Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են հայ գերիներին


Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել են գերեվարված երեք զինծառայողներ Արեգ Սարգսյանին, Նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին, ինչպես նաև քաղաքացիական անձ Ազնիվ Բաղդասարյանին։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Այո, Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են նրանց և ըստ մեր ընթացակարգերի, մշտադիտարկել, ստուգել են իրենց պայմանները, իրենց հանդեպ վերաբերմունքը և հնարավորություն են տվել փոխանակելու ընտանեկան լուրերը», - ասաց Ամատունին:

Հայ ռազմագերիներից երկուսը՝ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը Կարմիր խաչի միջոցով կարողացել են զանգահարել ծնողներին, իսկ Ալբերտ Միքայելյանն, ըստ ադրբեջանական աղբյուրների, չի կարողացել զանգահարել հարազատների հեռախոսահամարները չհիշելու պատճառով։ Նա, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, տեսաուղերձ է հղել հարազատներին։

Զառա Ամատունին կոչ է անում կողմերին Կարմիր խաչին տեղեկացնել գերության մեջ գտնվող անձանց մասին. «Որպեսզի հնարավորություն տրվի ինչքան հնարավոր է արագ մեր թիմերի կողմից իրենց այցելել»:

Տուն զանգահարած երկու ռազմագերիների փաստաբանները հույս ունեն, որ երեկ հայտարարված մարդասիրական զինադադարի արդյունքում զինծառայողներ Արեգ Սարգսյանն ու Նարեկ Ամիրջանյանը տուն կվերադարձվեն։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ փաստաբանները չեն փոխանցում զինվորների զանգերի բովանդակությունը։ Փաստաբան Սիրանույշ Սահակյանը, որ գործընկերոջ՝ Արտակ Զեյնալյանի հետ օրերս դիմել էր Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), վկայակոչում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, որոնց համաձայն, ռազմագերիների նկատմամբ պետք է վարվել մարդասիրաբար։

«Եթե հրադադարը կայանա հումանիտար նպատակներով, անպայմանորեն քննարկվելու է և իրականացվելու է ռազմագերիների, նաև դիակների փոխանակում, պարզապես միակ մտահոգությունն այն է, որ քաղաքական պայմանավորվածությունները չեն պահպանվում Ադրբեջանի կողմից: Մենք հույս ունենք, որ իրավական գործընթացը ևս հավելյալ լծակ կլինի, որպեսզի ստիպեն ադրբեջանական իշխանություններին հարգել միջազգային հումանիտար իրավունքը, ձեռքբերված պայմանավորվածությունները և իրականացնել գերիների և դիակների փոխանակում», - ասաց իրավապաշտպանը:

Թեև Սահակյանը անցյալի փորձերից ելնելով՝ չի բացառում վատ վերաբերմունքը ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվորների նկատմամբ, բայց այս դեպքում հույս ունի, որ Եվրադատարանի ներգրավվածությունը լուրջ երաշխիք է ռազմագերիների կյանքը չվտանգելու համար։

«Շատ բացառիկ է, որ Եվրոպական դատարանի հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ միտումնավոր կատարվեն քայլեր, սա նաև մեծ մարտահրավեր կլինի հենց Եվրոպական դատարանի դեմ: Միտումնավոր գործողությունները, երբ միջազգային ատյանը կոչ է արել ապահովել կյանքի և առողջության անձեռնմխելիությունը, միանշանակորեն խոսելու են պատերազմական հանցագործությունների մասին, և ներգրավված անձանց քրեական պատասխանատվության լուրջ հարցեր ի հայտ կգան», - նշեց Սիրանույշ Սահակյանը:

Ստրասբուրգի դատարանը մինչև հոկտեմբերի 22-ը ժամանակ էր տվել Ադրբեջանին՝ տեղեկատվություն ներկայացնելու, թե ինչ պայմաններում են պահվում գերեվարված զինծառայողները, ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչպես նաև տեղեկություններ տալ զինծառայողների փոխանակման հնարավորության մասին, որի մասին հայտարարվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

«Միանշանակ կապ կա Եվրոպական դատարանի որոշման և զանգի միջև, քանի որ արդեն մի քանի օր էր՝ վերջիններս գտնվել են գերության մեջ, բայց արտաքին կապ կամ տեղեկություններ որևէ թույլատրելի մեխանիզմով չի ապահովվել: Միայն Եվրոպական դատարանի որոշումից հետո էր, որ ապահովվել է ընտանիքի անդամների հետ կապը, որի ընթացքում կարողացել են տեղեկություններ հայտնել իրենց վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ: Ուստի կարծում ենք, որ շատ ակնհայտ է, որ գործընթացը, որը կազմակերպվել է Ադրբեջանում, պայմանավորված է հենց Եվրոպական դատարանի դիրքորոշմամբ», - ասաց իրավապաշտպանը:

Օրերս հայկական կողմը հաղորդեց, որ ադրբեջանցի մեկ գերի զինծառայող բժիշկների հսկողության տակ է։ Երկու կողմն էլ դեռևս ստույգ տեղեկատվություն չեն հաղորդում ռազմագերիների թվի մասին։

Մի քանի օր առաջ հայկական կողմը ահազանգել էր, որ Ադրբեջանը հրապարակայնորեն գնդակահարել է Հադրութի երկու բնակչի։ Ընդ որում, ըստ տարածված տեսանյութերի, ադրբեջանցի զինվորները արժանապատվությունը ստորացնող եղանակով կրակահերթեր էին արձակել անզեն և անպաշտպան, ձեռքերը մեջքի հետևում կապած 73-ամյա տարեց տղամարդու ու 25-ամյա երիտասարդի ուղղությամբ։ Հայկական կողմն արդեն դիմել է միջազգային ատյաններին՝ հայտարարելով Ադրբեջանի կողմից մարդասիրական դրույթների խախտման մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սակայն, շտապեց հայտարարել, թե այդ տեսանյութերը կապ չունեն ադրբեջանական բանակի հետ։ Հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել նաև երկու խաղաղ բնակչի գնդակահարության մասին տեղեկատվությունը։

XS
SM
MD
LG