Մատչելիության հղումներ

Նավալնիի թունավորումը լուրջ ճգնաժամ է առաջացրել Ռուսաստան-ԵՄ հարաբերություններում


Գերմանիա - Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ ապաքինվում է Ալեքսեյ Նավալնին, սեպտեմբեր, 2020թ.

«Ո՞րն է պատճառը, որ ռուսական իշխանությունները թունավորում են Ալեքսեյ Նավալնիին, երբ նրա իրական վարկանիշը 2020 թվականի հուլիսին անկախ ոչ-պետական «Լևադա-Կենտրոն»-ի անցկացրած հարցման համաձայն կազմում էր 2 տոկոս». - սա մեջբերում է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնական բլոգից: Բլոգերներն այսօր սոցցանցերում ի պատասխան հարցնում են՝ իսկ եթե ընդդիմադիր գործիչը ունենար 50 տոկոս վարկանիշ, նրա թունավորումը Ռուսաստանի իշխանությունների համար ընդունելի՞ կլիներ։

Եվրամիությունում Ռուսաստանի ներկայացուցչությունը եվրոպացիներին մի շարք հարցեր է տալիս: Առաջինն այն մասին է, թե Ռուսաստանի իշխանություններն ինչո՞ւ պետք է Ալեքսեյ Նավալնիին թունավորեին արգելված «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութով, հետո փրկեին նրա կյանքը, հետո էլ ուղարկեին Բեռլին, որ այնտեղ հայտնաբերեն այդ «Նովիչոկ»-ը։ Սա, ի դեպ, Մոսկվայում ամենից հաճախ հնչող փաստարկն է, որ բերում են Ռուսաստանի իշխանության ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, պնդելով, որ Կրեմլին այդ թունավորումը ձեռնտու չէ, և եթե Կրեմլը մասնակից լիներ դրան, հաստատ թույլ չէին տա Նավալնիին Ռուսաստանից Գերմանիա տեղափոխել։

Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդի թունավորումը լուրջ ճգնաժամ է առաջացրել Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերություններում: Ռուսաստանի արտգործնախարարը չի կարողացել մեկնել ոչ Փարիզ, ոչ էլ Բեռլին, որտեղ սեպտեմբերի 14-15-ը նախատեսված էին նրա բանակցությունները իր եվրոպացի գործընկերների հետ։

Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր խոստացել է, որ Եվրամիությունն անպայման կպատասխանի ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորմանը: Նա այդ մասին ասել է՝ դիմելով Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու կողմնակիցներին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Նավալնիի հետ կատարվածն առայժմ ցույց է տալիս, թե ինչպես է Ռուսաստանն իրեն պահում համաշխարհային ասպարեզում։

Նախօրեին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն առաջարկել էր Ալեքսեյ Նավալնիի անունով պատժամիջոցային ռեժիմ անվանել՝ մարդու իրավունքների խախտման համար: Թե ինչ բովանդակություն կունենան այդ պատժամիջոցները, դեռ հայտնի չէ։ Ռուս-գերմանական հարաբերությունների կտրուկ վատթարացման հետևանքով, օրինակ, կարող են չեղարկվել «Հյուսիսային հոսք-2» գազատարի ավարտական փուլի աշխատանքները, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էին Գերմանիայի իշխանությունները։

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը կարծում է՝ եվրոպացիներին նախ և առաջ մտահոգում է այն փաստը, որ Ռուսաստանում շրջանառության մեջ են «Նովիչոկ» տիպի արգելված նյութերը. - «Նրանք ցանկանում են բացահայտել ոչ թե Նավալնիին թունավորողներին, այլ այն, թե ինչով են թունավորել Նավալնիին և որտեղ են վերցրել այդ թույները։ Քանի որ, եթե արգելված քիմիական զենքը շրջանառության մեջ է, ուրեմն այն ինչ-որ տեղ արտադրվում է»:

Վենեդիկտովը, ով միշտ շեշտում է, թե պարբերաբար շփվում է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, համոզված է՝ Մոսկվայում դեռ չեն հասկանում, որ ամենամեծ խնդիրը Կրեմլի համար ոչ թե Նավալնիի դեմ մահափորձն է, այլ՝ մահափորձի ձևը։ «Մեզ մոտ դա չեն հասկանում, մեզ մոտ ավելի շատ Նավալնիի մասին են խոսակցությունները։ Ահա նրանք ուզում են մեզ Նավալնիի պատճառով պատժամիջոցներ պարտադրել։ Իսկ իրականում դա այդպես չէ։ Այ, եթե Նավալնիի վրա կրակեին ու ծանր վիրավորեին, այսինքն՝ նա հիվանդանոց կընկներ, արձագանքը հարյուր անգամ ավելի հանգիստ ու քիչ կլիներ», - պնդել է «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիրը:

Կրեմլի կոշտ քննադատ Ալեքսեյ Նավալնին երեկ հրապարակել էր առաջին լուսանկարը Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում ու փոքրիկ գրառում արել, որ ապաքինվում է և նույնիսկ մի ամբողջ օր ինքնուրույն է շնչել։ Նրա թիմակիցները երեկ ասել են, որ Նավալնին ապաքինվելուց հետո, չնայած բոլոր վտանգներին, վերադառնալու է Ռուսաստան, իսկ Նավալնիի՝ թունավորումից հետո Ինստագրամում թողած առաջին գրառումը մի քանի ժամում միլիոնից ավելի լայքեր էր հավաքել։

Ընդդիմադիր գործչի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, օդանավը արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, և Նավալնիին տեղափոխել էին տեղի շտապ օգնության հիվանդանոց: Երկու օր անց Նավալնիի ընտանիքի համառ պահանջով նրան տեղափոխեցին Բեռլին։ Իսկ Գերմանիայի կառավարությունն ավելի ուշ հայտարարեց, որ Նավալնիին թունավորել են արգելված «Նովիչոկ» տիպի նյութով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG