Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հաղթանակ է համարում դատարանի երեկ հրապարակած որոշումը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երեկ ուշ երեկոյան հրապարակած որոշումը հաղթանակ է համարում հայկական կողմի համար։

Ստրասբուրգի դատարանը երեկ մերժեց արտգործնախարար Մեևլութ Չավուշողլուի դիմումը՝ վերացնել Թուրքիայի դեմ կայացված որոշումը։ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ սա նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսված ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ իրենց ներկայացրած փաստարկները արժանահավատ են․ - «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ իրականում Թուրքիայի ներգրավվածության հանգամանքի հետ կապված միջազգային հանրությունում կասկած չկա»։

Հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերին, երբ հայկական կողմը հայտարարեց Թուրքիայի ներգրավվածության, այդ երկրի կողմից տարածաշրջան վարձկանների տեղափոխման, թուրքական զինուժի զինատեսակների օգտագործման մասին, Կիրակոսյանն ընդդեմ Թուրքիայի դիմում ներկայացրեց Եվրադատարան։ Օրեր անց Ստրասբուրգյան դատարանը պատասխանեց, որ Հայաստանի ներկայացրած դիմումի և ապացույցների հիման վրա միջանկյալ միջոց է կիրառել ընդդեմ Թուրքիայի։ Որոշմամբ կոչ էր արվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար 28 տարի առաջ ստեղծված Մինսկի խմբի անդամ Թուրքիային զերծ մնալ այս ռազմական գործողություններից, որոնք ոտնահարում են քաղաքացիների իրավունքները, ինչպես նաև հարգել միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները։

Մինչդեռ այս երկիրը շարունակում է անթաքույց աջացկել Ադրբեջանին, հայտարարում է հայկական կողմը։

«Այդ հարցի հետ կապված, տարբեր միջազգային կազմակերպություններ, պետությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնական անձինք անում են շատ հստակ հայտարարություններ։ Եվ երբ որ պետությունների ղեկավարների մակարդակով կամ արտաքին հետախուզության ծառայությունների ղեկավարների մակարդակով արվում են հայտարարություններ, որոնցում ուղղակիորեն խոսվում է ահաբեկիչների մասնակցության մասին, կարծում եմ, դա հիմք չընդունելը ուղղակի անտրամաբանական կլինի։ Որովհետև դա ինքնին ենթադրում է, որ կան հստակ ապացույցներ։ Բնական է, այս փուլում այն, ինչ որ մենք դատարան ներկայացրել ենք, լիովին բավարար է», - նշեց Կիրակոսյանը։

Նա նկատում է, որ Թուրքիայի վերաբերյալ կայացրած որոշմանը հաջորդեց Անկարայի կոշտ քննադատությունը ՄԻԵԴ-ի հասցեին, ինչից հետո արդեն Չավուշօղլուն դիմեց ՄԻԵԴ՝ հերքելով հայկական կողմի ներկայացրած ապացույցները, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը ևս խոսում է Թուրքիայի ներգրավվածության մասին։

Ըստ Եղիշե Կիրակոսյանի, իր նամակում, սակայն, Թուրքիայի արտգործնախարարն իր երկրի անմեղությունն ապացուցող որևէ տվյալ չի ներկայացրել․ - «Նույն ոճով է գրված նախարարի նամակը հիմնականում․ այն, որ Հայաստանը որևէ հիմք չի ներկայացրել, դատարանի կայացրած որոշումը իրավական հիմքից զուրկ է, ապացույցներից զուրկ է, հիմնված է այսպես ասած ոչ հիմնավոր տեղեկությունների վրա։ Կոպիտ ասած՝ իրենք չեն ընդունում և ոչ այնքան ընդունելի բառապաշարով քննադատում են Եվրոպական դատարանին»։

Բացի Թուրքիայի դեմ դիմումից, պատերազմի առաջին իսկ օրերից դիմում է ուղարկվել նաև ընդդեմ Ադրբեջանի։ Եվ այս դեպքում ևս, առանց սպասելու ադրբեջանական կողմի դիրքորոշմանը, Եվրադատարանի 7 դատավորներից բաղկացած պալատը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին կոչ էր արել զերծ մնալ խաղաղ բնակիչների իրավունքները խախտելուց։ Կողմերը պարտավորվել էին ՄԻԵԴ ի որոշումը կատարելու մասին տեղեկատվություն ուղարկել Ստրասբուրգ։ Սակայն Ադրբեջանը երկու շաբաթից ավելի է, որևէ տեղեկություն ՄԻԵԴ չի ուղարկել։

Եղիշե Կիրակոսյանն ասում է, որ արդեն ժամանակն է, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր որոշումները չկատարող Թուրքիայի և Ադրբեջանի հարցը տեղափոխի քաղաքական հարթակ՝ Նախարարների կոմիտե, իսկ եթե նախարարների կոմիտեի որոշումներն էլ չկատարվեն, կարող են պատժամիջոցներ սահմանվել․ - «Ավելի քաղաքական բնույթի ազդեցություն է սա ունենալու Թուրքիայի վրա։ Բնականաբար, նաև որոշակի իրավական գործիքներ կան, որ եթե շատ բարդանա հարցը, խորանա հարցը, նաև որոշակի ավելի բարդացումներ կարող են լինել զուտ երկրի համար՝ որպես ԵԽ անդամ երկրի։ Բայց չեմ կարծում, թե դա պակաս նշանակություն ունի այս պարագայում»։

Բացի այս որոշումներից, երեկ էլ իրավապաշտպաններն էլ դիմում են ներկայացրել Եվրոպական դատարան՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց և աջակցել սեպտեմբերի 27-ից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված երկու հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին և Նարեկ Ամիրջանյանին Հայաստան վերադարձնելու հարցում։

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ասաց, որ իրենց են դիմել զինծառայողների հարազատները, որոնք համացանցում տարածված տեսանյութից են կարողացել նույնականացնել զինվորներին․ - «Համացանցում տարածվել էր տեսանյութ և հաղորդագրություններ նրանց գերեվարված լինելու վերաբերյալ։ Մենք կարողացանք նույնականացնել անձանց, երբ ծնողները մեզ դիմեցին»։

Զեյնալյանն ասաց, որ Ստրասբուրգի դատարանն ընդունել է իրենց դիմումն ու մինչև հոկտեմբերի 22-ը ժամանակ տվել Ադրբեջանին՝ տեղեկություններ ներկայացնելու այն մասին, թե ինչ պայմաններում են պահվում գերեվարված երկու զինծառայողները, ինչ առողջական խնդիրներ ունեն նրանք, ինչպես նաև տեղեկություններ տալու զինծառայողների փոխանակման հնարավորության մասին՝ պայմանավորված Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական հրադադարի դրույթներով։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտում է, որ Ադրբեջանը պարտավոր է պահպանել մարդասիրական իրավունքի դրույթները։

Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայկական կողմում ևս կան գերիներ․ թե քանիսն են և որտեղ են գտնվում, Հովհաննիսյանը չպարզաբանեց։

XS
SM
MD
LG