Մատչելիության հղումներ

Ըստ Եղիշե Կիրակոսյանի՝ ՄԻԵԴ-ը փաստել է ԼՂ ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը


ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, արխիվ

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, մեկնաբանելով երեկ ՄԻԵԴ-ի կողմից Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, շեշտում է՝ դա նշանակում է, որ Ստրասբուրգի դատարանը փաստել է Արցախում ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության հանգամանքը։

Կիրակոսյանի խոսքով, երեկվա որոշման արժեքն այն է, որ Հայաստանի ներկայացրած դիմումի և ապացույցների հիման վրա է ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառել՝ առանց Թուրքիայից որևէ տեղեկություն ստանալու։

Որոշմամբ կոչ է արվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար 28 տարի առաջ ստեղծված Մինսկի խմբի անդամներից Թուրքիային զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

«Այս քայլով փաստացի ամրագրվում է, որ Թուրքիայի ներգրավվածության հանգամանք առկա է և բնականաբար կա կոչ այդ ներգրավվածությունը չեզոքացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն: Կարծում եմ՝ սա նաև հետագա ընդհանուր գործի տրամաբանության մեջ կարևոր քայլ է, և հանեց այս պահին պետք է արվեր այդ քայլը: Պարզ է, որ խոսքը գնում է այստեղ Թուրքիայի ներգրավվածության մասին, որովհետև այն ապացույցները, որ ներկայացրել էր կառավարությունը, վերաբերում էին Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ներգրավելու, Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու վերաբերյալ շրջանառվող ապացույցներին ու փաստերին», - ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Պաշտոնական Երևանն անցած շաբաթ գանգատ էր ներկայացրել՝ պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Անկարայի նկատմամբ՝ «հաշվի առնելով Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի կողմից Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող հարձակումները, որոնք ուղեկցվում են միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով»։

Երեկ երեկոյան ՄԻԵԴ-ը հայտարարեց՝ «վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում բոլոր ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։

Սեպտեմբերի 29-ի որոշմամբ Ստրասբուրգի դատարանի 7 դատավորներից բաղկացած պալատը Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։ Կողմերը պարտավորվել էին տեղեկատվություն ուղարկել Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ ի որոշումը կատարելու մասին։

Դրանք Հայաստանն այսօր կուղարկի, իսկ Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել, ասաց Կիրակոսյանը, որը շարունակում է տեղեկություններ ներկայացրել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողություններում Թուրքիայի և Ադրբեջանի թույլ տված խախտումների մասին։ Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը որևէ քայլ չանեն որոշման պահանջները կատարելու համար, ապա այդ հարցը հնարավոր է տեղափոխվի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե։

«Ըստ դրա փորձել նաև որոշակի քաղաքական ճնշումներ գործադրելով պետությունների վրա, հատկապես, եթե վերցնեն վերջին որոշումը Թուրքիայի ներգրավվածության մասով, նաև հաշվի առնելով, որ առնվազն ԵԽ անդամ երկրներից՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության կողմից հստակ հայտարարություններ են եղել ներգրավվածության մասին, կարծում եմ, դա նաև ֆոն է ստեղծում նախարարների կոմիտեում հստակ քայլեր իրականացնելու համար՝ ուղղված այդ որոշումների կատարմանը: Սա առաջնային քայլն է, հետո արդեն, եթե իհարկե նմանատիպ քայլեր չձեռնարկեն հետագայի համար, պարզ է՝ իրենք թույլ են տալու կոնվենցիոն խախտում, որը բնականաբար կարձանագրվի արդեն ավելի հստակ վճռում», - ընդգծեց Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը:

ՄԻԵԴ ը ստույգ ժամկետ չի սահմանել իր պահանջները կատարելու համար։ Թուրքիան պարտավոր է Ստրասբուրգ ներկայացնել հավաստիացումներ, որ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ՝ համապատասխանաբար կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելման հոդվածները չի խախտել։

Չի բացառվում, որ հետագայում Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հիմնական գանգատներ ներկայացնի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG