Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանն այսօր կքննարկի իրավիճակը Նավալնիի շուրջ


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Այսօր Եվրախորհրդարանը կքննարկի իրավիճակը Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շուրջ, ով, ըստ գերմանական իշխանությունների, թունավորվել է արգելված «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով:

Ակնկալվում է, որ պատգամավորները կողմ կքվեարկեն բանաձևին, թե ինչպես պետք է Եվիամիության իշխանություններն արձագանքեն տեղի ունեցածին:

Եվրախորհրդարանի կայքը տարբեր խորհրդարանական խմբերի կողմից մշակված փաստաթղթերի նախագծեր է հրապարակել, որոնցից մեկը վերաբերում է Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հետաքննություններում հայտնված անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Մեկ այլ նախագծով առաջարկվում է դադարեցնել Ուկրաինան շրջանցող «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որով ռուսական վառելիքն առաքվելու է Եվրոպա, նաև առաջարկվում է կրկին դուրս թողնել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովից:

Կրեմլի կոշտ քննադատի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց ընտանիքի համառ պահանջով նրան տեղափոխեցին Բեռլին, որտեղ Նավալնին ապաքինվում է «Շարիտե» հիվանդանոցում:

XS
SM
MD
LG