհ էր դարձել, նրան փորձել էին թունավորել «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով: Չնայած դրա մասին բազմաթիվ ապացույցներին` մինչ օրս Ռուսաստանում այս փաստով նույնիսկ քրեական գործ չի հարուցվել:

XS
SM
MD
LG