Մատչելիության հղումներ

Գերմանիայի դատախազությունը ստացել է Նավալնիի թունավորման հետ կապված ռուսական կողմի հարցումը


ՌԴ- Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Գերմանիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ ստացել է Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված ռուսական կողմի հարցումը։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը խնդրում է պատասխանել Նավալնիի բուժմանը, ախտորոշմանը և փորձաքննության արդյունքներին վերաբերող երկու տասնյակ հարցերի: Ռուս դատախազները նաև խնդրել են տրամադրել կենսաբանական նյութ համեմատական հետազոտության համար։

Բեռլինի Արդարադատության վարչությունը քաղաքային դատախազությանը հանձնարարել է իրավական օգնություն ցուցաբերել Ռուսաստանին և նրան տեղեկություններ տրամադրել Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի մասին, եթե նա անձամբ դեմ չլինի:

Հիշեցնենք, որ նախօրեին «Շարիթե» հիվանդանոցի բժիշկները, որտեղ բուժվում է Նավալնին, հայտարարել էին, որ նա դուրս է եկել կոմայից, ինքնուրույն է շնչում և արձագանքում ձայների: Այլ հստակ տեղեկություն նրա առողջության մասին այս պահին դեռ չկա:

Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլիյ Նեբենզյան հայտարարել է, թե Նավալնիի թունավորման հարցով քրեական գործ հարուցելու համար հիմքեր չկան։ «Մենք հիմքեր չունենք հետաքննություն սկսելու համար։ Մեր բժիշկները, որոնք, ի դեպ, փրկել են Ալեքսեյ Նավալնիին, նրա անալիզներում քիմիական զենքի ոչ մի հետք չեն գտել։ Մենք Գերմանիայից ոչ մի ապացույց չենք ստացել, որը թույլ կտար մեզ եզրակացնել, որ խոսքը կանխամտածված հանցագործության մասին է, - ասել է Նեբենզյան` հավելելով, - այս ամբողջ միջադեպը նման է կեղտոտ բեմադրության, ում է դա ձեռնտու, նա էլ դա արել է»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 10-ի նիստը նվիրված էր Սիրիայում քիմիական զենքի ոչնչացմանը։ Նավալնիի թունավորման թեման բարձրացրել են Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցչի տեղակալ Չերիտ Նորման Շալեն Ռուսաստանին կոչ է արել «լիովին համագործակցել միջազգային հանրության հետ թունավորման հետաքննության հարցում» և սպառնացել է հնարավոր պատժամիջոցներով: Նավալնիի դեմ քիմիական զենքի կիրառումը դատապարտել են նաև Մեծ Բրիտանիայի, Բելգիայի, Գերմանիայի, Էստոնիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

Հնարավոր նոր պատժամիջոցներից մեկը համարվում է Մոսկվայի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցման աշխատանքների դադարեցումը։ Ռուսաստանից Գերմանիա Բալթիկ ծովի հատակով այս գազատարի կառուցման համար Մոսկվան արդեն հսկայական գումարներ է ծախսել, բացի այդ, գազատարը պետք է ազատեր Ռուսաստանին Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազ հասցնելու անհրաժեշտությունից։ Մինչդեռ պաշտոնական Բեռլինն արդեն գազատարի կառուցման աշխատանքների հավանական դադարեցումը կապում է Կրեմլի քննադատ Նավալնիի թունավորման հետաքննության հետ։ Գերմանիան կառաջարկի դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը, եթե Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպին Ռուսաստանից ակնկալվող արձագանք չստանա, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը։

«Մեր օրակարգում են լինելու բոլոր տարբերակները և համապատասխան ժամանակ որոշում կկայացնենք։ Ռուսաստանը, մասնակցելով հետաքննությանը, կարող է ներդրում ունենալ, որպեսզի նման որոշում չընդունվի», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Պուտինի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա օդանավում, օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկի օդանավում, և ընդդիմադիր գործչին անգիտակից վիճակում տեղափոխել են Օմսկի շտապ օգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Նրա ընտանիքի պահանջով երկու օր անց նրան մասնավոր օդանավով տեղափոխել են Բեռլինի «Շարիթե» հիվանդանոց։ Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութով, որի կիրառումը համարվում է քիմիական հարձակում և արգելված է ամբողջ աշխարհում։ Ռուսական կողմը պնդում է, որ Օմսկի հիվանդանոցում Նավալնիի մոտ թունավոր նյութի հետքեր չեն հայտնաբերել, և քրեական գործ չի հարուցում։

Մասնագետներն ասում են, որ «Նովիչոկ» տիպի նյութը մարտական թույն է, որը կարճ ժամանակ անց հետքեր չի թողնում մարդու օրգանիզմում, և դրանք դժվար է հայտնաբերել։ Գերմանացի մասնագետները «Նովիչոկ» տիպի նյութը հայտնաբերել էին Նավալնիի մեզի, արյան մեջ, մաշկի վրա, ինչպես նաև ջրի պլաստիկ շշում, որը նա օգտագործում էր օդանավում, և որն իր հետ Բեռլին էր տարել ընդդիմադիր գործչի կինը: Հենց շշի վրա պահպանված հետքերի արդյունքում հնարավոր է եղղել հստակ պարզել, որ ընդդիմադիր գործչին թունավորել են «Նովիչոկ» տիպի նոր, կատարելագործված նյութով: Երեկ, հիշեցնենք, այս մասին գրել էր գերմանական մամուլը։

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի դեմ մահափորձը վկայում է, որ Ռուսաստանի իշխանությունները վախենում են նրանից, ասում են ռուսաստանցի փորձագետները։ Քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովը, մասնավորապես, պնդում է, որ Նավալնիի թունավորումը փոխել է ռուսաստանյան ընդդիմադիր դաշտը. - «Ես կարծում եմ, որ ռուսական քաղաքականության համար նրա կարևորությունն, իհարկե, շատ է մեծացել գոնե այն պատճառով, որ այդ ողբերգական պատմությունը ուշադրություն է հրավիրել նրա գաղափարների վրա, այն ամենի վրա, ինչ նա առաջարկում էր»։

Նավալնին վերջին տարիներին ակտիվ քարոզում էր «խելացի ընտրություն» ռազմավարությունը, որի նպատակն է տապալել բոլոր ընտրություններին իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը։ Այսօր նրա թիմակիցները շարունակում են այս ծրագիրը։ Ռուսաստանի շուրջ 41 ռեգիոններում այսօրվանից սկսվել են տեղական ընտրություններ։ Ռուսաստանցի փորձագետները այս ընտրությունները համարում են գալիք տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների կարևոր փորձ։ «Իրականում դա մասշտաբային նախագիծ է։ Իհարկե, կարևորը հիմա հաղթելը չէ։ Կարևորը՝ ստեղծել և մշակել մեխանիզմ, որը թույլ կտա ջախջախել իշխող «Միասնական Ռուսաստանին» կամ, համենայն դեպս, ոչնչացնել նրա երևակայական առավելությունը 2021 թվականի Պետդումայի ընտրություններին», - ասում է քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովը:

XS
SM
MD
LG