Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսն իրատեսական է համարում Արցախի՝ հանուն փրկության անջատման իրավունքի ճանաչումը ԱՄՆ-ի կողմից


ԱՄՆ - Ամերիկահայերը բողոքի ցույցը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց, 11-ը հոկտեմբերի, 2020թ.

Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղի պարագայում անջատում հանուն փրկության իրավունքի ճանաչումը միանգամայն իրատեսական է։ Այն չի տրվի զամբյուղի մեջ, բայց հայկական շրջանակների համառ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրան: Նման համոզմունք է հայտնել Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը։

Դիվանագետը նշել է, որ կան արդեն առաջին ծիծեռնակները առանձին կոնգրեսականների և սենատորների մակարդակով՝ հիշեցնելով նաև, որ միջազգային հանրության՝ այդ թվում Միացյալ Նահանգների համար այդ թեզը խորթ չէ, աշխարհի մի շարք երկրներ՝ ներառյալ Կոսովոն, ճանաչում են ձեռք բերել հենց անջատում հանուն փրկության սկզբունքի շնորհիվ։

«Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում այսօր ականատես են լինում՝ թե՛ հանրությունները, թե՛ կառավարությունները, թե ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան և Ադրբեջանը: Այնպես որ, իրատեսական եմ համարում դրան [անջատում հանուն փրկության սկզբունքի ճանաչմանը] հասնելը և իրատեսական համարելով՝ միևնույն ժամանակ հստակ ուզում եմ նշել, որ դրա համար պետք է պայքարել: Զամբյուղի մեջ չի տրվելու դա, մենք պետք է իսկապես պայքարենք, բոլորս, և հասնենք ճանաչման», - ընդգծել է Բայբուրդյանը:

Լեռնային Ղարաբաղի անկախությունը մինչ օրս ճանաչել է Ամերիկայի 9 նահանգ՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Ջորջիա, Հավայի, Միչիգան, Կոլորադո, Լուիզիանա և Կալիֆորնիա։

Լոս Անջելեսում հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարող Արմեն Բայբուրդյանը փաստում է՝ վերջին երեք շաբաթների ընթացքում ղարաբաղյան հակամարտության հարցում ամերիկյան հանրային կարծիքը կտրուկ փոփոխություններ է կրել, ընդհուպ՝ ամերիկյան վարչակազմում, ինչպես նաև ընդդիմադիր ճամբարում: Դիվանագետի խոսքով, այժմ արդեն փաստված է՝ Արցախի ժողովուրդը հայտնվել է ոչնչացման վտանգի առաջ, և միակ ելքը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է:

«Սա սովորական պատերազմ չէ, սա ադրբեջանաթուրքական՝ մեզ պարտադրված, մեր խաղաղասեր հայ ժողովրդին պարտադրված պատերազմ է, նպատակ ունենալով բնաջնջել հայ ժողովրդին , նպատակ ունենալով ոչնչացնել, ոչ միայն էթնիկ զտումներ իրականացնել Արցախում, այլ նաև ոչնչացնել հայ ժողովրդին», - հայտարարել է Արմեն Բայբուրդյանը:

Ամերիկայի հայաշատ Գլեյնդեյլի՝ Արցախի անունը կրող գլխավոր պողոտաներից մեկի հարևանությամբ տեղակայված Հայաստանի գլխավոր հյուպատոսարանում լրագրողների հետ հանդիպմանը հայաստանցի դիվանագետը անդրադարձել է նաև ուրբաթ օրը մայրաքաղաք Վաշինգտոնում նախատեսված՝ պետքարտուղար Մայք Փոմփեոյի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին, հույս հայտնել , որ ամերիկյան վարչակազմին կհաջողվի հաջողության հասնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարի հաստատման գործում:

«Ավելի շատ քայլեր, ավելի հստակ, գործնական, ուժեղ քայլեր կատարելու դեպքում Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից հնարավոր կլինի սաստել Թուրքիային և զերծ պահել այս ագրեսիայից։ Հատուկ ուզում եմ շեշտադրել, որ ամերիկյան քաղաքականությունը և աջակցությունը Ռուսաստանի և Ֆրանսիայի խաղաղարար ջանքերին, այսինքն՝ հրադադարը իրականացնելու և հրադադարի խախտման մեխանիզմներ հաստատելու ուղղությամբ, չափազանց կարևոր են։ Միացյալ Նահանգները կարևորագույն դերակատարություն ունի այստեղ, մենք տեսնում ենք այդ դրական տեղաշարժերը , բայց ուզում ենք, որ այդ տեղաշարժերը ամբողջությամբ իրացվեն, դրական արդյունքներ արձանագրեն ընդհանուր ջանքերով», - նշեց հյուպատոսը:

Երեկ երեկոյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն, անդրադառնալով նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ սպասվող հանդիպումներին, Լեռնային Ղարաբաղում նոր հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելուհույս է հայտնել, շեշտելով՝ հաշվի առնելով, որ նախորդ նման պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին:

«Իրավիճակը տեղում շատ բարդ է, շատ բարդ է նաև դիվանագիտական կացությունը։ Մեր, ինչպես նաև գրեթե բոլոր եվրոպական պետությունների մոտեցումը [ճգնաժամից դուրս գալու] ուղիների վերաբերյալ հետևյալն է՝ դադարեցնել հակամարտությունը, կողմերին կոչ անել չսրել իրավիճակը, բոլոր մյուս պետությունները չպետք է միջամտեն և բորբոքեն հակամարտությունը՝ զենք և աջակցություն առաջարկելով։ Եվ այդ դեպքում է, որ հավանական է հասնել խնդրի դիվանագիտական մի լուծման, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար», - հայտարարել է Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

XS
SM
MD
LG