Մատչելիության հղումներ

Հայկական կողմն այս պայմաններում անհնար է համարում քննարկել ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակության հարցը


Լուսանկարը Youtube-ում տեղադրված տեսանյութից է, որտեղ ենթադրաբար ադրբեջանցի զինվորականը ութ հայ ռազմագերիներին հորդորում է կրկնել, որ Ղարաբաղը Ադրբեջանն է

ԿԽՄԿ-ն չի կարող հակամարտության գոտում որևէ մարդասիրական աշխատանք իրականացնել այս պայմաններում

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում, Ադրբեջանին մեղադրելով երրորդ անգամ արդեն ԱՄՆ-ի միջնորդությամբ հաստատված հրադադարը խախտելու համար, պնդում է՝ այս պայմաններում ու այս պահին դեռևս անհնար է քննարկել ռազմագերիների և զոհերի դիերի փոխանակության հարցը։

«Այս իրավիճակը որևէ ձևով հնարավորություն չի տալիս ոչ միայն պահպանելու հրադադարի պայմանավորվածությունը, այլև ռազմագերիների և զոհվածների դիակների փոխանակման հետ կապված որևէ գործողություն իրականացնել», - ասաց նա:

Եվ քանի դեռ հրադադարը չի պահպանվում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի կարող հակամարտության գոտում որևէ մարդասիրական աշխատանք իրականացնել, «Ազատությանը» փոխանցեց հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին. - «Պետք է լինի հրադադար, կողմերը հարգեն հրադադարը, որպեսզի այնտեղի աշխատանքներն անվտանգ անցնեն»:

ՄԻՊ-ը միջազգային ատյաններին է ուղարկել հերթական տեսանյութը հայ զինվորի սպանության մասին

Մոտ մեկ ամիս ձգվող ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն առաջին անգամը չէ, որ Ադրբեջանին մեղադրում է դաժան ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արդեն միջազգային տարբեր ատյանների է ուղարկել օրերս համացանցում հայտնված հերթական տեսանյութը հայ զինվորի սպանության մասին։ Արման Թաթոյանը պատերազմական հանցագործություն է որակում անզեն, վիրավոր զինվորի գնդակահարությունը. - «Նախ և առաջ նրանք կիրառում են բացարձակ անմարդկային վերաբերմունք, կատարում են սպանություններ: Դրանք պատերազմական հանցագործություններ են, այս ամեն ինչն արգելված է բացարձակ միջազգային իրավունքով: Եվ ավելին` այստեղ այն գիծն է նկատելի, որ նրանք սա հրապարակում են, և հետո իրենք նախ արժանանում գովասանքի իրենց հանրային տիրույթներում, և երկրորդը` ծաղրի կամ մի հատ էլ հանրային նման վերաբերմունքի»:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս ընթացքում միջազգային կառույցներին ահազանգել էր նաև Հադրութի երկու խաղաղ բնակչի գնդակահարության ու հայ զինծառայողի գլխատման մասին. - «Հադրութի դեպքը, այն մեր ութ զինծառայողների մասնակցության դեպքը, վերաբերմունքը ես նկատի ունեմ, ընդ որում բաց տեսարաններով ես ուղարկում եմ հենց այդպես, որ տեսնեն` ինչն է փակ մեր հասարակության համար, բայց բաց միջազգային հանրության համար, կոնկրետ մարմիններին, որ իրական տեսնեն` ինչ է կատարվում»:

Հարցին՝ արդյոք միջազգային կառույցներն արձագանքե՞լ են իր դիմումներին, օմբուդսմենը պատասխանեց. - «Արձագանքը նա է, որ ամեն ինչ անենք, որ պարտադրվի հումանիտար առաքելության համար պայմանների ստեղծումը»:

14 հայ ռազմագերուց բացի, ադրբեջանական գերության մեջ է նաև քաղաքացիական անձ՝ Ազնիվ Բաղդասարյանը

Հայկական կողմը պաշտոնապես չի հայտարարում, թե մոտ մեկ ամիս շարունակվող պատերազմի հետևանքով քանի ռազմագերի կա ադրբեջանական գերության մեջ, բայց տարբեր բաց աղբյուրներից մինչ օրս հայտնի է դարձել 14 ռազմագերու և մեկ քաղաքացիական անձի՝ Ազնիվ Բաղդասարյանի մասին։ Հայտնի չէ նաև, թե ստույգ քանի ադրբեջանցի ռազմագերի կա հայկական կողմում, մինչ օրս տեղեկություն է հրապարակվել առնվազն երեքի մասին։

Իրավապաշտպանները 6 հայ զինվորների հարցերով դիմել են ՄԻԵԴ

Իրավապաշտպաններ Սիրանույշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը ադրբեջանական գերության մեջ գտնվող 6 հայ զինվորների հարցերով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվրադատարանն արդեն պատասխանել է 3 դիմումներին։ Ռազմագերիներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի դիմումների վերաբերյալ միջանկյալ միջոց է կիրառել և մինչև հոկտեմբերի 22-ը ժամանակ տվել Ադրբեջանին՝ տեղեկատվություն ներկայացնելու, թե ինչ պայմաններում են պահվում գերեվարված զինծառայողները, ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչպես նաև տեղեկություններ տալ զինծառայողների փոխանակման հնարավորության մասին։ Իրավապաշտպանները դեռևս տեղեկատվություն չունեն, թե արդյոք Ադրբեջանը պատասխանել է ՄԻԵԴ-ին։ Անցած շաբաթ ադրբեջանական գերության մեջ գտնվող զինվորներին այցելել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, նրանց հնարավորություն տվել տուն զանգահարել։

«Պահանջները 6-ի պարագայում էլ նույնն են, բոլոր ռազմագերիների առնչությամբ պահանջվող անհապաղ միջոցն է ապահովել կյանքը, տրամադրել բժշկական օգնություն, ապահովել կապ արտաքին աշխարհի հետ, նաև այցելություն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների կողմից և արագացնել ապահովել փաստացի գերիների փոխանակման գործընթացը», - նշեց Սահակյանը:

ՄԻԵԴ-ը երրորդ ռազմագերու՝ Սամվել Ասատրյանի վերաբերյալ ևս հարցեր է ուղղել Ադրբեջանին և մինչև հոկտեմբերի 29-ը պատասխաններ ուղարկելու ժամանակ տվել։ Իրավապաշտպանները Ստրասբուրգ ևս երեք դիմում են ուղարկել ռազմագերիներ Ալբերտ Միքայելյանի, Էդիկ Տոնոյանի և Վալերա Հայրապետյանի վերաբերյալ։ Սահակյանը դատապարտում է այս 4 ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի դրսևորած գործողությունները, երբ նրանց իսկ ճնշման ներքո տարբեր տեսանյութերում հայ ռազմագերիները հանդես են գալիս ընդդեմ հայկական կողմի, կոչ են անում դադարեցնել պատերազմը, նշում, որ պատերազմում են ոչ հայկական հողերի համար։ Սիրանույշ Սահակյանի տվյալներով` Ալբերտ Միքայելյան էլ պատմում է հայկական կողմում քուրդ վարձկանների ներգրավման մասին։ Սահակյանը շեշտում է՝ Ադրբեջանը սրանով հերթական անգամ խախտում է Ժնևյան կոնվենցիաները. - «Ռազմագերիները գտնվում են խոցելի, անօգնական վիճակում և անհաղթահարելի հոգեբանական, ֆիզիկական սպառնալիքների ներքո միշտ հայտնում են այն տեղեկությունները, որը ցանկալի է գերեվարող պետությանը: Դրա համար միջազգային ստանդարտները նախ արգելում են նմանատիպ հանգամանքների վերաբերյալ հարցաքննությունները»:

Կիրակոսյանը դիմել է ՄԻԵԴ` խնդրելով միջանկյալ միջոց կիրառել ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և վերադարձնելու համար

Օրերս էր Youtube-ում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ենթադրաբար ադրբեջանցի զինվորականը ութ հայ ռազմագերիներին հերթով ստիպում է կրկնել, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։ Հադրութի երկու բնակչի գնդահակարության, գլխատված զինվորի, նաև վիրավոր զինվորի գնդակահարության, ինչպես նաև 8 հայ ռազմագերիների հայտնի տեսանյութերի մասին տեղեկատվությունն ուղարկվել է նաև ՄԻԵԴ։ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ևս մեկ դիմում է ուղարկել ՄԻԵԴ՝ խնդրելով միջանկյալ միջոց կիրառել ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և Հայաստան վերադարձնելու համար։

Արցախյան հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների առաջին օրերին Կիրակոսյանը խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար ընդդեմ Ադրբեջանի դիմում էր ուղարկել Ստրասբուգ։ ՄԻԵԴ-ն էլ, միջանկյալ միջոց կիրառելով, Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։ Մեկ այլ միջանկյալ միջոց էլ կիրառվել էր ընդդեմ Թուրքիայի, երբ Երադատարանը կոչ էր արել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար 28 տարի առաջ ստեղծված Մինսկի խմբի անդամ Թուրքիային զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG