Մատչելիության հղումներ

ԵՀ-ի ղեկավարի խոսքով` նվազում է հույսը, թե «Հյուսիսային հոսք 2»-ը ՌԴ-ի հետ հարաբերություններում առաջխաղացման կբերի


Ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական, այլ նաև որպես քաղաքական նախագիծ, այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի պահվածքը չի բարելավվել, ավելին՝ վատթարացել է. - «Հետզհետե նվազում է մեր հույսը, թե այս խողովակաշարի կառուցմամբ մեր հարաբերություններում առաջխաղացման հնարավորություն կլինի։ Ռուսաստանը չի պատրաստվում փոխել իր որդեգրած քաղաքականությունը»։

Դեռևս սեպտեմբերի սկզբին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը ավարտին կհասցվի չնայած ամերիկյան պատժամիջոցների կիրառման սպառնալիքին։ Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորումից հետո Գերմանիայի արտգործնախարարը, սակայն, ավելի ուշ շեշտել էր, որ Բեռլինի դիրքորոշումն այս հարցում մեծապես կախված կլինի Մոսկվայի գործողություններից: Այդուհանդերձ, Գերմանիայի արևելյան հողերի կառավարությունների ղեկավարներն անհրաժեշտ են համարում շարունակել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը:

Երեկ Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով պահանջեց դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը և Նավալնիի թունավորման միջազգային հետաքննություն անցկացնել: Կրեմլն ի պատասխան կոչ արեց չքաղաքականացնել գազատարի թեման։ Ընդ որում, Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Ռուսաստանը կուսումնասիրի Նավալնիի պատճառով Եվրամիության հետ հարաբերություններում բացասական հետևանքները նվազագույնին հասցնելու հնարավորությունը:

«Հյուսիսային հոսք 2»-ը պետք է Ռուսաստանը կապի Գերմանիայի հետ Բալթիկ ծովի հատակով։ Գազատարի շինարարությունն անցած տարվա դեկտեմբերից դադարեցված է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, սակայն և՛ Մոսկվան, և՛ Բեռլինը բազմիցս հայտարարել էին այդ նախագիծն ավարտին հասցնելու մտադրության մասին, բայց Նավալնիի հետ կատարվածը փոխել է այս հարցում Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը։ Փորձագետները նկատում են, որ եվրոպական նոր, կոշտ պատժամիջոցների սպառնալիքը կարող է փոխել Կրեմլի վերաբերմունքն ու արձագանքը կատարվածին։

Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, աբսուրդային է որակել երեկ Նավալնիի հրապարակած տեսանյութն այն մասին, որ թունավոր «Նովիչոկը» հայտնաբերվել է Տոմսկի իր հյուրանոցային համարում դրված ջրի շշի վրա։ Շիշը Նավալնիի կողմնակիցները ուղարկել էին Բեռլին, ու գերմանական մամուլը գրել էր, որ հենց դրա վրա մնացած հետքը թույլ է տվել միանշանակ փաստել, որ նրան թունավորել են նյարդապարալիտիկ արգելված նյութով։

Այսօր Պեսկովը լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է․ - «Մենք կրկին հնարավորություն չունենք ինչ-որ կերպ ուսումնասիրել այդ շիշը։ Մեր մասնագետները ոչինչ չեն կարող ասել։ Այս պատմության մեջ շատ անհեթեթություն կա։ Եղե՞լ է շիշ, թե՞ չի եղել... Թունաբան մասնագետներն ասում են, որ եթե մարտական թունավոր նյարդապարալիտիկ նյութի հետքերով շիշ լիներ, ապա, իհարկե, հազիվ թե ինչ-որ մեկը կարող էր այն ինչ-որ տեղ հասցնել։ Այս պատմության շուրջ աբսուրդի և հարցերի քանակն օրեցօր աճում է»։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ միակ բանը, որը կարող է լույս սփռել տեղի ունեցածի վրա, տեղեկատվության և հանցանշանների փոխանակումն է գերմանական կողմի հետ:

Մոսկվան պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է համագործակցության և Բեռլինից պահանջում է Նավալնիի՝ Գերմանիայում կատարված անալիզների փաստաթղթերը: Քրեական գործ Նավալնիի թունավորման հարցով Ռուսաստանում մինչ օրս չի հարուցվել, սակայն ընդդիմադիր գործչի թիմակիցներին կարող է ազատազրկում սպառնալ, համենայն դեպս փաստաբան Ալեքսանդր Գրիբակովը պետական «Ռիա Նովոստիին» ասել է, որ նրանք հանցագործության ապացույցներ են հանել Ռուսաստանի տարածքից դուրս, այն էլ իրեր, որոնք պարունակում էին վտանգավոր թունավոր նյութեր, նրանց կարող է սպառնալ մինչև յոթ տարվա ազատազրկում։ Իրավաբանը հստակեցրել է, որ պատասխանատվության մասին խոսելը վաղ է, քանի որ կատարվում է միայն նախաքննական ստուգում, և քրեական գործ հարուցված չէ։ Ռուսաստանցի բլոգերները գրում են, որ իշխանությունները կարող են թունավոր շշի պատմությունը հօգուտ իրենց օգտագործել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG