Մատչելիության հղումներ

Պուտինի քննադատի թունավորման քաղաքական և տնտեսական հետևանքները, ըստ փորձագետների, երկար չեն սպասեցնի


Գերմանիա - Խողովակաշարի շինարարությունում ներգրավված ռուսական «Ակադեմիկ Չերսկի» նավը խարսխված է Բալթիկ ծովի Ռյոգեն կղզու Մուքրան նավահանգստում, 7-ը սեպտեմբերի, 2020թ.

Երեկ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները հայտնեցին, որ Կրեմլի կոշտ քննադատ և ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին դուրս են բերել արհեստական կոմայից, և նա արդեն ինքնուրույն է շնչում ու նույնիսկ արձագանքում է ձայներին: Սակայն խոսել այն մասին, թե ինչ հետևանքներ կթողնի թունավորումը, և արդյոք Նավալնին կկարողանա ամբողջությամբ ապաքինվել ու երբ կապաքինվի, դեռ վաղ է, բժիշկները նման հարցերի դեռ չեն պատասխանում:

Երեկ այս նորությունների ֆոնին ռուսական տարադրամը փոքր-ինչ արժևորվեց, սակայն Վլադիմիր Պուտինի քննադատի թունավորման քաղաքական և տնտեսական հետևանքները, փորձագետների կարծիքով, երկար չեն սպասեցնի, և Նավալնիի հնարավոր ապաքինումը դժվար թե փրկի խիստ պատժամիջոցներից:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել հետաքննել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման միջադեպը՝ այն անվանելով սպանության փորձ։

«Բավարար չէ պարզապես հերքել, որ նա թունավորվել է, և հերքել անկախ, անկողմնական և թափանցիկ հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը», - ասել է Բաչելետը: Նա նշել է, որ Նավալնին «լուրջ հանցագործության» զոհ է: Բաչելետի կարծիքով՝ ընդդիմադիր գործիչն ակնհայտորեն պետական պաշտպանության կարիքն ուներ, սակայն չի ստացել։

Այսօր տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերատեսչության ղեկավարը ողջունել է Բեռլինի «Շարիտե» կլինիկայի հաղորդագրություններն այն մասին, որ Նավալնիին դուրս են բերել կոմայից: Հայտարարության մեջ նաև նշված է, որ Ռուսաստանի քաղաքացիների թունավորման դեպքերի թիվը վերջին 20 տարում ակնհայտ անհանգստություն է առաջացնում հատկապես այն պատճառով, որ նախորդ նման դեպքերից շատերը պատշաճ կերպով չեն հետաքննվել, ինչը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կաջակցի ռուս ընդդիմադիր գործչի հավանական թունավորման պատճառով «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության դադարեցմանը: Սպիտակ տանը ղեկավարը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից առաջ էլ դեմ էր արտահայտվել այդ նախագծին: Թրամփի կարծիքով՝ Բեռլինը Մոսկվայում միլիարդավոր դոլարներ կվճարի այս նախագծի շրջանակում, և ՆԱՏՕ-ի անդամ Միացյալ Նահանգները պետք է պաշտպանի Գերմանիային Ռուսաստանից:

Սեպտեմբերի 7-ին Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչը հայտարարել էր՝ Անգելա Մերկելը չի բացառում, որ Նավալնիի ենթադրյալ թունավորման շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ազդել Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազատարի ճակատագրի վրա: Նախկինում Մերկելը հայտարարում էր, որ Նավալնիի թունավորումը չպետք է կապել «Հյուսիսային հոսք-2» նախագծի հետ:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը նախօրեին առաջին անգամ խոստովանել է, որ գերմանական կառավարությունը կարող է վերանայել իր մոտեցումը գազատարի հարցում՝ կախված Մոսկվայի պահվածքից:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրն ասել է, թե Մոսկվայում ռիսկեր չեն տեսնում, որ Բեռլինը դուրս կգա «Հյուսիսային հոսք-2» նախագծից:

Գերմանիան ամենակարևոր եվրոպական երկիրն է Ռուսաստանի համար, և Նավալնիի թունավորումը լուրջ տարաձայնություններ է առաջացրել երկու երկրների հարաբերություններում: Վաղը Ռուսաստանում Գերմանիայի դեսպանը կանչվել է ՌԴ արտգործնախարարություն: ԱԳՆ ներկայացուցիչ Մաիրա Զախարովան այսօր Ֆեյսբուքում գրել է՝ ակնհայտ է, որ Բեռլինն անկեղծ չէ և ինչ-որ քաղաքական կեղտոտ խաղեր է խաղում: Զախարովան գրել է, որ Գերմանիայի արտգործնախարարը, պատասխանելով Նավալնիի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության մասին հարցին, հայտարարել է, թե դրա բազմաթիվ վկայություններ կան: Նա նշել է, որ դրանք լուրջ մեղադրանքներ են, սակայն գերմանական կողմը հրաժարվում է Մոսկվային տրամադրել լաբորատոր այն անալիզները և մեթոդները, որոնք միջոցով հայտնաբերվել է «Նովիչոկ» նյութը Նավալնիի օրգանիզմում:

Նավալնին կոմայի մեջ էր օգոստոսի 20-ից մոտ 19 օր, օգոստոսի 22-ին նրան Օմսկից տեղափոխել են Բեռլինի հիվանդանոց, Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ նրա օրգանիզմում հայտնաբերել են «Նովիչոկ» խմբի թունավոր նյութերի հետքեր: «Նովիչոկ»-ը համարվում է մարտական քիմիական զենք և արգելված է ամբողջ աշխարհում: 2018-ին «Նովիչոկ»-ով թունավորել էին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝ Յուլիային, ինչին հետևել էին արևմտյան, այդ թվում՝ ամերիկյան խիստ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

Հիշեցնենք՝ ռուս բժիշկները Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութ չէին հայտնաբերել, իսկ Ռուսաստանի իշխանություններն էլ թույլ էին տվել նրան տեղափոխել Բեռլին միայն երկու օր անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG