Մատչելիության հղումներ

«Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի ցանկացած պարագայում, վստահեցնում է Նովակը


«Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը Գերմանիայի տարածքում, մարտ, 2019թ.

Չնայած Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը մասնակցող ընկերությունների և անձանց նկատմամբ, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը համոզված է, որ խողովակաշարի կառուցման աշխատանքներն ավարտվելու են, և գազամուղն անպայման շահագործման է հանձնվելու։ Այդ մասին նա ասել է երեկ РБК-ին։

Շվեյցարական Allseas ընկերությունը դեկտեմբերի 21-ին հայտարարեց աշխատանքները դադարեցնելու մասին և իր նավերը հանեց Բալթիկ ծովի այն հատվածից, որտեղ ընթանում էին գազատարի կառուցման աշխատանքները։

Նովակը, սակայն, պնդում է, թե վաղաժամ է ասել, որ Allseas-ը չի կարողանա ավարտել «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարությունը։ «Աշխատանքները դադարեցվել են պատժամիջոցների ռիսկերը վերացնելու համար։ Ընկերությունը պարզաբանումներ է խնդրել Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունից, և միայն դրանք ստանալու դեպքում պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք ընկերությունը շարունակել աշխատանքները, թե՞ ոչ», - երեկ ասել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարը՝ հավելելով, որ 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ գազատարը կկառուցվի ցանկացած պարագայում։

Նովակի խոսքով՝ մնացել է կառուցել միայն 160 կիլոմետր. գազատարի ընդհանուր երկարությունն է 1200 կիլոմետր։

«Գազպրոմ»-ը նախատեսում է Ուկրաինան շրջանցող այս գազատարով Գերմանիա հասցնել եվրոպական երկրներին մատակարարվող ռուսական գազի շուրջ 25 տոկոսը։

Անցած շաբաթավերջին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծը, որը սահմանափակումներ է մտցնում «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» խողովակաշարերի շինարարությանը մասնակցող ընկերությունների և անձանց նկատմամբ։

Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ դիմելու է պատասխան քայլերի. այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Վաշինգտոնի որոշումը քննադատել է նաև Գերմանիան։

XS
SM
MD
LG