Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ Ադրբեջանը շարունակում է անմարդկային վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգում են, որ Ադրբեջանը շարունակում է անմարդկային վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ՝ այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի կոնվենցիաները։

Երեկ Յութուբում տեղադրվել է տեսանյութ, որտեղ ենթադրաբար ադրբեջանցի զինվորականը ութ հայ ռազմագերիներին հերթով ստիպում է կրկնել, որ Ղարաբաղը Ադրբեջանն է։

«Պարզել ենք՝ բոլորը հայ են, սա Ադրբեջանի հերթական ռազմական հանցագործությունն է»․ - ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ - «Մենք պարզել ենք, որ կեղծ տեսանյութեր չեն։ Եվ ադրբեջանցիներն են սա նկարել ու տարածել սոցիալական մեդիայում։ Քանի որ գերիները գտնվում են Արդբեջանի պետության վերահսկողության ներքո, ադրբեջական պետությունը հետևաբար կատարում է ապօրինի գործողություններ, միջազգային մարդասիրական իրավունքով չսահմանված գործողություններ, արգելված գործողություններ»։

Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տեսանյութում երևացող ռազմագերիների մի մասի ընտանիքների հետ արդեն հանդիպել է, մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում փորձում է առավելագույնն անել․ - «Նրանց ընտանիքների անդամների հետ մենք կապի մեջ ենք։ Երեկ երեկոյան արդեն ինձ մոտ մի քանի քննարկում եղավ»։

Վերջին օրերին ադրբեջանցիները մի քանի տեսանյութ են տարածել, որտեղ հայ ռազմագերիները ասում են, թե իբրև չեն ուզել պատերազմել, քանի որ Ղարաբաղը ադրբեջանական հող է, ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ այս պարտադրված տեքստը արտասանել են ադրբեջանցի զինվորականանների ճնշմամբ․ - «Ակնհայտ է, որ իրենց կամքին հակառակ բաներ են ասում և կատարում, ինչից ենթադրվում է, որ նրանք ենթարկվել են լուրջ ճնշումների ու նվաստացումների։ Սրանով իրենք խախտում են և՛ ռազմագերիների՝ հանրային հետաքրքրասիրության առարկա չդառնալու սկզբունքը, կանոնը, և՛, հաշվի առնելով նրանց խոսքի բովանդակությունը, նրանց վարքը, ակնհայտ է, որ նաև արժանացել են անմարդկային վերաբերմունքի»։

Ադրբեջանում գտնվող ռազմագերիների թվի մասին ստույգ տեղեկություն դեռ չկա։ Ըստ Արցախի ՄԻՊ-ի հաշվարկների, մինչև այս պահը ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի 14 դեպքի մասին է իրենց հայտնի դարձել․ - «Ռազմագերիների առումով, եթե չեմ սխալվում, ըստ մեր հաշվարկի, ապացուցված արդեն 14-ից ավելի դեպք կա, որ հստակ ռազմագերիներ են, և նրանք անմարդկային վերաբերմունքի են արժանացել»։

Բեգլարյանն ասաց, որ այս տեսանյութերն արդեն փոխանցվել են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ։ Գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու փոխանցմամբ՝ ուսումնասիրում են բոլոր դեպքերը, արդեն կապ հաստատել են ռազմագերների ընտանիքների հետ։ Այլ մանրամսներ չհայտնեց․ - «Դեպքերով մենք հետևողական կերպով գնում ենք, որպեսզի կարողանանք պարզաբանել հանգամանքները և այս բոլոր նյութերի իսկությունը, և փորձել ստանալ համապատասխան հաստատումներ, որը թույլ կտա այնուհետև դիմել համապատասխան իշխանության ներկայացուցիչներին՝ անձանց տեսակցելու համար»։

Հայաստանի օմբուդսմենի խոսքով՝ այս տեսանյութերը հրապարակվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելությունը խրախուսելու համար, ինչը հակասում է միջազգային նորմերին։ Բոլոր դեպքերը՝ ապացույցներով փաստագրված, ուղարկելու են միջազգային կառույցներ․ - «Մենք հիմա այդ ուսումնասիրություններն ենք կատարում և լրացուցիչ ուղարկելու ենք միջազգային կառույցներին, որ ցույց տանք որքան բարձր է ատելությունը էթնիկ հայերի նկատմամբ, որքան համատարած ու խորը արմատներ ունի»։

Օրեր առաջ Արման Թաթոյանը հայտարարել էր ադրբեջանցիների կողմից հայ զինվորի գլխատելու մասին։ Ըստ նրա, հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Ընդ որում, զանգահարել են գլխատված զինվորի հեռախոսահամարով։

Հայկական կողմը հայտարարել էր մեկ դեպքի մասին ևս, որ ադրբեջանցի զինվորականները հրապարակայնորեն գնդակահարել են Հադրութի երկու խաղաղ բնակչի։

Երկու կողմն էլ ռազմագերիների թվի մասին ստույգ տեղեկություններ չի հայտնում։

XS
SM
MD
LG