Մատչելիության հղումներ

Ռուսաստանում ձերբակալվել են բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցներ


Բլոգեր Ալեքսեյ Նավալնիի աջակիցները բողոքների համառուսաստանյան ակցիաներ են կազմակերպել, Մոսկվա, 23 հունվարի, 2021թ.

Ռուսաստանի իրավապահները երեկ Մոսկվայում և այլ քաղաքներում ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու պահանջով կազմակերպված բողոքի ակցիաների հազարավոր մասնակիցների:

Ըստ վերլուծաբանների, երեկ Ռուսաստանում տեղի են ունեցել անցած տարիների ընթացքում բողոքի ամենազանգվածային միջոցառումները, սակայն հայտնի չէ, թե արդյոք դրանք որևէ ազդեցություն կգործեն Կրեմլի քաղաքականության վրա:

Կրեմլի նախաձեռնությամբ Ռուսաստանում փոխել են Սահմանադրությունը, և նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է մինչև 2036 թվականը Դաշնությունը ղեկավարելու հնարավորություն:

Այնուամենայնիվ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ Նավալնիի կոչով երեկ Ռուսաստանում՝ Մոսկվայից մինչև Վլադիվոստոկ, տասնյակ հազարավոր մարդիկ, անտեսելով ցուրտ եղանակը և ոստիկանների կոշտ գործողությունները, դուրս են եկել փողոցներ ու հրապարակներ:

Ենթադրվում է, որ բերման է ենթարկվել մոտ 3 հազար 300 ընդդիմադիր ակտիվիստ: Նրանց թվում են Նավալնիի կինը՝ Յուլիան, և մերձավոր դաշնակիցներից մեկը՝ Լյուբով Սոբոլը:

Բեռլինից Մոսկվա վերադառնալուն պես Նավալնիին ձերբակալելու Պուտինի ռեժիմի որոշումը և երեկ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու գործելակերպը խստորեն դատապարտել են Միացյալ Նահանգների և Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն, իր հերթին, քննադատել է արևմտյան երկրներին և, մասնավորապես, պնդել, թե Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունն իբր սատարել է բողոքի ակցիաների մասնակիցներին:

XS
SM
MD
LG