Մատչելիության հղումներ

Փորձագետներն ամբողջությամբ կիսում են Փաշինյանի՝ այսօր հրապարակած դիրքորոշումը


Քաղաքական մեկնաբաներից ոմանց գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրացված վեց հարցն ու պատասխանը վստահություն են տալիս հավատալու՝ պատերազմող երկրի Գերագույն հրամանատարը հասկանում է, թե ինչ է կատարվում։

Նրանք կիսում են վարչապետի դիրքորոշումը, վերահասատատում են, որ ռազմական դիմադրությունից բացի Հայաստանն այս պահին այլընտրանք չունի։ Պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար է, և եթե հաջողություններ գրանցենք այս պատերազմում, այդ հարցը կլուծենք։ Ընդհանուր առմամբ հենց այս միտքն է շեշտում վարչապետ Փաշինյանն՝ ավելացնելով, որ պատերազմից խուսափելը կնշանակեր հանձնել տարածքները, համաձայնել Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։

Ստեփան Գրիգորյան
Ստեփան Գրիգորյան

«Հարցադրումներին երևում է, որ ադրբեջանաթուրքական հարձակման տակ ենք, իրենք ուզում են ոչ միայն հայաթափել Արցախը, նաև ուզում են ոչնչացնել հայոց պետականությունը», - ասում է քաղաքական վերլուծան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նա վստահ է, որ պետք է գործել այս համատեքստում, շարունակել պարտադրված պատերազմը, զիջումների չգնալ, հաղթել և փակել այդ էջը․ - «Բանակը իր հարցերը կլուծի։ Մեծ են կորուստները, մենք վիշտ ենք ապրում, դա հասկանալի է։ Բայց բանակում շատ լավ հասկանում են՝ պետք է հիմա ջարդես, որ հետո զոհեր չտաս, որ խաղաղությունը կայուն լինի, երկարաժամկետ»։

Ռիչարդ Կիրակոսյան
Ռիչարդ Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ նոր իրականությունը հայկական կողմը չի ստեղծել․ - «Եվ այս իրականությունում ամեն ինչ սեղանի վրա է, կիրառվում են բոլոր տարբերակները։ Եվ այս ենթատեքսում վարչապետը ճիշտ է։ Այս համատեքստում Լեռնային Ղարաբաղի հարցը դառնում է և՛ շատ ավելի բարդ, և՛ շատ ավելի պարզ՝ հասկանալի։ Այլևս հարց չէ ԼՂ-ի Ադրբեջանի կազմում կամ ենթրակայության տակ լինելը։ Հիմնական վեճն այն է՝ ինչ է լինելու ԼՂ-ից այն կողմ տարածնքերի հետ։ Այս համակարտությունը սկսվել է անվտանգության հարցից և կարող է լուծվել միայն անվտանգության տեսանկյունից»։

«Կարո՞ղ էինք Ղարաբաղի ընդունելի կամ որևէ կարգավիճակի հասնել բանակցային ճանապարհով» ,- հարց է բարձրացնում Նիկոլ Փաշինյանը և պատասխանում․ - «Ոչ, որովհետև դրա վերջին հնարավորությունը սպառվել էր 2011 թվականին Կազանում»։

Հիշեցնենք, Կազանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել արդեն համաձայնեցված փաստաթուղթը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ իր հարցն ունի՝ ինչի՞ շուրջ բանակցել, եթե այս պատերազմում հայկական կողմը գործ ունի Թուրքիայի հետ․ - «Բանակցության առարկա այլևս չեն թողել։ Ռեգիոն բերելով պատերազմ, ռեգիոն բերելով ահաբեկիչներ, որոնք հետո շատ ավելի այլ խնդիրներ են առաջացնելու ոչ միայն Հայաստանի և Արցախի համար, այլ նաև Իրանի, Ռուսաստանի, ընդհանրապես միջազգային անվտանգության համար, արմատապես փոխվել է իրավիճակի բովանդակությունը, խնդրի բովանդակությունը։ Եվ այստեղ է, որ ճանաչումը դարձել է միջազգային անհրաժեշտություն»։

Ի դեպ, վերջին օրերին արտասահմանյան լրատվամիջոցների հետ հարցազրույցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջ է բերում «անջատում հանուն փրկության» թեզը՝ դիտարկելով այն որպես ռազմական գործողություններին վերջ տալու միջոց։

«Արցախի՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի միջազգային ճանաչում: Այլ հնարավորություն չկա: Հակառակ դեպքում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայերը կենթարկվեն էթնիկական զտումների, և դա այն պատճառով, որ հայերը վերջին խոչընդոտն են թուրքերի՝ դեպի հյուսիս, արևելք և դեպի հարավ-արևելք ընդլայնման համար», - իտալական «Կորիերե դելլա Սերա»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի առաջնորդը։

Ավելի վաղ էլ վարչապետը նույն միտքը հայտնել էր ֆրանսիական «Լիբերասիոն» թերթում։

Մեր զրուցակից քաղաքական վերլուծաբանները հիմնականում կիսում են այս մոտեցումը։

«Փրկել ազգին, փրկել ժողովրդին անջատվելու մեխանիզմով․ դա էլ ինքնորոշման տարբերակներից մեկն է։ Զգուշացնում եմ, որ դա մտնում է և՛ ՄԱԿ-ի սկզբունքների մեջ, և՛ ինքնորոշման տարբերակներից մեկն է», - նշեց Ստեփան Գրիգորյանը։

Չնայած Ռիչարդ Կիրակոսյանը համոզված չէ, թե դիվանագիտորեն ինչ կբերի Ղարաբաղի անկախացումը «անջատում հանուն փրկության» տեսանկյունից, այդուհանդերձ կարծում է, որ հիմա դիվանագիտական հաշվարկները հայկական կողմի օգտին են։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

«Սա այլևս միայն Կովկասի հարցը չէ, այլ միջազգային անվտանգության կարևոր օղակներից մեկը», - ավելացնում է Բադալյանը՝ ընդգծելով, թե միջազգային հանրությունը ինքնորոշման հարցը այլևս ոչ թե հանուն արդարության պետք է դիտարկի , այլ հանուն միջազգային անվտանգության․ - «Եթե չդիտարկվի էս խնդիրը որպես շղթա, եթե միջազգային հանրությունը համարի, որ սա մի հեռավոր Արցախում ժողովրդի խնդիր է, և իրենք էստեղ կարող են կամ պարիտետ պահել, կամ առնվազն հայտարարություններով բավարարվել, սա ուղղակի հարված է լինելու հենց իրենց անվտանգությանը»։

Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Հայաստանը միայնակ չէ, միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկում է, և ըստ նրա, մեծ էր այստեղ սփյուռքահայության դերը։

Այդուհանդերձ թե ինչ կասի աշխարհը, մի բան է, ինչ կանի Հայաստանը՝ այլ։ Քաղաքական մեկնաբանները հիշեցնում են վարչապետի գրառման վերջին կետը․ - «Կարո՞ղ ենք արդյոք հաջողություններ գրանցել պատերազմում. այո, եթե այդ նպատակի շուրջ կենտրոնացնենք ազգային ներուժը եւ անկեղծորեն ու անձնազոհ կերպով բոլորս լծվենք այդ նպատակին»։

XS
SM
MD
LG